// IP Marketing video - START// IP Marketing video - END
14-ամյա «Ոսկե ծիրանը»

14-ամյա «Ոսկե ծիրանը»

Ինչպես մեկնարկեց գլխավոր հայկական կինոփառատոնը

14-րդ «Ոսկե ծիրանը» Երևանում է հավաքել ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների և կնոյի աշխարհի այլ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից:

PanARMENIAN.Net - Նոր աստղեր Երևանի փառքի ճեմուղում

«Ոսկե ծիրանը» մեկնարկել է Ազնավուրի հրապարակում հայ կինոյի 3 նվիրյալի՝ Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի և Յուրի Երզնկյանի աստղերի բացման արարողությամբ:

«Դովլաթյանը, Իսրայելյանը, Երզնկյանը մարդիկ են, որոնք նշանակալի ավանդ ունեն 20 դարի 60-80-ականների հայ կինոյի զարգացման գործում: Մենք մեծացել, աշխատել ենք նրանց ֆիլմերի ազդեցության տակ, և գլխավորը, նաև նրանց հետ մասնագիտական և անձնական մարդկային շփման շնորհիվ»,-ասել է լրագրողներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Արարողությանը ներկա էին նաև նրանց հարազատները, որոնք չէին թաքցնում հուզմունքը:

Ըստ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, հայ վարպետների «աստղերը» կհավերժացնեն նրանց հիշատակը՝ նոր սերունդներին փոխանցելով նրանց երևակայությունն ու աշխարհընկալումը:

Ֆրունզե Դովլաթյան խորհրդային շրջանի դերասան և ռեժիսոր է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, («Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ»): Սերգեյ Իսրայելյանը հայտնի օպերատոր է, սցենարիստ և ռեժիսոր («Գիքոր», «Սպիտակ անուրջներ»), Յուրի երզնկյան՝ ռեժիսոր, սցենարիստ, բեմադրիչ («Առաջին սիրո երգը» և «Խաթաբալա»):

ԼԳԲՏ հետ կապված սկանդալը

Դեռ կարմիր գորգով անցումից առաջ Ազնավուրի հրապարակում մի խումբ մարդիկ հայտնվեցին «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով:

Ակցիան պայմանավորված էր նրանով, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրան-2017»-ի ծրագրից հանվել է ԼԳԲՏ հետ կապված 2 ֆիլմ՝ «Ծիրանի այգիներն» ու «Լսիր ինձ»:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՀՀ ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը, այդպիսի որոշումը կապված էր ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ և կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան հետ: «Քանի որ նրա գործընկերները սգում են, այդպիսի ֆիլմերի ցուցադրությունն անտեղի կլիներ»,-ասել էր Խաչատրյանը:

Հայկական կինոն՝ աշխարհին

«Մոսկվա» կինոթատրոնում կինոփառատոնի բացման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ «Ոսկե ծիրանը» բացահայտում է Հայաստանն աշխարհի համար և նպաստում է հայկական կինոյի տարածմանը: «Մենք կինոյի մասին նոր օրենք ենք մշակել և վստահ ենք, որ Հայաստանն ավելի հետաքրքիր կդառնա կինոյի տեսակետից»,-ասել է նախարարը:

Ըստ նրա, կինոն պետք է բացահայտի մարդու սիրտը, ոչ թե մերկ մարմինը: «Մենք խորապես համոզված ենք, որ «Ոսկե ծիրանը» կարող է այն շոգեքարշը դառնալ, որը, ինչպես Լյումյեր եղբայրների ֆիլմում, իր հետևից կտանի ամբողջ մշակույթը»,-ասել է Ամիրյանը:

Ըստ նրա, փառատոնը լավ հարթակ է տարբեր երկրների կինոգործիչների շփման համար:

Ներկայացվեցին ժյուրիի անդամները, որի կազմում են օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնը (Մեծ Բրիտանիա), Բեռլինի կինոփառատոնի հաղթող, ռեժիսոր Իլդիկո Էնյեդին (Հունգարիա), «Ոսկե ծիրանի» դափնեկիր, 37 կինոմրցանակների դափնեկիր, ռեժիսոր Սիրո Գերան (Կոլումբիա), ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոն (Ռուսաստան):

Ընտրված ֆիլմերից հատվածներով տեսահոլովակի ցուցադրությունից հետո «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բացեցին կինոփառատոնը՝ հավելելով, որ արդեն սկսում են պատրաստվել 15-ին: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշը», որի ցուցադրության համար հայտնի երաժիշտ Վահագն Հայրապետյանը երաժշտություն էր գրել:

«Ոսկե ծիրանը» կանցնի հուլիսի 9-16-ը «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսով: Փառատոնի օրերին Երևանը կդառնա համաշխարհային կինոյի մայրաքաղաքը՝ ցուցադրություններ կլինեն բաց երկնքի տակ, իսկ ժյուրին կգնահատի 47 ֆիլմ, որոնք ընդգրկվել են մրցութային ծրագրում: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում 100 ֆիլմ կցուցադրվի, որոնցից շատերը 2017-ի լավագույն համաշխարհային ֆիլմերից են:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Միջնադարյան ամրոցի մուտքը վճարովի կդառնա
Սերգեյ Մանուկյանը երևանյան նոր միտումների մասին
Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ-ն «Օսկարի» է ներկայացրել ռուսաստանցի ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմը

ՀՀ-ն «Օսկարի» է ներկայացրել ռուսաստանցի ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմը Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում

 Բաժնի այլ նյութերը
Տարվա ամենաէպիկ երաժշտական փառատոնը EPIC EYE-ը կտեղափոխի մասնակիցներին այլ իրականություն
Կրկեսի հին շենքում Ենգիբարյանը զուգարանի հերթ էր կանգնում Դերասանները վերջապես «մարդավարի» կաշխատեն
Տարվա «ամենալուսնային» միջոցառումը 9 պատճառ Absolut Moon Stage-ը բաց չթողնելու համար