Խմելուց որքան ժամանակ անց է կարելի մեքենա վարել

Խմելուց որքան ժամանակ անց է կարելի մեքենա վարել

Ալկոթեստերի օգտագործման մասին

Ալկոթեստերներ արտադրող հայկական ընկերությունն ավելացնում է արտադրության ծավալները և ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն է ստացել: Այս առթիվ PanARMENIAN.Net-ը որոշել է անդրադառնալ հարցին, թե իրականում ալկոհոլ օգտագործելուց որքան ժամանակ անց է կարելի մեքենա վարել և արյան մեջ դրա որ քանակությունն է թույլատրելի:

PanARMENIAN.Net - Ալկոթեստերները որոշում են մարդու արտաշնչած 1լ օդի մեջ էթիլ սպիրտի պարունակությունը: Այն հաշվում է տոկոսային տրամաբանությամբ, սակայն քանի որ օդի մեջ էթիլ սպիրտի պարունակությունն անգամ բավական թունդ արբածության դեպքում շատ փոքր թիվ է կազմում, կիրառվում է պրոմիլ հասկացությունը. 1 պրոմիլը տոկոսի տասնորդական չափն է, այսինքն՝ 1/10 %:

Սթափ է/չէ

Հայաստանում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 պրոմիլից ավելի է:

Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:

Համացանցում տարբեր աղյուսակներ կան, որոնց միջոցով կարելի է հաշվել, թե, օրինակ, որքան պրոմիլ է կազմում ալկոհոլի քանակն արյան մեջ 1 շիշ գարեջուր կամ 0.5 լ օղի խմելուց հետո:

Այսպես, արյան մեջ ալկոհոլի քանակի որոշման աղյուսակները ցույց են տալիս, որ, օրինակ, 0.5 լ օղի խմելուց անգամ 15 ժամ անց արյան մեջ ալկոհոլի քանակը կամում է 0.48 պրոմիլ, իսկ մեքենա կարելի է վարել 17 ժամից ոչ շուտ: Ստացվում է, որ եթե երեկոյան ժամը 21:00-ին կես լիտր օղի եք խմել, ղեկին կարող եք նստել ոչ շուտ, քան հաջորդ օրը ժամը 14:00-ն, քանի որ առավոտյան ժամը 9-ին արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կլինի դեռևս մոտ 0.7 պրոմիլ, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:

0.33լ օղու դեպքում ղեկին կարելի է նստել ալկոհոլ օգտագործելուց նվազագույնը 14 ժամ անց:

Գարեջրի թույլ տեսակների դեպքում, եթե օգտագործել եք 0.5 լ և կշռում եք մոտ 80 կգ, ղեկին կարող եք նստել 3 ժամից ոչ շուտ, իսկ դրա թունդ տեսակների դեպքում ստիպված կլինեք սպասել նվազագույնը 4.5 ժամ:

Ի դեպ, օրգանիզմից ալկոհոլի դուրս գալու ժամանակահատվածը հակադարձ համեմատական է մարդու քաշին. որքան նիհար է անձը, այնքան երկար ժամանակ է պահանջվում, և հակառակը: Օրինակ՝ 0.5 լ օղի խմելու դեպքում մոտ 60 կգ կշռող տղամարդը ղեկին կարող է նստել 29 ժամից ոչ շուտ, իսկ 100 կգ-ից ավելի դեպքում՝ «ընդամենը» 17.5 ժամ: Ի դեպ, կանանց մոտ այս գործընթացն ավելի դանդաղ է ընթանում՝ մոտ 1 ժամ ավելի երկար ժամանակ է պահանջվում:

Տուգանքները

ՀՀ-ում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100.000 դրամով: Եթե վարորդի՝ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը(պրոմիլը), տուգանքը կկազմի 150.000 դրամ: Ի դեպ, զննությունից խուսափելը ևս տուգանվում է նույն չափով՝ 150.000 դրամ, իսկ տուգանվելուց հետո մեկ տարվա ընթացքում հանցանքը կրկնելու դեպքում կզրկվեք վարորդական իրավունքից՝ 12 ամսով:

Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն: Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (բուժհաստատություն) կողմից:

Սթափեցնող վիճակագրություն

Ամբողջ աշխարհում ավտոտրանսպորտային միջոցների վթարների ավելի քան մեկ երրորդը տեղի է ունենում վարորդների ոչ սթափ լինելու պատճառով: Հետազոտություններով պարզված է, որ 150-200գ օղի օգտագործելու դեպքում աշխատանքային առաջին ժամվա ընթացքում վարորդի կատարած սխալների թիվը ավելանում է 30%-ով, իսկ երկրորդ ժամվա ընթացքում՝ 50%-ով:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---