48  22.09.17 - «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերան Երևանում
Թերի Ջորջ

Թերի Ջորջ

Օսկարակիր դերասան, ով հույս ունի դեռ շատ անգամ Հայաստան այցելել

Սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերային թատրոնի լույսերը մարեցին՝ ազդարարելու «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերայի սկիզբը՝ հիմնված Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի և դրանում հնչող երաժշտության վրա:

PanARMENIAN.Net - Երբ ներկայացումն ավարտվեց, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը ողջունեց հավաքվածներին, որից հետո ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը շնորհակալություն հայտնեց հայերին՝ որպես ստեղծագործության իրական հեղինակի:

Հազիվ էր վարագույրն իջել, երբ օսկարակիր դերասանին շրջապատեց երկրպագուների և պարողներ մի հոծ բազմություն: Հանդիսատեսի մի մասը, ներկայացման մասնակիցներն ու լրագրողները հավաքվել էին հետնաբեմում և փորձում էին հայտնվել աշխարհահռչակ կինոռեժիսորի կողքին, որը համեստորեն ժպտում էր, պատասխանում հարցերին և անկեղծ շփվում մարդկանց հետ:

PanARMENIAN.Net ը հասցրեց մի քանի հարց ուղղել Ջորջին, ով պատմեց թուրք անհատներից ստացած՝ «Խոստումը» ֆիլմի մասին դրական ու բացասական արձագանքի, Հայաստան այցի ամենակարևոր հատվածի ու ապագա պլանների մասին:

«Թուրք անհատներից արձագանքներ եղել են: Նրանցից ոմանք պնդում էին, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, մինչդեռ ուրիշները ներողություն էին խնդրում և պատմում, որ ֆիլմից են հասկացել ողբերգության իրական մասշտաբը»,- ասաց սցենարիստը և ավելացրեց, որ ոչ մի արձագանք չի ստացել թուրքական իշխանություններից կամ համայնքից:

«Բայց ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Ես միշտ այնպես եմ անում, որ իմ ֆիլմերում արտացոլվող փաստերը ճշմարիտ և ճշգրիտ լինեն: «Խոստումը» ֆիլմում մենք գեղարվեստական սիրո պատմություն հորինեցինք, որպեսզի ավելի հեշտ կրթենք դիտորդին, քանի որ կինո նկարելիս նաև այդ նպատակն ունես: Բայց միշտ հետևում եմ, որպեսզի քաղաքական և մարդասիրական իրավիճակները փաստացի ճշգրիտ մնան»,- պատմեց ֆիլմի հեղինակը:

«Խոստման» թողարկմանը հաջորդած արձագանքների մասին խոսելիս Ջորջն ասաց, որ ինքն իր համար, այսպես ասած, մանտրա է մշակել. ինչպե՞ս կաշխատի ֆիլմը Իլինոյսի նահանգի Պեորիա քաղաքում:

«Քննադատները միակարծիք չէին, սակայն մարդկանց դուր եկավ այս պատմությունը, ուստի Պեորիայում ֆիլմը կարող ենք ստացված համարել»,- ասաց նա:

20-րդ դարի առաջին և վերջին ցեղասպանությունների մասին պատմող ֆիլմերի հեղինակը պլանավորում է ապագայում էլ վերադառնալ նմանատիպ թեմայի և նույնիսկ սկսել է բանակցել «Անհետացում Դամասկոսում» գրքի հեղինակ Դեբրա Քեմփբելի հետ ստեղծագործության էկրանավորման համար:

Նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ է հայկական կինեմատոգրաֆից և, առհասարակ, դիտե՞լ է հայկական կամ Ցեղասպանությանն առնչվող ֆիլմեր, ինչին ի պատասխան կինոռեժիսորը գլխով արեց և նշեց թեմայի մասին պատմող ամենահայտնի ու դիտված ֆիլմերից մի քանիսը. Ատոմ Էգոյանի «Արարատը», Ֆաթիհ Աքինի «Սպին», Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկան»:

Երևանում անցկացրած առաջին հագեցած օրվանից հետո Ջորջը պատմեց, որ պլանավորում է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես 4 տարի առաջ, ծառ տնկել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Նաև պիտի կաթողիկոսին և մի շարք այլ մարդկանց հանդիպեմ, ուստի այստեղ բավականին շատ անելիքներ ունեմ»,- ասաց «Խոստումը» ֆիլմը ստեղծողը:

Վերջին հարցին էլ, թե պատրաստվում է արդյոք Հայաստան վերադառնալ, կինոռեժիսորը պատասխանեց հստակ և հակիրճ. բազմաթիվ անգամ:

Երեկոն կազմակերպել էր Հայաստանի Ընդհանուր Բարեգործական Միությունը (ՀԲԸՄ):

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---