3D մոդելավորման կենտրոններ` հեռավոր համայնքներում

3D մոդելավորման կենտրոններ` հեռավոր համայնքներում

Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները

Երբ ավանդական բիզնեսի հիմքում ոչ միայն գերշահույթ ապահովելու, այլ նաև սոցիալական խնդիրների լուծման, համայնքի զարգացման տեսլականն է, ուրեմն գործ ունենք սոցիալական ձեռներեցության հետ: Աշխարհում տասնամյակներ առաջ գոյություն ունեցող բիզնեսի այս մոդելին Հայաստանում շատերս ծանոթ չենք: Սրան զուգահեռ մեր իրականությունում քիչ չեն անհատները, ովքեր զբաղվում են սոց. ձեռներեցությամբ՝ ծառայեցնելով իրենց բիզնես գաղափարները նաև ի շահ հանրության խոցելի շերտերի:

PanARMENIAN.Net - «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ-ի համահիմնադիր Սամվել Խաչատրյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում «Համայնքային զարգացում՝ ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակում 3D մոդելավորման և ծրագավորման մասնագետներ են պատրաստում. նրանք ապահովվելու են աշխատանքով և իրենց կողմից ստեղծված եռաչափ մոդելները իրացնելու են ներքին և արտաքին շուկայում՝ ծրագրի շրջանակում նախագծվող 3D-Jewellery հարթակի միջոցով:

Ուզում ենք ՀՀ-ն դարձնել ոլորտի մասնագետների մատակարար աշխարհում

Ծրագրի շրջանակում անվճար հիմունքով պատրաստվել է մոտ 20 մասնագետ՝ Նոյեմբերյան և Ամասիա համայնքներում։ Ուսուցման ավարտից հետո, տեստավորման արդյունքում ընտրված լավագույն մասնագետների հետ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր։

«Գյուղական համայնքում բնակվող սոցիալապես անապահով քաղաքացու համար սա մեծ հնարավորություն է, առանց իր առօրյայից կտրվելու, շարունակելով զբաղվել գյուղատնտեսությամբ, տանը համակարգչի օգնությամբ հավելյալ գումար վաստակել սեփական և համայնքային կարիքները հոգալու համար», - ասում է Սամվել Խաչատրյանը:

Համայնքներում զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված նախաձեռնություններից զատ, ձեռնարկության եկամուտների գերակշիռ մասը տրամադրվելու է շրջակա միջավայրի պահպանությանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Նախատեսվում է նաև սերտ համագործակցություն ՏԻՄ-երի հետ:

Մրցունակ արտադրանք՝ ներքին և արտաքին շուկայի համար

Ծրագրի շրջանակում հիմնական ստեղծվում են ոսկեգործական, զարդարվեստի, փայտամշակման, կահույքագործական ոլորտների ինժիներական եռաչափ մոդելներ, որոնք օգտագործվում են եռաչափ տպագրության և թվային ղեկավարմամբ մեքենաների (cnc) աշխատանքում։

«Դրանց միջոցով ստեղծվում են արտադրական նմուշներ կամ նախատիպեր։ ՀՀ-ում գործում են մինչև մի քանի հազար անհատ ոսկերիչ և ոսկերչական արտադրամասեր, որոնք մշտապես կարիք ունեն նոր արտադրական մոդելների»,- ասում է Խաչատրյանը:

Մեր միջավայրի բարելավումը կախված է մեզանից

Ըստ ծրագրի հեղինակների, սոց. ձեռներեցությունը բիզնեսի այն մոդելն է, որը ցույց է տալիս՝ որքան մեծ կարող է լինել յուրաքանչյուրիս դերը հասարակության զարգացման գործում: «Մեր միջավայրը, համայնքը՝ իր դրական և բացասական կողմերով, ձևավորվում է մեր ապրելակերպի և կյանքի նկատմամբ ունեցած տեսլականի արդյունքում»,- վստահ է Սամվել Խաչատրյանը:

Սոց. ձեներեցության ոլորտը ՀՀ-ում դեռևս սաղմնային վիճակում է

Ոլորտը, ըստ Խաչատրյանի, ունի բազմաթիվ խնդիրներ. տեղեկատվության պակասը դրանցից մեկն է՝ շատերը հիմնականում կամ տեղյակ չեն, կամ էլ ամբողջական պարկերացում չունեն բիզնեսի այս մոդելից:

«Օրենսդրական համապատասխան կարգավորումներ են անհրաժեշտ ոլորտը նախ տարատեսակ արկածախնդիրներից հեռու և անբասիր պահելու համար, ապա ոլորտում գործող սուբյեկտների համար համընդհանուր կանոներ սահմանելու համար: Հարկավոր է նաև ինչ-որ կերպ խրախուսել երկրում սոց. ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներին», - ասում է Խաչատրյանը:

Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---