Փաբերը բարձրացել են ջազի մակարդակին

Փաբերը բարձրացել են ջազի մակարդակին

Սերգեյ Մանուկյանը երևանյան նոր միտումների մասին

Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին, ինչպես նաև հայկական ջազի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 22-ին Երևանում ջազային երաժշտության երեկո էր, որը մեկ բեմում էր հավաքել հայտնի ջազմեններին: Հրավիրված աստղերի թվում էր նաև հայտնի ռուսաստանցի ջազ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը:

PanARMENIAN.Net - Հարվածային գործիքների վրա նվագող և ստեղնահար, ձայնի ճանաչելի տեմբրով մենակատար և կոմպոզիտոր Մանուկյանին իրավամբ ջազի մարդ-նվագախումբ են անվանում իր բազում տաղանդների և ջազ արարելու բացառիկ ունակության համար: Yerevan2800.am-ն օգտվեց առիթից ու ելույթից առաջ մի քանի հարց ուղղեց երաժշտին:

Սերգեյ Մանուկյանը ծնվել է 1955-ի մարտի 15-ին՝ Գրոզնիում: Նրա երաժշտական կարիերան սկսվել է 12 տարեկանում, երբ Մանուկյանը հանդես էր գալիս ջազային նվագախմբերի հետ, նվագում էր թմբուկների վրա Չեչենական Հանրապետության պետական հեռուստառադիոյի նվագախմբում: Հետո սովորել է Գրոզնիի երաժշտական ուսումնարանում հարվածայինների դասարանում, որը 1975-ին ավարտելուց հետո, երկար ժամանակ հանդես է եկել Շիշկինի եռյակի հետ Գորկի քաղաքում (Նիժնի Նովգորոդ): 80-ականների սկզբին Մանուկյանը տեղափոխվել է Տալլին, որտեղ հանդես է եկել «Ավիցեննա» ջազային ռոք-խմբում: Համույթը մասնակցել է ջազ երաժշտության բոլոր համամիութենական ստուգատեսներին և մեծ հաջողություն է ունեցել: Այն ժամանակ էլ Մանուկյանն առաջին անգամ որպես մենակատար հանդես եկավ: Առաջին անգամ այդ դերում նա ներկայացավ հանդիսատեսին 1981-ին՝ Ռիգայի ջազ փառատոնին: Նրա ելույթն ապշեցրեց բոլորին և երաժշտագետ քննադատները միաձայն նրան թիվ մեկ ջազային կատարող հռչակեցին:

Խոսելով իր ստեղծագործական ճանապարհի մասին՝ Մանուկյանը նշեց, որ իր վրա մեծ ազդեցություն են գործել բազում ջազ երաժիշտներ:

«Սերը երաժշտության հանդեպ սերում է դասական երաժշտությունից: Ես չեմ ընկալում երաժշտությունն անուններով, թեև շատ եմ գնահատում մեծագույն երաժիշտներին, սակայն, չեմ անձնավորում: Նրանք երաժշտություն են կատարում, ես էլ եմ ուզում կատարել», - կատակեց երաժիշտը:

Ըստ նրա, երաժշտությունն օժանդակության կարիք ունի. «Պետք է, որ երաժշտությունը լինի, իսկ դրա համար հարկավոր է անել ամենը՝ նյութապես կամ այլ կերպ: Պետք է օգնել մարդկանց, որոնք արարում են այդ երաժշտությունը: Կարևոր չէ, թե ինչպես ես անում դա՝ երգում ես, նվագում, ուղղակի ինչ-որ մեկի համար բարձրախոսն ես պահում: Պետք է նպաստել, որ երաժշտությունը հնչի»:

Մանուկյանը կիսվեց իր ստեղծագործական ծրագրերով՝ նշելով, որ ընթացիկ տարում նոր ալբոմ է ձայնագրելու ստուդիայում:

Խոսելով հայկական ջազի 80-ամյակի մասին՝ երաժիշտն ուրախությամբ նշեց, որ երկրում շատ են տաղանդավոր երիտասարդ ջազ կատարողները:

«Երաժշտությունը ժամանակից վեր է: Երաժշտության համար միևնույն է՝ Խորհրդային Միություն է, թե ազատ Հայաստան: Այն կամ գալիս է, կամ ոչ», - ասաց Մանուկյանը:

Խոսելով ջազի ակտուալացման մասին՝ երաժիշտն ասել է. «Ջազը ձկան է նման: Եթե ձուկն ամբողջությամբ աղապատես, միևնույն է, այնքան աղ կկլանի, որքան պետք է: Այդպես էլ ջազը՝ ընկալում է այն, ինչ պետք է, ավելորդ ոչինչ չի վերցնում»:

Մանուկյանը նաև ընդգծեց, հայերը շատ տաղանդաշատ են երաժշտության ասպարեզում՝ և որպես ունկնդիրներ, և որպես երաժիշտներ:

Խոսելով Հայաստանի մայրաքաղաքի մասին՝ 1991-ից Մոսկվայում բնակվող Մանուկյանը նշեց, որ Երևանը պարուրված է լավ երաժշտությամբ:

«Երևանում ինձ ինչպես տանն եմ զգում: Այստեղ են ապրում քույրերս, զարմուհիս, այստեղ շատ են մարդիկ, որոնց հետ ես ինձ լավ եմ զգում»,- եզրափակեց երաժիշտը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Երևանի նոր թրենդին՝ փոքր փաբերում հնչող ջազին՝ Մանուկյանն ասել է, որ դրական է գնահատում այդ երևույթը:

«Դա ոչ թե ջազն է իջել փաբերի մակարդակին, այլ փաբերն են բարձրացել ջազի մակարդակին»,-ասել է երաժիշտը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---