Տարվա ամենաէպիկ երաժշտական փառատոնը

Տարվա ամենաէպիկ երաժշտական փառատոնը

EPIC EYE-ը կտեղափոխի մասնակիցներին այլ իրականություն

Օգոստոսի 17-19-ը Ծաղկաձորում տեղի կունենա Epic Eye երաժշտության և արվեստի բացօթյա փառատոնը:

PanARMENIAN.Net - Եռօրյա միջոցառման ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու ռոք և էլեկտրոնային երաժշտություն, գեղեցիկ բնություն, վրանային հանգիստ, շփում բազմաթիվ ընկերների և նոր մարդկանց հետ, արվեստ, մարզումներ և այլ հետաքրքիր զբաղմունքներ:

PanARMENIAN.Net ը զրուցել է փառատոնի կազմակերպիչ Գևորգ Ավետիսյանի հետ՝ պարզելու միջոցառման բոլոր մանրամասներն ու դեռևս անհայտ գաղտնիքները:

Կրթական նախագծից մինչև երաժշտական փառատոն

2016-ից սկսած կրթական նախագիծ էինք իրականացնում, որի նպատակն էր ՀՀ բերել այլազգի ուսանողների: 2016-ին հաջողվեց մոտ 80 ուսանողի բերել: Մեր ամառային դպրոցի նպատակներն էին նպաստել երիտասարդների շրջանում ՀՀ ճանաչելիության աճին, երկիր ուսանողների հոսքի մեծացմանը, ՀՀ բուհերում այլազգի ուսանողների ուսումնառության թվի ավելացմանը, ինչպես նաև մեր առջև նպատակ ենք դրել նպաստել ՀՀ ներառմանը կրթական տուրիզմի համաշխարհային քարտեզում և զարգացնել ՀՀ-ում կրթական տուրիզմը:

2017-ից նախագծի ռեբրենդինգ իրականացրինք, նախագիծը ստացավ EPIC (educate-կրթել, play-խաղալ, inspire-ոգեշնչել, create-ստեղծագործել) անվանումը: Այդ տարի մոտ 150 ուսանող բերեցինք տարբեր երկրներից: Ծրագիրը տևեց 20 օր, անցկացվում էր Ծաղկաձորում: Վերջում խնդիր առաջացավ ծրագիրը եզրափակելու ավարտական միջոցառման միջոցով: Հանդիպեցինք Հայկական ռոք ասոցիացիայի նախագահի հետ, և որոշեցինք անել միջացառումը ոչ միայն մեր ուսանողների համար, քանի որ ծախսերը շատ մեծ էին, այլ անել բաց, որ բոլորը կարողանան մասնակցել: Մոտ մեկ ամսվա ընթացքում կազմակերպեցինք ամեն ինչ բարձր մակարդակով: Մեր առջև խնդիր էինք դրել ունենալ 1000 մասնակից, ունեցանք մոտ 2000: Փառատոնը ճանաչվեց ԱՊՀ տարածքում 5 լավագույն փառատոններից մեկը, և դրա մասին գրեցին շատ լրատվամիջոցներ: Այդպես ուշադրություն հրավիրվեց նաև Ծաղկաձորի վրա, որտեղ անցկացվում էր փառատոնը: Մենք հասանք մեր առջև դրված բոլոր նպատակներին:

2018-ին կայանալիք փառատոնի մասին

Այս տարի սկսել ենք պատրաստվել փառատոնին 6 ամիս շուտ: Գործակցում ենք «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հետ: Ուզում ենք վերականգնել Հայաստանում վստահությունը փառատոնների հանդեպ: Այժմ առաջնային է էքսկլյուզիվությունը. նախատեսում ենք, որ նախագիծը տարեցտարի կաճի, կզարգանա, ավելի ճանաչելի կդառնա, ուստի պիտի լինի տարբերվող, այդ իսկ պատճառով որոշակի անվանափոխություն արեցինք: Հիմա նախագիծը կոչվում է EPIC EYE: Մեր տարբերանշանը աչքն է, հիմքում երրորդ աչքի գաղափարն է ընկած: Նպատակ ունենք ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ մարդը կկտրվի իրականությունից, «կբացվի» նրա երրորդ աչքը, և մարդն ավելի ուժգին կզգա երաժշտության ու արվեստի էպիկ ուժը:

Նման մասշտաբի, այդքան հայտնի արտիստներով փառատոն Հայաստանում դեռ չի եղել: Ուզում ենք հասնել միջազգային ճանաչման, որը կնպաստի նաև երկրում մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:

3 օր ռոք և էլեկտրոնային երաժշտություն` աշխարհահռչակ հեդլայներներով

Աշխարհում էլեկտրոնային երաժշտության փառատոններն ավելի հայտնի են ու տարածված, ուստի այս տարի որոշեցինք ավելացնել նաև այդ բաղադրիչը: Եռօրյա փառատոնի առաջին օրը նվիրված է լինելու էլեկտրոնային երաժշտությանը: Հեդլայներները կլինեն Ten Walls-ը, Paji-ն, Tube & Berger-ը, որոնք միջազգային հայտնի փառատոններին նվագելու մեծ փորձ ունեն, կունենանք նաև այլ հայտնի արտիստներ, ինչպես նաև հայ երաժիշտներ: Երկրորդ օրը կլինի ռոք, երրորդ օրը՝ ալտերնատիվ ռոք: Տեղական բենդերից ելույթ կունենան «Դոգման», Vordan Karmir-ը, Nemra-ն, Lelocity-ն, հեդլայներներից՝ հոլանդական Vuur-ը, հունական Poem-ը, նորվեգական Leprous-ը, վրացական Lady Heroine-ը, ֆրանսիացի Pierre Edel-ը: Ցանկը դեռ համալրվում է:

Երաժշտություն, արվեստ, էքստրիմ, վրաններ և ՀՀ ամենամեծ բեմը

Այս տարի, բացի երաժշտությունից, մեծ շեշտ ենք դրել նաև ժամանցի վրա: Տարածքը մոտ 7-8 հազար հեկտար է: Գործելու է 3 բեմ, գլխավոր բեմը կլինի ՀՀ ամենամեծ բեմը՝ դեկորներով, հետաքրքիր վիզուալիզացիայով: Երկրորդ բեմը նախատեսված կլինի ակուստիկ ելույթների համար, իսկ երրորդը՝ էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար:

Մեր հյուրերին սպասում է նաև բազմազան ժամանց՝ սկսած էքստրեմալ հանգստից մինչև առավոտյան յոգա, բացօթյա վոլեյբոլ, ֆուտբոլ: Կարևորում ենք արվեստի բաղադրիչն ամեն ինչում: Կունենանք 2 մեծ բար, տեղում կինոդիտումներ կիրականացնենք մեծ էկրանով, հյուրերը հնարավորություն կունենան օգտվելու նաև մեծ օլիմպիական լողավազանից: Փորձելու ենք ամեն կերպ հագեցնել մարդկանց օրերը: Տարածքում գործելու են սննդի կետեր տարբեր ճաշակի տեր մարդկանց համար՝ մսակերներից մինչև բուսակերներ:

Տարածքում լինելու են տարբեր արտ դեկոներ ու արտ պերֆորմանսներ, որոնք իրականացվելու են ժամանակակից արտիստների կողմից: Ունենալու ենք նաև 2 վրանային գոտի. մեկում մարդիկ գիշերելու են սեփական վրաններով, մյուսում՝ մեր տրամադրած վրաններով:

Տոմսերի մասին

Գործելու են տոմսեր՝ նախատեսված 3 օրվա համար, որոնք փառատոնի բոլոր տարածքներ անսահմանափակ մուտքի ու ելքի հնարավորություն կտան՝ բացառությամբ հատուկ հատվածի: Այդ տոմսերը կարժենան 10.000 դրամ: Մեկօրյա տոմսեր որպես այդպիսին չեն լինելու, այսինքն՝ մեկ օրով գալու դեպքում ևս վճարելու են 10.000 դրամ: Տոմսերը կվաճառվեն մեր կայքում, ինչպես նաև երևանյան հայտնի փաբերում: Մենք կիրագործենք նաև փոխադրումը Երևանից և հակառակ ուղղությամբ, կգործեն նաև հավելյալ վճարովի ծառայություններ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---