«Սանիթեքի» սեփականատերը՝ աղբահանության վիճակի մասին

«Սանիթեքի» սեփականատերը՝ աղբահանության վիճակի մասին

Այո, մենք պատասխանատու ենք

Մայրաքաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը հուլիսի 17-ին տարածեց հայտարարություն՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ «Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասված էր հայտարարությունում։

PanARMENIAN.Net - Աղբահանության ոլորտում առաջացող խնդիրների, ստեղծված իրավիճակի ու դրա պատճառների մասին PanARMENIAN.Net ը զրուցեց ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ: Մեր զրուցակիցը հայտնեց, որ վերջին ժամանակները ընկերությունը որոշել էր մեդիայից դուրս լինել՝ ելնելով վերջին չորս ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունների ֆոնին «Սանիթեքի», որպես միջազգային կազմակերպության, գործելաոճից, համաձայն որի ընկերությունը քաղաքականության մեջ չի մտնում, այլ զբաղվում է միայն մարդկանց սպասարկելով:

«Մեզ համար տարբերություն չկա՝ ով է իշխանության, մեզ համար կարևորը մարդկանց ծառայություններ մատուցելն է: Բնականաբար, մենք կողմ ենք ժողովրդավարությանը, և ընկերության շատ աշխատակիցներ այդ օրերին մասնակցել են հանրահավաքներին, սակայն նրանք միաժամանակ գիտակցել են, որ անկախ ամեն ինչից «Սանիթեքը» պետք է աշխատի: Այդ օրերին հաճախ փոխել ենք մեր գրաֆիկն ու երթուղիները մայրաքաղաքով, եղել են դեպքեր, երբ ավտոմեքենաները նորոգվել և լիցքավորվել են հենց փողոցների վրա: Եվ այդ օրերին մայրաքաղաքում մաքրություն իրականացնելը մեծ գումարներ է արժեցել ընկերության համար: Այս պահին մենք ունենք ավելի քան 2000 վնասված աղբաման. ընդ որում՝ դա արել էին ոչ թե ցույցերի մասնակիցները, այլ ինչ-որ դիմակավորված սադրիչներ: Եղել են դեպքեր, երբ ցույցերի մասնակիցներն ուղղակի թույլ չեն տվել սադրիչներին վնասել աղբամանները, օրինակ՝ Աբովյան փողոցի վրա»,- նշում է Թավիլը:

Սակայն ամենամեծ խնդիրը, որի հետ բախվում է ընկերությունն ամենօրյա աշխատանքում, Նուբարաշենի աղբավայրն է: Նիկոլաս Թավիլի խոսքով՝ ամեն օր 3-5 աղբատար ավտոմեքենա է վնասվում աղբավայրի ճանապարհների պատճառով:

Ընկերության ղեկավարը նշում է, որ բազմաթիվ աղբարկղեր վնասվում են, կամ այրվում, հատկապես այս ամառ:

«Մեր ապահովագրող ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի փոխհատուցի աղբավայրի ճանապարհին վնասված ավտոմեքենաների վերանորոգման ծախսերը: Բազում նամակներ ենք ուղարկել քաղաքապետարան, խոստացել են աղբավայրի ներսի որոշ ճանապարհներ գոնե կարգավորել: Այնտեղ իրավիճակը ընդունելի չէ մեզ, մեր աշխատակիցների, շրջակա տարածքում բնակվող քաղաքացիների համար: Երևանի քաղաքապետարանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցում են նոր աղբավայր կառուցելու համար, սակայն դեռ նորություններ չկան: Մենք փորձում ենք սեփական ուժերով ևս լուծել այդ խնդիրը, ձեռք ենք բերել մի քանի նոր մեքենա, որոնք երկու-երեք շաբաթից կլինեն Երևանում, ինչի շնորհիվ մեր մյուս, վնասված մեքենաները կկարողանանք վերանորոգել: Արդեն 30 մլն դոլարի ներդրում արել ենք, պատրաստվում ենք կատարել ևս 1 մլն դոլարի ներդրում»,- հայտնում է ընկերության ղեկավարը:

Միաժամանակ նա շեշտում է՝ ընկերությունն անում է ամեն ինչ մայրաքաղաքում աղբահանության վիճակը կարգավորելու համար. «Այլ երևույթների ու կազմակերպությունների վրա չենք դնում պատասխանատվությունը: Այո, մենք ենք պատասխանատու, ուղղակի պետք է մի փոքր համբերատար լինել՝ իրավիճակը կարգավորելու համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ նոր վարչապետի գլխավորությամբ հնարավոր կլինի լուծել շատ հարցեր, օրինակ՝ նույն աղբավայրերի, բարձրահարկ շենքերի աղբատար խողովակները փակելու խնդիրը: Վերջիններից վաղուց հրաժարվել է ամբողջ աշխարհը: Լինում են նաև ամենօրյա խնդիրներ, որոնց նկատմամբ ընկերությունը ևս զգայուն է, օրինակ՝ նույն Վերին Լարսի անցակետի փակ լինելը մեզ վրա ազդեցություն է ունեցել, որովհետև մեր մեքենաների որոշակի պահեստամասեր հենց այդ ճանապարհով են գալիս»:

Նիկոլաս Թավիլը նկատում է՝ իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է: Ներկայումս աղբահանության հետ կապված փոքր խնդիր կա Մասիվում և Զեյթունում: Պատճառը՝ կրկին կոմպլեքսային է, ու, առաջին հերթին, աղբավայրերը. «Միայն կիրակի օրը երեք ավտոմեքենա վնասվել էր Նուբարաշենում: Սակայն կորուստների հետ աշխատում ենք ունենալ նաև համալրումներ, օրինակ՝ 1000 նոր աղբաման ենք պատվիրել, որոնք մինչև սեպտեմբեր այստեղ կլինեն: Շատ ծանր աշխատանք է»:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---