6 ֆիլմ՝ քարոզարշավի ընթացքում «չցնդելու» համար

6 ֆիլմ՝ քարոզարշավի ընթացքում «չցնդելու» համար

Ի՞նչ դիտել ընտրություններին ընդառաջ

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից ընդամենը 3 օր է անցել, սակայն իրադարձություններն այնքան բուռն են զարգանում, որ նույնիսկ քաղաքականությամբ շատ հետաքրքրված մարդիկ դժվարությամբ են հետևում այս թոհուբոհին:

PanARMENIAN.Net - Քարոզարշավի առաջին օրը մի շարք քաղգործիչներ արեցին քննարկվող հայտարարություններ, հեռակա վիճեցին, հրապարակվեցին որոշ քաղաքական ուժերի հետաքրքիր կարգախոսները: Երկրորդ օրը սկանդալային հայտարարությունները շարունակվեցին, հրապարակվեցին նախընտրական հոլովակները: Քարոզարշավի երրորդ օրը դեռ նոր է սկսվել, սակայն արդեն խոստանում է հետաքրքիր լինել. հեռակա բանավեճերը շարունակվում են, սակայն ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը՝ չցանկալով դրանով սահմանափակվել, հեռուստաբանավեճի է հրավիրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այս ամենի ֆոնին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար, լրագրող Արման Բաբաջայանը ընտրողների հետ հանդիպմանն արտասանել է իր գրած բանաստեղծությունը:

Ինչպե՞ս «չցնդել» այս ամենի մեջ: PanARMENIAN.Net –ը ընտրությունների մասին հայտնի և սիրված ֆիլմերի ցանկ է պատրաստել՝ հայաստանյան նախընտրական քաոսից կտրվելու և քարոզարշավի մնացած օրերին թարմ ուժեր հավաքելու համար:

«Թեկնածուն» (1972) / The Candidate

Մայքլ Ռիթչիի դասական դրամայի գլխավոր հերոս փաստաբանը, որին մարմնավորում է հայտնի Ռոբերտ Ռեդֆորդը, համաձայնվում է մասնակցել սենատորների ընտրություններին, սակայն ընթացքում բախվում է մի շարք խնդիրների, որոնք փոխում են նրա կարծիքը քաղաքականության մեջ «մաքրության և անաչառության» մասին: Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ ֆիլմի նկարահանման ժամանակ Ռեդֆորդն իսկապես ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով էր ապրում, հետևաբար լավ ծանոթ էր իրավիճակին ներսից: Ֆիլմում ընտրությունների համակարգը բավականին ճշգրիտ է ներկայացված, ինչի համար էլ այն «Լավագույն սցենար» անվանակարգում «Օսկարի» է արժանացել:

«Խաբեբայություն» (1997) / Wag the Dog

Բարրի Լևինսոնի երգիծական կատակերգության օրիգինալ անվանումն է «Թափահարել շանը», նկարահանվել է Լարրի Բեյնհարթի «Ամերիկյան հերոս» վեպի հիման վրա: Սա մի հանճարեղ պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է նախագահական ընտրություններից առաջ «մաքրել» գործող նախագահի անունը ամուսնական դավաճանության դրոշմից, որի հետևանքով հասարակության մեջ ընկնում է նրա ժողովրդականությունը։ Նախագահի անձից ուշադրությունը շեղելու համար նրա օգնականն ու մի արհեստավարժ ռեժիսոր հնարում են իրականում գոյություն չունեցող պատերազմ Եվրոպայում, նույնիսկ հաղթանակ են տանում դրանում, և այդ ամենը բացահայտ, հեռուստացույցների էկրաններին: Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորում են Դասթին Հոֆմանն ու Ռոբերտ Դե Նիրոն:

«Տարվա մարդը» (2006) / Man of the Year

Մեր ցուցակում տեղ է գտել Բարրի Լևինսոնի մեկ այլ ֆիլմ ևս՝ հանճարեղ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ «Տարվա մարդը» կատակերգությունը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է կատակերգական հեռուստաշոուի հաղորդավարը՝ իր դիտորդներից մեկի խորհրդով առաջադրվում երկրի ղեկավարի պաշտոնում և նույնիսկ իր համար անսպասելի հաղթում այդ ընտրություններում: Այդպիսով սովորական կատակը լուրջ պատասխանատվության է վերածվում: Սակայն շուտով պարզվում է, որ սխալ է տեղի ունեցել, և Ուիլյամսի հերոսը չպետք է դառնար «տարվա մարդ»: Ֆիլմի հերոսները կանգնում են բարդ ընտրության առջև՝ ինչպե՞ս դուրս գալ այդ սխալի տակից:

«Ընտրությունների օրը» (2007) / «День выборов»

Ցուցակում տեղ է գտել նաև հայտնի ռուսական «Ընտրությունների օրը» կատակերգությունը «Կվարտետ Ի» հայտնի քառյակի մասնակցությամբ: Ըստ Օլեգ Ֆոմինի ֆիլմի սյուժեի՝ հայտնի ռադիոկայաններից մեկի թիմը ոմն օլիգարխից պատվեր է ստանում զբաղվել ՌԴ շրջաններից մեկի նահանգապետի մի անհայտ և անհեռանկարային թեկնածուի քարոզարշավով: Իսկ քանի որ «օրիգարխների գործերն անքննելի են», ռադիոկայանի թիմը միանգամից ենթարկվում է և փորձում բարձրացնել այդ անհայտ, քաղաքականությունից հեռու թեկնածուի վարկանիշը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով: Մինչև ռադիոյի աշխատողները շատ զվարճալի կերպով լուծում են իրենց առջև դրած խնդիրը, թեկնածուն այդ ողջ ընթացքում ուղղակի խաչբառ է լուծում:

«Մարտյան իդեր» (2011) / The Ides of March

Հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր» ֆիլմը, որում նա մարմնավորել է նաև գլխավոր հերոսներից մեկին, ուղղակի դրամա չէ, այլ իսկական քաղաքական թրիլեր: Ֆիլմի հիմքում ընկած է նախընտրական շտաբի երիտասարդ աշխատակցի պատմությունը, որին, ի դեպ, մարմնավորում է տաղանդավոր Ռայան Գոսլինգը: Քլունիի հերոսն առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, իսկ նրա շտաբի բոլոր անդամներն առանց ջանք խնայելու օգնում են նրան: Գոսլինգի հերոսը նույնպես կիսում է նախագահի թեկնածուի հայացքները, սակայն դեմ է խնդիրների լուծման որոշ մեթոդներին, ուստի ժամանակի ընթացքում ամենանվիրված աջակիցներից մեկից վերածվում է իսկական ընդդիմադիրի: Նրանց բախմանը շատ հետաքրքիր է հետևել:

«Երկաթե լեդին» (2011) / The Iron Lady

Կենսագրական ֆիլմերից ուշադրության է արժանի Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ, ամենահայտնի կին քաղաքական գործիչների մեկի՝ Մարգարետ Թետչերի մասին պատմող «Երկաթե լեդի» դրաման, որի ռեժիսորն է Ֆիլլիդ Լոյդը: Հայտնի քաղաքական գործչին ֆիլմում մարմնավորում է ոչ պակաս հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը: Ֆիլմը պատմում է Թետչերի անցած ուղու մասին՝ նպարավաճառի դուստրից մինչև գերտերության առաջին դեմքերից մեկը: Ուղին, սակայն, հեշտ չի լինում: Ֆիլմը միայն ընտրությունների վրա չէ կենտրոնացած, սակայն թե՛ սցենարը, թե՛ Սթրիփի խաղն այնքան տպավորիչ են, որ չկարողացանք շրջանցել այն:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---