// IP Marketing video - START// IP Marketing video - END
Բենդուկիձեն ասում է՝ թալանածը փնտրելով լճացման եք դատապարտում ինքներդ ձեզ

Բենդուկիձեն ասում է՝ թալանածը փնտրելով լճացման եք դատապարտում ինքներդ ձեզ

Վրացական ռեֆորմների կնքահայրն արդարություն փնտրելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկը նախկին իշխանությունների ունեցվածքի՝ նախքան մեղադրական դատավճիռ կայացնելը բռնագանձելու մեխանիզմի մշակման վերաբերյալ, թարմացրել է նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն մեթոդներով կուտակված հարստության ապագայի, այն հետ բերելու հնարավորության և անհրաժեշտության մասին քննարկումները։ Հայաստանը հեղափոխություն տեսած ոչ առաջին, ոչ վերջին երկիրն է, հետևաբար՝ միակ հասարակությունը չէ, ուր եղել են այդպիսի քննարկումներ։ PanARMENIAN.Net-ը շարքով կներկայացնի թալանածը հետ բերելու մի քանի հաջող ու անհաջող փորձ և իրարամերժ կարծիքներ ունեզրկումների ու կոռուպցիոն եղանակով կուտակված հարստության վերաբաշխման վերաբերյալ։

PanARMENIAN.Net - Կախա Բենդուկիձեն (մահացել է 2014-ին) Վրաստանի տնտեսական ռեֆորմների կոորդինացման նախարարն էր 2004-2008 թվականներին՝ Վարդերի հեղափոխությունից հետո։ Նրա օրոք կամ իր գրված օրենքներով Վրաստանը Doing Business վարկանիշում 134-րդից 11-րդ հորիզոնականը բարձրացավ, պարզեցվեց պետական, հարկային ու մաքսային համակարգը, անցկացվեց մասշտաբային մասնավորեցում, համահարթեցվեցին հարկերը, ինչը, մի կողմից, ողջունվեց միջազգային հանրության կողմից ու տնտեսական աճով զուգորդվեց, մյուս կողմից՝ խիստ ոչ միանշանակ և հաճախ թշնամաբար ընդունվեց երկրի ներսում։ Ուկրաինայում 2013-ի հեղափոխությունից հետո նա հարցազրույց տվեց տեղի Forbes-ին, ուր զգուշացրեց տեղի իշխանություններին նախկին իշխանության օրոք թալանվածը հետ բերելու ու սեփականության վերաբաշխման մութ հեռանկարների մասին։ Հարցազրույցի մի հատվածը՝ ստորև․

— Ինչպե՞ս պիտի գործի անցումային արդարադատությունն ու որքան երկար այն կարող է տևել։ Գնահատականների համաձայն, Յանուկովիչի ընտանիքը գողանում է տարեկան մոտ $10 մլրդ։ Ցանկացած կառավարությանն այդ գումարը պետք կգար։

— $10 մլրդ-ը ՀՆԱ ո՞ր մասն է։

—5%-ից ավելին։ Արժե՞ պայքարել թալանածը վերադարձնելու համար։

— Ախր ո՞նց եք դա անելու։ Սա հարց է այն մասին, որքանով է այս հեղափոխությունը վերջինը։ Եթե վերջինն է ու «մենք անկախ, նախկինից տարբերվող երկիր ենք ստեղծում», կարելի է ասել՝ վերջ, սկսում ենք նոր էջից։ Իսկ ման գալ, ով ինչքան է գողացել՝ էհ․․․։ Պայմանականորեն, գողացել են ՀՆԱ 15%-ը։ Եթե դուք հիմա սկսեք արդարության համար պայքար, մոտակա 3-4 տարին ստագնացիայի եք դատապարտված։ Որովհետև մեսիջ եք ուղարկում։ Երբ նրանք ստանում էին այդ փողը, չէին շարում մեծ սեյֆերում, այլ ակտիվներ էին գնում։ Սա նշանակում է, որ երկրում բոլոր ակտիվները ռիսկային են դառնում։

— Բոլորը չէ, միայն քաղաքականապես փոխկապակցված բիզնեսմենների ակտիվները։

— Իսկ տվեք ինձ պարզ բաղադրատոմս՝ ինչպե՞ս տարբերել ռիսկային ու ոչ ռիսկային ակտիվները։ Այ, ես գնում եմ փողոցով, սիրուն շենք կամ ռեստորան եմ տեսնում, ինչպե՞ս հասկանամ՝ այն քաղաքականապես փոխկապակցվա՞ծ է, թե՝ ոչ։

— Դուք այն գնե՞լ եք ուզում։

— Այո։

— Բարեխիղճ գնորդներին ոչինչ չի սպառնում։

— Իսկ միգուցե այդ ռեստորանի տերը կաշառք է տվել հարկայինին, փող գողացել պետգնումներում, հարկեր չի մուծել։ Ես գնում եմ այդ ակտիվն՝ ու իմ մտ հարկայինն է գալիս։ Ինչի՞ս է պետք։ Ավելի լավ է՝ սպասեմ, կամ ներդրումներ անեմ այլ երկրում։ Արդյունքում 3 տարի աճ չեք ունենա։

— Սա դատավճիռ է ցանկացած կառավարությանը։

— Ճիշտ է։ Դուք 3 տարում կկորցնեք նույն ՀՆԱ 15%-ը, եթե ոչ ավելին, արդարություն վերականգնելու համար։

— Ուկրաինայում՝ ժողովրդավար միջոցներով, իշխանության եկավ ու փորձեց ոչնչացնել ժողովրդավարությունը պայմանական քրեական խմբավորում կամ ֆինանսական խմբավորում (նկատի ունի Ռեգիոնների կուսակցությանն ու Դոնբասի օլիգարխներին՝ խմբ․), որի տնտեսական հզորությունը 2004-2005-ի հեղափոխությունից հետո չէին ջախջախել։ Եթե դա չանել, երկիրը կարող է նույն խնդրի հետ բախվել երրորդ, չորրորդ անգամ։

— Ինչպե՞ս եք դա անելու։ N-ին կուլակաթա՞փ եք անելու։

— Ես այն մասին եմ, որ այդ խմբավորման բոսսերը պիտի պատիժ կրեն թալանածի համար։

— Բա չե՞ն փախնի։

— Փախնեն՝ հետախուզում կհայտարարենք։ Թալանը բոլորի աչքի առաջ էր, նկարագրվել է ԶԼՄ-ներում։ Նոր դատախազը 20 քլիք պիտի անի՝ ու կարող է քրգործ բացել։

— Դրա գինը տնտեսական աճն է։

— Այսինքն, թալանչիներին նույնիսկ շատ կետային ռեժիմո՞վ չի կարելի պատժել։

— Ինչ-որ շատ կետային ռեժիմով՝ միգուցե։ Այսինքն, անձամբ Յանուկովիչին։

— Դուք ինքներդ պատմում էիք, որ Շևարնաձեի օրոք պետական կարողության հաշվին հարստացածներին ստիպում էիք լրացուցիչ վճարել։

— Այդքան էլ շատ չէին նման դրվագները։ Ես 4 այդպիսի գործարք եմ ունեցել, երբ հասկացել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել։ Ես դա չէի կարող որևէ մեկին վստահել, հասկանալով, որ նրանք կարող են «փչանալ» այդ գործընթացում։ Եվ ես հսկայական ռիսկի տակ էի մտնում՝ ինձ մեղադրում էին կոռուպցիայի մեջ։ Չէ՞ որ ոչ ոք ուրախ չէ, երբ նրանից պահանջում են ևս 20 մլն վճարել։

Ապագային միտված արդարություն կառուցելը լավ գործ է։ Իսկ այ ինչպես վերականգնել արդեն խախտված արդարությունը, պարզ չէ։ Այդ դեպքում պիտի վերացնեք ողջ օլիգարխիկ դասակարգը։ Օրինակ, եթե NN-ի մոտ, եթե արդարությունը լիիրավ վերականգնվի, ինչքա՞ն փող կմնա։

— Ենթադրում եմ, միայն պարտքեր։

— Ու նա հանգիստ նստելու է իր տե՞ղը։ Դժվար թե։ Նա պայքարելու է։ Կամ կգնա երկրից՝ ու դուք չեք ստանա ոչինչ, եթե նրա ակտիվները լիկվիդային են։

— Նա գործարաններ ունի։

— Դուք ի՞նչ է, կգաք այնտեղ ու կասեք՝ առանց դատ ու դատաստանի, 24 ժամվա ընթացքում, հեղափոխության անունով, հրամայում ենք ամեն ինչ տալ ու երբեք պետության հետ չդատվե՞լ։ Ախր դա այդպես չէ։ Դուք այդ ակտիվները դատապարտում եք տարիներով դատական գործընթացների, որոնց ընթացքում ոչ ոք այնտեղ գումար չի ներդնի։

— Կան մարդիկ, որոնք հարստացել են քաղաքականությամբ, կաշառքով։ Ինչպե՞ս «զինաթափել» նրանց, ու պե՞տք է դա անել արդյոք։

— Հասկանու՞մ եք՝ պետք է, սակայն անհնարին է։ Դուք չեք կարող սահմաններ քաշել՝ ով է օլիգարխ, ով է երիտօլիգարխ, իսկ ով ուղղակի ձեռներեց։ Չկա այդ սահմանը, դուք կպնելու եք բոլորին։ Իսկ պետք է, ընդհակառակը, վերացնել վախերը․․․

 Ամենաընթերցվողը բաժնում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Բաժնի այլ նյութերը
Լանք, թե խնդանք Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան