// IP Marketing video - START// IP Marketing video - END
Երևանն ու Թբիլիսին դժգոհ են միմյանցից

Երևանն ու Թբիլիսին դժգոհ են միմյանցից

Զուրաբիշվիլիի այցը բացահայտեց հարաբերությունների կնճիռները

Երևանի ու Թբիլիսիի բարձրագույն ղեկավարության հայտարարությունները Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցի ընթացքում ու դրան նախորդած շրջանում փաստում են՝ կողմերը «հարաբերություններ պարզելու» փուլ են մտել։ Ամեն ինչ սկսվեց Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցից։ Ի դեպ, սա հարևան երկրի ղեկավարի տարածաշրջանային առաջին պաշտոնական այցն էր, ինչը յուրօրինակ շեշտադրում է դնում հարավկովկասյան հարևանների հետ հարաբերություններում Թբիլիսիի առաջնահերթությունների հարցում։ Այցն ուղեկցվեց հայկական կողմի համար տհաճ հռետորաբանությամբ։

PanARMENIAN.Net - «Միանման ողբերգություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասաց, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասին են վերադարձրել անկախությունը և «վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ»:

«Այսօր էլ վերապրում ենք այն, որ երկրների տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ: Բռնազավաթման գոտիներն այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը մի կողմից խափանում է մեր զարգացումը, սակայն միևնույն ժամանակ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք հզորացնել և զարգացնել մեր պետությունները, էկոնոմիկան: Սա փոքր հաջողություն և հաղթանակ չէ»,- հայտարարել էր Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի հայերի վրացերենն ու ՀՀ նախագահի ուշագրավ հայտարարությունը

Զուրաբիշվիլիի տարածաշրջանային երկրորդ կանգառը Հայաստանն էր։ Այստեղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում նա նախ հայտարարեց, թե «կարևոր է, որպեսզի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք», ապա, ակնարկելով Ջավախքի հայությանը, ասաց, որ որպես երկրի նախագահ «պարտավորված է ավելին անել, որպեսզի Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների համար վրացերենին տիրապետելն ավելի հեշտ լինի»:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ նույն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, հայտարարեց, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ քննարկելով տարծաշրջանային հակամարտությունները, «համակարծիք են եղել՝ հիմնահարցերը և համակարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը»։

«Իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա», - ասել էր ՀՀ նախագահը։

Ակնարկը պարզ էր՝ այն ուղղված էր Բաքվում արված հայտարարությանը։

Երևանը Թբիլիսիից պահանջեց հավասարակշիռ ու չեզոք դիրք ԼՂ հարցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը բաց տեքստով պահանջեց, որ Վրաստանը պետք է հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներ այսուհետ անի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով։ Այս համատեքստում նա իր մտահոգությունը հայտնեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը:

«Հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ: Անընդունելի են տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները», - ասել էր Միրզոյանը:

Ղարաբաղա-աբխազական հարաբերություններն ու Վրաստանի «տարածքային ամբողջականությունը»

Զուրաբիշվիլին, սակայն, Միրզոյանին ի պատասխան իր դժգոհությունը հայտնեց Ստեփանակերտի, Սուխումիի ու Ցխինվալիի միջև հարաբերությունների առկայության առիթով։ Նա, փաստացի, «վերադարձրեց գնդակը» ընդհանրացված մոտեցման անընդունելիության մասին խոսող Միրզոյանի դաշտ, նշելով, որ «ցավալի է», երբ արցախյան պատվիրակություններն այցելում են Աբխազիա ու Հարավային Օսիա և «քննարկում այս հակամարտությունները՝ որպես ընդհանուր տիպի հակամարտություն»։

Այց կաթողիկոսին

Վերջին կանգառը կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրն էր․ կողմերը կրկին կնճռոտ հարցեր քննարկեցին։ Ըստ Էջմիածնի Մամլո դիվանի, Գարեգին Բ-ն անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` «հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը»:

Զուրաբիշվիլիի աշխատակազմի փոխանցմամբ, ի պատասխան նախագահն ասել է, որ ամեն եկեղեցու հարցը պիտի քննարկվի գիտնականների ներգրավմամբ։ Կողմերը «երկար զրույց են ունեցել Աբխազիայի հայկական եկեղեցիների մասին, որի ժամանակ Զուրաբիշվիլին «կոշտ դիրքորոշում է հայտնել» առ այն, որ թեմը պիտի վերաենթարկվի Վրաստանի հայոց թեմին ու այլևս չենթարկվի Հարավային Ռուսաստանի թեմին: Կաթողիկոսը դա ժամանակավոր լուծում է որակել ու նշել, որ Աբխազիան Վիրահայոց թեմի մասն է, ինչն ամրագրած է գրավոր։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ
Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են
Լատինատառ գրառումը՝ ՌԴ-ում հայ վարորդներին գործից զրկելու պատճառ
Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումը ԼՂ հարցում
 Ուշադրության կենտրոնում
Իտալական Լացիոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Լացիոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Պիրոցցիի ներկայացրած օրինագիծը լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին

 Բաժնի այլ նյութերը
Հարևանի նոր «մերսեդեսը» Ադրբեջանի սպառազինության համալրումները վերջին ամիսներին
Թրոլինգ և խորտիկներ Ով է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում
Հույսը ծովից Ինչպես դասավորվեց մուսալեռցիներին փրկած ռազմանավի ճակատագիրը