Տաթևից՝ Դրեզդեն

Տաթևից՝ Դրեզդեն

4 կոթող, որ վերականգնվեցին մոխրից

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում:Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է 9 ժամ տևած հրդեհից փրկել տաճարում պահվող մասունքները, մասնավորապես՝ Քրիստոսի պսակն ու այն խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը։

PanARMENIAN.Net - Ֆրանսիան վերականգնելու է տաճարը: Դեռ հայտնի չէ՝ որքան ժամանակ և ինչ ռեսուրսներ անհրաժեշտ կլինեն տաճարի վերականգնման համար, բայց այդ նպատակով արդեն սկսվել է հանգանակություն:

PanARMENIAN.Net –ը պատմում է մի քանի այլ հայտնի եկեղեցիների և տաճարների՝ այդ թվում՝ հայկական, փլուզման և վերականգնման մանրամասները:

Այսպես, Ֆրանսիայում՝ Ռեյմս քաղաքում, գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի կրտսեր եղբայրը՝ Ռեյմսի տաճարը (ֆր.՝ Notre-Dame de Reims), որը կառուցվել է 1211-1311 թվականներին, իսկ աշտարակների կառուցումն ավարտվել է 1460-ին: Վաղ միջնադարից մինչև XIX դար այնտեղ էին թագադրվում Ֆրանսիայի թագավորները:

Նկարիչ-ճարտարապետ Դոմենիկո Կվալյո, Ռեյմսի տաճարը, 1827 թ.

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տաճարը գրավել են գերմանացիները, և այն 4 տարի գտնվել է ռազմանական գործողությունների տարածքում: Այդ ընթացքում Ռեյմսի տաճարը բազմիցս ենթարկվել է գնդակոծման. մի քանի անգամ 1914-ին, այդ ժամանակ տաճարը վնասվեց նաև հրդեհի հետևանքով, և մի քանի դեպք եղել է նաև հաջորդ տարիներին: Ընդհանուր առմամբ տաճարին դիպչել է շուրջ 300 արկ: Այդ ամենի հետևանքով առաջին աշխարհամարտի ավարտին տաճարն ամբողջությամբ ավերակների չէր վերածվել, սակայն զգալի կորուստներ էր կրել:

Ռեյմսի տաճարի գնդակոծումը

Տաճարի վերականգնումը մեկնարկել է հենց 1915-ից: Միջոցները հատկացրել են թե՛ ֆրանսիական իշխանությունները, թե մեծահարուստ Ջոն Ռոքֆելեր կրտսերը: Վերականգնողական աշխատանքները ստանձնել է ճարտարապետ Անրի Դենյոն: Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1938 թվականին:

Ռեյմսի տաճարը՝ վերականգնումից հետո

Դրեզդենի Աստվածամոր եկեղեցու բախտն ավելի քիչ է բերել: 18-րդ դարում կառուցված հայտնի Ֆրաուէնկիրխեն (գեր. Frauenkirche) հողին է հավասարեցվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Դրեզդենի ռմբակոծության ժամանակ՝ 1945-ի փետրվարի 13-ին:

Դրեզդենի եկեղեցին. ձախից՝ 1870 թ., աջից - 1952 թ.

Այդ ժամանակ քաղաքի իշխանությունները չունեին բավարար միջոցներ եկեղեցին վերականգնելու համար, ուստի որոշվեց թողնել ավերակները՝ որպես պատերազմի մասին հիշատակ: 1989 թվականին սկիզբ դրվեց եկեղեցին վերականգնելու նպատակով ստեղծված շարժմանը, բայց հենց վերականգնումը սկսել հաջողվեց միայն Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1993-1994 թթ: Եկեղեցու պաշտոնական վերաբացումը տեղի ունեցավ 2005 թվականին:

Ֆրաուէնկիրխեն՝ վերականգնումից հետո

Հայկական հայտնի տաճարներ ևս չեն խուսափել ճակատագրի հարվածներից:

Վայոց ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիրը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից՝ գրեթե ավերակների վերածվելով:

Նորավանքը՝ 20-րդ դարի սկզբին

1948-1949 թվականներին վերականգնվել են վանական համալիրի Սուրբ Աստվածածին Բուրթելաշեն երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ Իսկ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնվել են ամբողջական վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են 2001 թվականին։

Նորավանքը՝ վերականգնումից հետո

Սյունիքի մարզում գտնվող հայտնի Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում և ունեցել է անշուք տեսք: Հիմնական տաճարը՝ սուրբ Պողոս-Պետրոսը կառուցվել է 9-րդ դարում:

Տաթևի վանքը՝ 1920-ականներին

Դարեր շարունակ վանական համալիրը կանգուն է մնացել, սակայն 1931-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել՝ վանքի մուտքը։

Վանքը՝ երկրաշարժից հետո

1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։

Տաթևի վանքը՝ վերականգնումից հետո

2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար՝ Տաթևի թևեր ճոպանուղին (5.5 կմ), որի շահագործումից ստացված ողջ հասույթն ուղղվում է վանքի վերականգնմանը:

Գլխավոր լուսանկարում՝ Նորավանքի Բուրթելաշենը 1950-ական թթ

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---