// IP Marketing video - START// IP Marketing video - END
Որքանով և ինչպես է վաճառվել «ԱրարատՑեմենտը»

Որքանով և ինչպես է վաճառվել «ԱրարատՑեմենտը»

Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը

Ապրիլի 19-ին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարեց խորհրդարանի ամբիոնից, որ «ԱրարատՑեմենտը» մասնավորեցվել էր $200,000-ով, ինչն առաջացրեց դրա սեփականատեր Գագիկ Ծառուկյանի բուռն արձագանքը։ Վերջինս խոստացավ գործարանը նվիրել նրան, ով կապացուցի, որ գործարանը գնվել է այդ գնով։ Ներկայացնում ենք գործարանի մասնավորեցման պատմությունը։

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ը հաղորդել էր դեռ հեռավոր 2001-ի հուլիսի 2-ին, «ԱրարատՑեմենտը» մասնավորեցնել ցանկանում էին է Holcim (Շվեյցարիա) և Titan Cement (Հունաստան) ընկերությունները, Seament լիբանանյան ընկերությունը, գործարանի կոլեկտիվը (տնօրենն էր Արամ Զ․ Սարգսյանը)։ Մրցույթին մասնակցում էին մի շարք այլ կազմակերպություններ նաև Լոնդոնից, անգամ Մալայզիայից, սակայն ոմանք չեն մուծում պարտադիր վճարը, մյուսները (այդ թվում՝ կոլեկտիվը) հայտ չեն ներկայացնում։

Շվեցարական Holcim-ը, որը մասնավորեցման միակ հավակնորդն է մնում, առաջարկում էր ձեռնարկության լրիվ վերահսկման համար վճարել $6 մլն ու ևս $4 մլն` հողատարածքի համար: Եվս $6 մլն հավանական գնորդը մտադիր էր տրամադրել սոցիալական ծրագրերի իրականացմանը: Բացի այդ ընկերությունը պարտավորվում էր վեց տարվա ընթացքում ձեռնարկության զարգացան մեջ ներդնել $12 մլն, ընդամենը պիտի $28 մլն ծախսվեր։

2001-ի սեպտեմբերի 26-ին Holcim-ի նախանշած հաղթանակը «փաստաթղթավորվում է»՝ ընկերությունը հաղթող է ճանաչվում մրցույթում։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ընկերությունը մոտ $30 մլն ներդրում պիտի կատարեր։ Գործարանում արդիականացման արդյունքում կմնար 600 աշխատող 1200-ից, մնացածը պիտի աշխատանքի տեղավորվեին վերոնշյալ սոցիալական ծրագրերի իրականացման արդյունքում։

Holcim-ի տնօրենն ու համասեփականատերն էր շվեյցարացի միլիարդատեր Թոմաս Շմիդհայնին, ով նաև շվեյցարական Swiss Air ավիափոխադրողի տնօրենների խորհրդի անդամ էր։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 3 շաբաթ անց Swiss Air-ը սննկանում է, վնասները կազմում են $13.5 մլրդ դոլար, 5000 մարդ մնում է առանց աշխատանքի։

Շմիդհայնիին ու այլ տնօրեններին մեղադրում են մեքենայությունենրում, նրանք բարդում են «մեղքը» ահաբեկչության վրա ու հայտնվում դատարանում՝ արդարացվելով միայն 2007-ին։ Ընկերությունը 2001-ի հոկտեմբերի 25-ին՝ մրցույթում հաղթելուց ընդամենը մեկ ամիս անց, հրաժարվում է «ԱրարատՑեմենտից»։

Դրանից մի փոքր վաղ՝ 2001-ի մայիսին, ուղղակի վաճառքով «Միկա Լիմիթեդին» էր վաճառվել «ՀրազդանՑեմենտը»։ Այն վաճառվել էր մոտ 415.2 մլն դրամով, կամ այն ժամանակվա փոխարժեքով մոտ $750,000-ով։ Ընկերության առաջ դրվել էին պարտավորություններ՝ $5.2 մլն-ի ներդրումներ կատարել։

Իսկ 2002-ին՝ Holcim-ի գործարքը տապալվելուց 1 տարի անց, նոր մրցույթի փոխարեն, գործադիրը որոշում է «ԱրարատՑեմենտը», իր բնորոշմամբ, «ուղղակի վաճառքով մասնավորեցնել բելգիական «Ռոբերտո» ընկերությանը»։ Գույքի համար ընկերությունը վճարում է $200,000։ Նա նաև պարտավորվում է $6.8 մլն-ի գազի պարտքն «Իտերայի» դիմաց փակել $9.7 մլն-ի ապրանքներով, իսկ էլէներգետիկներն ու ջրմուղը պարտքեր են ներում «բյուջետային հիմնարկին», ոչ մի ներդրումային պարտավորություններ սեփականատիրոջ առաջ, ի տարբերություն «ՀրազդանՑեմենտի», չեն դրվում։

Հարցը, փաստացի, հետևյալում է՝ ու՞մն է «բելգիական» «Ռոբերտոն» ու որքա՞ն է գնահատվել գործարանի գործարքը։

Ծառուկյանը, հերքելով $200,000-ով վաճառքը, հրաժարվեց ասել՝ որքանով է գնել գործարանը։

«Մուլտի Գրուպի» կայքում բառացիորեն գրված է «գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին (այսինքն՝ «Ռոբերտոյին» վաճառելու թվականին – խմբ․) «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «ԱրարատՑեմենտ» փակ բաժնետիրական ընկերության»։

Գործարքի գինը գնահատելը, փաստացի, մոտեցման հարց է։ Եթե վաճառքի գին ընդունենք պետությանը փոխանցած գումարը՝ կստացվի, որ այն իրոք վաճառվել է $200,000-ով։ Եթե հաշվի առնենք նաև գազի պարտքի մարմանն ուղղված հումքը, կստացվի մոտ $10 մլն։ Հարցը՝ ինչու է գործարանը սեփականաշնորհվել ուղիղ վաճառքով, ոչ թե նոր մրցույթով՝ հաշվի առնելով, որ ընդամենը մեկ տարի առաջ $30 մլն ներդրում անող կար, մնում է բաց։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
 Բաժնի այլ նյութերը
100 օրվա տնտեսություն Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկից ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին