Կրակոցներ պետության ճակատին

Կրակոցներ պետության ճակատին

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի 20-րդ տարելիցն է

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած զինված ոճրագործների գնդակից սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

PanARMENIAN.Net - Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Արամ Հունանյանը, ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը:

Զինված խումբը երկու ավտոմեքենայով է հասել ԱԺ շենքի մոտ, այնուհետև վերցրել զենքերն ու մտել շենք։ Խորհրդարանի շենք ավտոմատներով մուտք գործել նրանց հաջողվել էր առանց դժվարությունների: ԱԺ նիստերի դահլիճ ահաբեկիչները ներխուժել են ժամը 17:00-ին՝ հերթական նստաշրջանի ժամանակ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Դահլիճ մուտք գործելուց հետո հանցագործները մի քանի կրակոց են արձակել օդ, այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, սկսել են անկանոն կրակել։ Առաջին կրակահերթն ուղղվեց Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների վրա:

Այնուհետև Հունանյանը ԱԺ ամբիոնից դիմել է ներկաներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն և ենթադրելով, որ նիստը շարունակվում է ռադիոհեռարձակվել՝ բարձրախոսով ազդարարել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք: Բոլորդ դեպի Ազգային ժողով: Եվ մենք կհաղթենք»:

Հանցագործների ցուցմունքների համաձայն, նախապես որոշված էր սպանել միայն վարչապետ Վազգեն Սարգսյանին: Մնացած զոհերը, նրանց խոսքով, պատահական էին: «Ազգի փրկիչները» մտադրվել էին պատանդ վերցված պատգամավորներին ստիպել ինքնաբացարկ հայտարարել և անցկացնել համազգային ժողովրդավարական ընտրություններ: Մինչ ընտրությունները երկիրը պատրաստվում էր ղեկավարել հենց ինքը` Հունանյանը, որն իրեն հայտարարելու էր երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Մշակված պլանը ձախողվել էր միայն սպանության իրականացումից հետո: Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց: Նրա սպասումներին հակառակ, ժողովուրդը հավանության չարժանացրեց հեղաշրջման փորձը:

Բացի 8 զոհից, ևս 8 հոգի վիրավորվել էր, իսկ ըստ BBC գործակալության աղբյուրների՝ վիրավորների թիվը հասնում էր 30-ի:

Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները՝ ընդհանուր 91 հոգի: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: Ոչ նախաքննությունը, ոչ դատարանը չկարողացավ վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները ինքնուրույն էին գործել, թե նրանց հետևում ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կանգնած էր: Ահաբեկիչների խմբի առաջնորդ, լրագրող Նաիրի Հունայանը լիովին իր վրա էր վերցրել իրականացրած ակցիայի պատասխանատվությունը և պնդում էև, որ իր քայլն ուներ մեկ նպատակ` «Հայաստանն ազատել հակազգային վարչակարգից»:

Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկչի հանդեպ կայացրեց վճիռ, որով 6-ը՝ ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նաիրի և Կարեն Հունայանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության: Վռամ Գալստյանը 2004-ին մահացավ ԱԱԾ մեկուսարանում։ Նա ինքնասպան էր եղել՝ սավանով կախվելու միջոցով: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: 2010-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հայտնաբերվեց Ստեփանյանի դին:

Բոլորը մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության և ահաբեկչության մեջ: ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը:

Լուսանկարը՝ Ա1+ հեռուստաընկերության հոկտեմբերի 27-ի եթերից

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինժեներն ու իրանագետը՝ իսրայելական դրոնների դեմ հայ-իրանական գործակցության մասին
Ինչպես էին հայերը նյույորքցիներին ուղարկում օվկիանոսի ափից միդիա հավաքելու
Ինչու են արտագաղթած մարդիկ հարազատի աճյունը հայրենիք տանում
Ինչու են շատ ու շուտ ձանձրանում երիտասարդ լրագրողները
 Ուշադրության կենտրոնում
Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա

Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ

 Բաժնի այլ նյութերը
Նոր գրքի հոտը Լավ զգացողություններ ստեղծող գրողներ` տաքուկ երեկոյի ուղեկից
Ամենածիտ դասերը՝ Coursera-ից Կիթառ նվագելուց մինչև բարօրության գիտություն