Իշխանությունից դուրս

Իշխանությունից դուրս

Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու

Դեկտեմբերի 9-ին լրանում է «Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ ընտրություններում հաղթանակի 1 տարին:

PanARMENIAN.Net - Վերջին 1 տարում «Իմ քայլի» հետ իշխանության եկած և այն կիսած գործիչների մի մասը լքեցին պաշտոնները՝ աղմուկով ու մեղադրանքներով, որոշները՝ քրգործերով, մյուսներն էլ պարզապես սեփական դիմումի համաձայն: PanARMENIAN.Net ը վերհիշել է, թե ովքեր հեղափոխության հետ պաշտոնի եկան և վերջին մեկ տարում լքեցին իշխանությունը:

Արթուր Վանեցյան. X2

Մեկ տարվա ընթացքում Արթուր Վանեցյանը երկու անգամ հրաժարական տվեց: Առաջինը ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնից, երկրորդը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի: Սեպտեմբերի 16-ին Վանեցյանի՝ ԱԱԾ համակարգից հեռանալն ուղեկցվեց հրաժարականի տեքստով, որտեղ նա նշում էր, որ իր հրաժարականը «կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ է: Վանեցյանի հայտարարությունը կոշտ էր մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Վանեցյանն աղբամանն է գցում սպայի ուսադիրները: Այս հայտարարությունից հետո Վանեցյանն ասել էր, թե ժամանակը ցույց կտա ով կամ ինչն է աղբանոցում հայտնվում: ԱԱԾ նախկին ղեկավարը հայտարարել էր, թե Փաշինյանը խոսում է՝ առանց հետևանքների մասին մտածելու և ակնարկել՝ նույնը կարող է նաև ինքն անել: Այս հրաժարականից շատ չանցած՝ նոյեմբերի 21-ին հիմնականում իշխանության ներկայացուցիչներից կազմված ՀՖՖ գործկոմի նիստից հետո Վնեցյանը ևս մեկ անգամ հայտարարեց իր հրաժարականի մասին: Բոլորը միաբերան պնդեցին, որ սա քաղաքական երանգ չունի. ՀՖՖ-ն են առողջացնում:

Դավիթ Սանասարյան. Երբ ենթակաները, ենթադրաբար, միջամտեցին հեմոդիալեզի պարագաների մրցույթներին

1-ամյա իշխանության ամենահավատարիմ կադրերից մեկը համարվող Դավիթ Սանասարյանի՝ որպես ՊՎԾ պետ լիազորությունները կասեցված են ապրիլի 18-ից: Սանասարյանը մեղադրվում հեմոդիալիզի քրեական գործով: Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նա այս մեղադրանքը շինծու էր անվանել և ասել, որ պատրաստը ձեռքը կտրել, եթե հրապարակվի տեսանյութ, որտեղ ինքը կաշառք է վերցնում:

Վալերի Օսիպյան. Երբ ազատվեց ոստիկանապետի պաշտոնից, վարչապետի խորհրդականնշանակվեց, բայց շուտով այդ պաշտոնից էլ ազատվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավորումից 2 օր անց ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը սեպտեմբերի 18-ին ազատվեց հենց Փաշինյանի որոշմամբ: Նույն օրը նա նշանակվեց Փաշինյանի խորհրդական, 20 օր անց ազատվեց նաև այդ պաշտոնից:

Սարհատ Պետրոսյա.- Երբ նկատեց «կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»

Քաղաքաշինության բնագավառում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները չկիսելու պատճառով՝ հրաժարականի դիմում էր գրել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Նա ասել էր, որ այլևս չի կարող հանդուրժել «դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանել էր Պետրոսյանին՝ նշելով, որ գուցե իր հրաժարականի տրամաբանությունն ընդունելի չէ իր համար: Փոխվարչապետն ասել էր, թե Պետրոսյանը հիասթափված է, քանի որ Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել:

Արտակ Զեյնալյան. Երբ «գնահատեց տեղեկատվական հոսքերը»

2019-ի հունիսի 7-ին շուրջ 1 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանն իր հրաժարականի որոշումը ոչ մի կերպ չէր մեկնաբանել, միայն նշել էր, որ շնորհակալ է գործընկերներին ու վարչապետ Փաշինյանին: Զեյնալյանն ասել էր, որ վստահ է, որ լինելու է կամ լավ, կամ շատ լավ: Ավելի ուշ Զեյնալյանն ասել էր, որ հրաժարական է տվել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը:

Ռուբեն Հայրապետյան. Երբ ատենախոսության մասին իմացան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը թողեց իր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով: Ռեկտորի հեռանալուն կողմ դասախոսները նշում էին, որ ատենախոսության մեջ բազմաթիվ հատվածներ copy-paste են արված: Հայրապետյանի հրաժարականի մասին իր ֆեյսբուքյան էջում առաջինը հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ավելի վաղ Հայրապետյանն ասել էր, որ դաշտը կարգավորող օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա, իսկ հղումների հետ կապված շահարկումները կատարվում են մարդկանց կողմից, ովքեր իրենք չեն հեղինակել իրենց ատենախոսությունները:

Տրդատ Սարգսյան. Երբ փոխմարզպետը մեղադրվեց սպա ծեծելու մեջ

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի մասին հայտնեց այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, Քննչական կոմիտեն էլ հաստատեց՝ Վայոց ձորի փոխմարզպետ Հարություն Գրիգորյանը մեղադրվում է սպա ծեծելու մեջ: ՔԿ-ն հերքեց Տրդատ Սարգսյանի մասնակցությունն այս միջադեպին, մարզպետը հրաժարական տվեց՝ ասելով, որ կարևորում է նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
---