Ծխախոտ, գազ, լրտեսներ

Ծխախոտ, գազ, լրտեսներ

Որոնք են ՀՀ համար Իրանում վատագույն սցենարի ամենաակնհայտ ռիսկերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանն ամերիկյան 2 ռազմաբազա է հրթիռակոծել՝ կրկին Իրաքում:

PanARMENIAN.Net - ԱՄՆ-Իրան հարաբերությունների պայթյունավտնագ հետևանքները կարող են զգացվել ոչ միայն Իրաքի տարածքում, այլև միջազգային քաղաքական ասպարեզում, ինչպես նաև ազդել Հայաստանի վրա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային առումով: Իրանում վատագույն սցենարի զարգացման դեպքում դժվար կլինի կանխատեսել Հայաստանի համար բոլոր վտանգները, բայց PanARMENIAN.Net ը փորձել է առանձնացնել ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր սրման ամենաակնհայտ հետևանքները:

Պատժամիջոցներն ու մենք

ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրումը քաղաքական նոր իրավիճակ կստեղծի միջազգային ասպարեզում: Գոնե վերջին երկու տասնամյակում ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ նորություն չեն, սակայն դրանք կարող են ավելի մեծ տնտեսական, քաղաքական հետևանքներ ունենալ երկու փակ սահման ունեցող Հայաստանի համար:

Հայաստանն ու Իրանը տնտեսական բազմաթիվ նախագծեր ունեն՝ սկսած նոր ՀԷԿ-երի կառուցումից մինչև այլ առավել հեռահար նախագծեր: Այդ նախագծերը բազմիցս հետաձգվել են նաև պատժամիջոցների ազդեցության պատճառով, քանի որ հիմնական ներդրողը պիտի լիներ իրանական կողմը։ Դրան զուգահեռ, ռիսկեր կծագեն Մեղրիում ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության, իրանցի և հայ գործարարների գործակցության, տտրանսպորտի ու լոգիստիկայի համար։

Ի դեպ, պատժամիջոցներն արդեն ազդում են նաև երկրների միջև բեռնափոխադրումների վրա՝ իրանական բեռնափոխադրողներին գումարի փոխանցումները կարող են սառեցվել։ Հայկական բանկերից որոշներն արդեն հայտարարել են, որ նման դեպքերում իրենք պատասխանատվություն չեն կրելու։

Փախստականներ

Հայաստանն ու Իրանը վերացրել են վիզային ռեժիմը։ Դա նշանակում է, որ իրավիճակի վատթարացման ու ԱՄՆ և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմի դեպքում Հայաստանը կարող է կանգնել հազարավոր փախստականներ ընդունելու ռիսկի առաջ։

Իրանի ադրբեջանցիները

Հարևան երկրում ցանկացած քաոսի ժամանակ մեծագույն մարտահրավերներից մեկը դառնալու են Ադրբեջանի, Նախիջևանի հանրապետության, ԼՂՀ ու ՀՀ սահմանային գոտում գտնվող Իրանական Ատրպատականում բնակվող միլիոնավոր ադրբեջանցիները։ Տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թուլացումը կանխատեսելիորեն բերելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ակտիվացմանը՝ Հայաստանի համար պարզ հետևանքներով։

Արտահանումը Մերձավոր Արևելք

Հայաստանը շատ քիչ պատրաստի ապրանք է արտահանում հենց Իրան ՝ հիմնականում էլեկտաէներգիա հարևան երկրից ստացված գազի փոխարեն, ու ոչխարի միս։ Սակայն Իրանը տարանցիկ գոտի է մեր տնտեսության համար մի շարք կարևոր մերձավորարևելյան երկրներ հասնելու համար։ Այսպես, Իրանի հարևան Իրաքը հայկական ծխախոտի արտահանման համար 1 ուղղությունն է․ 2019-ի հունվար-հոկտեմբերին այնտեղ արտահանել ենք մոտ $144 մլն ապրանք՝ մեր ամբողջ արտահամնամ ծավալի 6․7%-ը։ Բացի այդ, ՀՀ-ն ակտիվորեն փորձում է ամրապնդվել Ծոցի երկրների գյուղմթերքի շուկայում․ բոլորովին վերջերս Իրանը թույլատրել էր իր տարածքով Հայաստանից կենդանիներ տարանցել, ինչը թույլ է տալու անասուն արտահանել Ծոցի երկրներ՝ առաջ մղելով գյուղատնտեսությունը։ Սակայն ցանկացած սրացում, չասած՝ պատերազմի մասին, կարող է այդ ամենին ուժեղ հարվածել:

Հայ համայնք

Իրանում մի քանի տասնյակ հազար հայեր են ապրում: Բացի այն, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածի դեպքում Իրանի բնակչության հետ մեկտեղ կտուժեն նաև հազարավոր հայեր, կբարձրանա նաև իրանահայերի տեղաշարժի մեծ ալիք՝ դրանից բխող տնտեսական, քաղաքական, մշակութային հետևանքներով: Փաստ չէ, որ նրանք բոլորը ՀՀ կգան՝ զգալի մասը կարող է արտագաղթել այլ երկրներ, այսպիսով, չհայրենադարձվելով, փոխարենը թուլացնելով պատմական մեծ նշանակություն ունեցող համայնքը։

Հայկական ժառանգություն

Իրանում հայկական պատմական ժառանգությունը, մշակութային կոթողներն ու մեծամասամբ եկեղեցիները դարերի պատմություն ունեն, մի քանիսն, ինչպես, օրինակ, Սբ Թադևոս, Սբ Ստեփանոս վանքերը, Ծործորի վանքը, հայկական վանական համալրիրները, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Սիրիայում պատերազմի ժամանակ ոչնչացված պատմամշակութային կոթողների օրինակով՝ պետք է մտածել նաև Իրանում Հայաստանի պատմական ժառանգության մասին:

Հնարավոր պատերազմի, ամերիկյան ներխուժման կամ երկրում անկայութնույան հանգեցնող այլ զարգացումների դեպքում վտանգի տակ կլինեն ոչ միայն թվարկածները, այլ նաև հայկական պատմամշակության մեծ ու փոքր բազմաթիվ այլ կոթողներ։

Գազ և էլէներգիա

Իրանական գազի ներկրման ծավալների ավելացման մասին խոսակցություններիի ֆոնին՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրումը լրացուցիչ վտանգ կստեղծի Իրան-Հայաստան գազամուղի համար: Մանսավորապես, դա ռիսկային է հայկական էներգետիկայի համար․ ՀՀ-ն իրանական գազը ոչ թե մատակարարում է բնակիչներին, այլ դրանից էլեկտրականություն է ստանում։ Գազի դիմաց ՀՀ-ն Իրանին վճարում է էլեկտրականությամբ՝ 1 խմ համար 3 կՎտ/ժ, իսկ ավելցուկն օգտագործում սեփական սպառման համար։

Հայաստանն ու Իրանը նաև կառուցում են երկրները կապող երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որը թույլ կտա ակտիվացնել էլէներգիայի փոխանակումը 2 երկրի, Վրաստանի ու ՌԴ միջև։ Սակայն տարածաշրջանային բարդ իրավիճակը կարող է ազդել նաև այս ծրագրի վրա։

Լրտեսական խաղեր

Իրանի հետախուզությունն արտասհամանում, այդ թվում՝ Հայաստանում, հետևում է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին: 2019-ի հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել էր վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում էր իր աշխատանքը: Դրանում կադրեր կային, որտեղ ակնհայտ երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձինք Հայաստանում են [դիտել 03:30 րոպեից]։

Կարելի է միայն ենթադրել՝ իրականում ինչ ծավալի գործողություններ են իրար դեմ կատարում իրանական ու ամերիկյան լրտեսական ստորաբաժանումները, և որքանով է ՀՀ-ն ակամայից ներքաշվում այդ խաղի մեջ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բոլոր ճակատներով ԱՄՆ-ից վրեժ լուծելու իրանցիների պատրաստակամությունն իր մեջ ռիսկեր է պարունակում նաև հայաստանյան ուղղությամբ ակտիվացման տեսանկյունից։

Անահիտ Հակոբյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Զուրաբիշվիլիի այցը բացահայտեց հարաբերությունների կնճիռները
Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումը ԼՂ հարցում
Պանդեմիան հաղթահարելու չինական մեթոդը՝ հայ երիտասարդի աչքերով
Դաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա
 Ուշադրության կենտրոնում
Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով

 Բաժնի այլ նյութերը
«Այսքան թեժ դեռ չէր եղել» ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ
«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են
Զգուշացեք ավտոտեսուչից Լատինատառ գրառումը՝ ՌԴ-ում հայ վարորդներին գործից զրկելու պատճառ