![]() Եկ այս գիշեր արթուն մնանք, գոնե 3 սեզոն7 սերիալ՝ կարանտինը հետաքրքիր դարձնելու համար Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պատճառով միլիոնավոր մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա ակտիվությունն ու հաղորդակցությունը: Վիրուսով չվարակվելու ու այն չտարածելու համար ԱՀԿ-ն ու առողջապահության ներպետական գերատեսչությունները հորդորում են մնալ տանը: ![]() ![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առաջարկում է տնային կարանտինը հետարքրքիր դարձնելու համար ընտրել ոչ շատ հայտնի/քիչ ծեծված/ 7 սերիալ ու դիտել դրանք այս գիշեր ու վաղը ցերեկը: Քիչ հայտնի, բայց դիտման արժանի այս ցանկում տեղավորվել են համեմատաբար կարճ ու արագ զարգացող սյուժեով լրտեսական մինի-սերիալից մինչև «աղջկական», տեխնոլոգիական, քրեահոգեբանական աշխատանքներ. ճաշակին ընկեր չկա, կարանտինի ժամանակ՝ սերիալները ձեզ ընկեր: «Զարմանալի տիկին Մայզելը» (The Marvelous Mrs.Maisel), 2017 Կյանքով լեցուն գեղեցկուհի, տնային տնտեսուհի Միչը հարազատ ամուսնու դավաճանությունից հետո մի շիշ գինով տնից դուրս է գալիս ու բեմ դուրս գալիս: Երկու երեխայի մայրն այդ երեկո ստենդ ափի աշխարհ է մտնում ու կարիերա սկսում: Եվ բնավ կարևոր չէ, որ նա դեռ պետք է տղամարդկանց ապացուցի, որ հումոր անել գիտի, շրջապատին՝ որ առանց ամուսնու ապրել կարող է, և ծնողներին՝ ամեն ինչ: -Ես մարմնավաճառ չեմ, ես կոմիկ եմ: -Տարբերություն կա՞: -Այո՛, մարմնավաճառներն ավելի շատ են վաստակում,- Միրիամենց հրեական ընտանիքի խոսակցությունից մի դրվագ է: Սերիալը ոչ միայն ու ոչ այնքան կնոջ պատմություն է, որքան «թաքնված ու զսպված» տաղանդի բացահայտման ընթացք, չափազանց «ճշտի մեջ» ապրող հերոսուհու ինքնաբացահայտում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Բացի այն, որ զարմանալի տիկին Մայզելի պատմությունը կլանող է ու թեթև, այստեղ նաև ամեն քայլափոխի մեղմ հումոր կա ու մի քիչ դրամատիզմ (Լեննի Բրյուսի տեսքով, ով, ի դեպ, իրական կերպար է եղել՝ 50-60-ականների կոմիկ): Միրիամի ու պրոդյուսերի՝ Սյուզիի կյանքը լավագույնս արտահայտում է նախորդ դարակեսերի ամերիկյան ապրելակերպը, ճաշակը, ոճն ու նորաձևությունը: Ընդհանրապես, այս սերիալը կարելի է նաև առանց ձայնի դիտել՝ զուտ գեղեցիկ զգեստները տեսնելու ու էսթետիկ հաճույք ստանալու համար: Այն «Էմմի» ու «Ոսկե Գլոբուս» ունի, եթե այսքանից «դափնիները» ձեզ հետաքրքիր են: Միսիս Մայզելի պատմությունն ընդամենը 3 սեզոն է։ «Միլիարդներ» (Billions), 2016 Աշխարհում ոչ բոլորին կարող է հետաքրքրել 60-ականներին ապրած Միսիս Մայզելի կյանքը, կան մարդիկ, ովքեր ավելի պրագմատիկ են, սիրում են արագ զարգացող իրադարձություններ, դժվար իրավիճակներ, միլիարդներ վաստակելու ժամանակակից մեթոդներ ու մեկ քայլ առաջ մտածող հերոսներ: Ուրեմն Billions~ Կինոյի տղա Բոբի Աքսիլիրոդն ամբողջովին տեղավորվում է ամերիկյան ժամանակակից ու հարուստ բիզնեսմենի կերպարում, որը նաև ընտանիքի հայր է, թիմի լիդեր ու դատախազի աչքի փուշ: Մանիպուլատիվ հնարքների ու մշտական հաշվարկների մեջ ապրող միլիարդատիրոջ ամեն օրը պայքար է իր բարձունքում ու մրցակցության մեջ մնալու և դրա հետ մեկտեղ անմրցելի լինելու համար: Սիրուն տղա Բոբիի թիկունքում կինն է ու նրա Axe Capital ընկերության հոգեբանը՝ մինչև հոգու խորք թափանցող հայացքներով: Billions-ի 4 սեզոն է նկարվել, այն այս ցանկի ամենաերկար սերիալն է, եթե դուր գա, մայիսին սպասեք 5-րդին: «Որսալով միտքը» (Mindhunter), 2017 Ոչինչ մեզ չի կարող ստիպել այդքան բան իմանալ, որքան գլխում ծագող «ինչու՞» հարցը: 80-ականների ամերիկյան FBI-ի երկու գործակալ՝ Բիլլ Թենչը և Հոլդեն Ֆորդը փորձում են հասկանալ, թե ինչու, ինչի համար, հանուն ինչի ու վերջապես ինչպես մարդը կարող է սերիական մարդասպան դառնալ՝ հենց այդ մարդկանց հետ խոսելով: Հերոսներն ուզում են հասկանալ ինչպես ու ովքեր են այն մարդիկ, ովքեր փոխում են երեխայի, պատանու, տղամարդու կյանքը՝ դարձնելով նրանց կամ սոցիումի անդամ կամ թշնամի (Այստեղ շատ նուրբ թելով քննարկվում է «մայրական ազդեությունը»՝ տղամարդու կյանքի, աշխարհընկալման վրա): Սերիալում գլխավոր թեման սկսվում է այսպես՝ ինչպես որսալ ուրիշի գլխի մեջ եղածն ու վերլուծել այն՝ հասկանալու համար, թե ինչպես հետագայում բացահայտել քրեական ծանր գործեր: Երկու հերոսներն ամբողջ սերիալի ընթացքում հանցագործի հոգեբանական դիմանկարը կազմելու փորձն են կատարում՝«հղումա նելով» դոկումենտալ փաստերի և իրական հանցագործությունների. Դևիդ Ֆինչերի նախագիծը նախորդ դարի երկրորդ կեսի ամենասարսափելի հանցագործների մասին է: Ասենք, օրինակ՝ բարձրահասակ, ակնոցավոր Էդ Քամփերի, ով նաև կտրել է մոր գլուխն ու կարևոր չէ՝ ինչ արել: Ֆիլմի հերոսները, ի դեպ, խոսում են նաև Չարլզ Մենսոնի, Դենիս Ռեյդերի, Ջերի Բրուդոսի ու այլ իրական կերպարների հետ: Ընդհանրապես, Mindhunter-ը շերտերի բաժանվող ու միտքը կտոր-կտոր անող դրամա է՝ համեմված սիրո, բաժանման, մայրության, ընտանիքի, ֆետիշների, արյան ու հազար ու մի այլ թեմայով: Ուրիշի մտքերը որսալու այս պրոցեսն ընդամենը 2 սեզոնում է տեղավորված: «Լրտեսը» (The Spy), 2019 Մի շնչով և շունչը պահած նայելու մինի սերիալ՝ հիմնված իրական փաստերի վրա: Այն պատմում է իսրայելցի լրտես Էլի Քոհենի մասին, որը երկրի հանդեպ սերն ու պարտքը տալիս է Դամասկոսում իր աշխատանք կատարելով: Էլին, ով ներկայանում է որպես սիրիական ծագմամբ մեծահարուստ, մոտենում է դամասկոսյան beau monde-ին՝ ճաշակելով լավ ապրուստի բոլոր հնարավորությունները, դրան զուգահեռ ներկայացվում է նաև նրա կնոջ, սև, երկար մազերով դերձակ Նադյայի «դժվար ապրուստը»: Ընդհանուր առմամաբ, սերիալում մեղմ ակնարկ կա, թե մերձավորարևելյան ներկա վիճակն արդյունք է 1960-ականներին ծլարձակած դիկտատուրայի, այստեղ հիշատակվում են նաև Հաֆեզ Ասադը (Բաշար Ասադի հայրն է, Սիրիայի 15-րդ նախագահը՝ 1971-2000-ին), Սադամ Հուսեյնը (զբաղեցրել է Իրաքի նախագահի, վարչապետի պաշտոնները 1979-2003-ին): Սերիալի հասցեին պատմական փաստերի իսկությունն աղավաղելու մասին քննադատություն ևս կա: Բայց բարդ հարցերի մեջ չխորանանք: Ավելի զարմանալի մի բան՝ լրտեսի գլխավոր ու դրամատիկ դերն այստեղ տանում է կատակերգական կերպարներով հայտնի Սաշա Բարոն Քոհենը՝ նա, ով խաղացել, օրինակ «Դիկտատորը» ու «Բորատ» կատակերգության գլխավոր հերոսի կերպարում: Մեկ սեզոնից կազմված մինի-սերիալը նկարահանվել է «Լրտեսը, որ գալիս է Իսրայելից» (L'espion qui venait d'Israël) գրքի հիման վրա: Այս պատմությունը 1 սեզոն է՝ ընդամենը 6 սերիա: «Սև հայելի» (Black Mirror), 2011 Սերիալների ցանկը կարող ենք ամփոփել Black Mirror-ով: Այս ցանկի, երևի թե, ամենահայտնի սերիալն է՝ սարսափելի ճշմարտություն այն մասին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան փոխել մեր կայնքը, շատ ուժեղ ու նկատելի ձևով ազդելով դրա որակի ու մեր ապրելակերպի վրա: Սերիալի սեզոնները մեկը մյուսի հետ կապված չեն սյուժետաին ընդհանուր գծով, այստեղ կարմիր թելն տեխնոլոգիական առաջընթացն է՝ այս չափազանց զգացական կյանքում: Եթե ցանկի մյուս բոլոր ֆիլմերն այնպիսին են, որ դիտելիս «թեթև հանգստություն» կա՝ դա ավարտվել է, ապա այստեղ դիտողին հետապնդելու է միտքը՝ սա դեռ չի եղել, բայց կարող է լինել: Մյուս բոլոր սերիալներում կարող եք ուղղակի դիտող լինել, իրադարձություններին վերևից ու ժամանակի միջից նայող, բայց այստեղ սերիալն է «ձեզ նայելու» ու դուք հերոսներից մեկն եք /լինելու/: Սերիալը 5 սեզոն է տևում՝ 3-6 սերիայով: «Հակառակ կողմում» (Counterpart), 2018 Եվս մեկ սերիալ՝ ինքդ քեզ նայելու համար, այս անգամ ոչ թե ապագայում, այլ զուգահեռ իրականությունում: Իսկ ի՞նչ, եթե այդպիսի բան կա՝ զուգահեռ իրականություն, որտեղ մեր բոլորի ալետր-էգոներն ապրում են բոլորովին ուրիշ կյանքով և, որ այս պահին ամենակարևորն է, առանց կորոնավիրուսի: Այս վարկածը, իհարկե, ապացուցված չէ, բայց ֆանտաստիկ թրիլլերում սյուժեն էլ ապացուցման ենթակա չէ: Սերիալը պատմում է Բեռլինում ապրող միջին տարիքի Հովարդ Սիլկի մասին, ով 30 տարի շարունակ բյուրոկրատական աշխատանք է արել ու աշխատանքային կյանքում երբեք չի ունեցել պաշտոնի բարձրացում կամ փոփոխություն: Նրա կյանքը հնարավորինս ձանձրալի է, սիրտն էլ` բարի` կյանքի ձանձրալի լինելու չափ: Հովարդը հենց աշխատավայրում հանդիպում է իր ալտեր-էգոյին, ով եկել է «հակառակ կողմից» ու, պարզվում է, կինոյի տղան է: Երկու Հովարդների ակնհայտ տարբերությունն իրականում նրանց բացառիկ նմանությունից է. մեկի մեղմ բնավորությունն ու մյուսի սառնասրտությունը պայմանավորել են իրենց ամբողջ կյանքի ընթացքը՝ զուգահեռ իրականություններում: Բոլոր կերպարներն այստեղ իրենց այլ Եսի հետ նույնական են մեծ հաշվով. նրանք ընդհանուր մանկություն ունեն ու հիշողություն: Որպես կողմնակի ազդեցություն՝ սերիալը նայելիս, մանավանդ մեկուսացման և ինքնամեկուսացման այս ժամանակներում, հնարավոր է, ձեր ալտեր-էգոյին ճանաչելու, գրկելու, փաթաթվելու, «մի բանով օգնելու» ցանկություն ունենաք, ու այսպես՝ 2 սեզոն: «Լքվածները» (The Leftovers), 2014 Հաստատ այս օրերին կարդացել եք տասնյակ հոդվածներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի աշխարհը կորոնավիրուսից հետո, կամ պարզապես ինքներդ եք այդ թեմայով մտորել։ Leftovers-ը նուրբ ու զգացական սերիալ է՝ ֆանտաստիկայի մինիմալ տարրով․ աշխարհից անսպասելիորեն անհետանում է մադկության 2 տոկոսը՝ մոտ 140 մլն մարդ, երբեմն՝ ամբողջական ընտանիքներով։ Մեծ ապոկալիպսիսին հետևում է փոքր ապոկալիպսիսների շարք, երբ մարդկանց անընդհատ հետապնդող «ինչո՞ւ հենց իմ հարազատին» հարցը ծնում է նոր դրամաներ, նոր կորուստներ ու ավերված նոր կյանքեր։ Սերիալի տևողությունը 3 սեզոն է: Եթե կարծում եք, որ սա ժամանակի կորուստ է ու կարանտինի ընթացքում ավելի լավ կլինի սերիալներին ժամանակ տրամադրելու փոխարեն աշխատել, օրինակ` անգլերենը զարգացնել, ապա դրան ևս ելք կա՝ դիտեք սերիալներն անգլերենով: Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |