Պատից այն կողմ կյանք կա

Պատից այն կողմ կյանք կա

Առաջարկվում է Կասկադին կից հանրային կենտրոն ստեղծել

Կասկադը, հարակից փողոցներն ու Մատենադարանը կապող տարածքը դարձնել հանրային նշանակության վայր՝ ավելացնելով ներդրումային, տնտեսական և տուրիստական պոտենցիալը։ Նման առաջարկ է արել Behind the Wall նախագիծը: Գաղափարը կյանքի կոչելու համար ընտրվել է նախագահական նախկին նստավայրի՝ այժմյան Պետական վերահսկողական ծառայության տարածքի պարսպից ներս ընկած կանաչ տարածքը։ Նախաձեռնողներն առաջարկում են պատի ապամոնտաժման միջոցով կանաչ գոտին վերադարձնել քաղաքին և այստեղ հիմնել հանրային նոր կենտրոն։

PanARMENIAN.Net - Behind the Wall-ը ստեղծվել է TL Bureau և Tarberak Architectural Studio ճարտարապետական արվեստանոցների գործակցությամբ։ Այն ցուցադրում է Երևանի գրավչությունը՝ ներկայացնելով ներուժը, ռեսուրսները, համեստ ներդրումների շնորհիվ զարգացման հնարավորությունները։ Ըստ ճարտարապետների՝ նախագիծը կօգնի ամբողջականացնել նաև տարածքի միասնականությունը և խոշոր մշակութային ռեսուրսը։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում TL Bureau-ի հիմնադիր Հայկ Զալիբեկյանը նշեց, որ Tarberak Architectural Studio-ի հիմնադիրներ Արմեն Հակոբյանի ու Կարեն Բերբերյանի հետ համատեղ ստեղծված նախագիծը նպատակ ունի Կասկադի գործարար ակտիվությունը դեպի հարակից թաղամասեր ուղղորդել։ Նրա խոսքով՝ իրենց առանձնացրած տարածքը մոտ 6000 քմ է, սակայն տարածքի ստույգ չափագրում չի արվել։ Հարցին՝ հնարավոր կլինի՞ այդ տարածքում տեղավորել ներդրումային ու հանրային նշանակություն ունեցող ռեսուրսներ, Զալիբեկյանը պատասխանում է՝ տեղ միշտ կա, նույնիսկ 3 քմ դեպքում։

«Հարկավոր է ճիշտ աշխատել ու մաքսիմալ ճիշտ և արդյունավետ օգտագործել քաղաքային տարածքները՝ ի նպաստ Երևանի։ Նախագիծը հանրային տարածքի տրամաբանության մեջ է, միաժամանակ առաջարկվում է նաև ստեղծել, օրինակ, թանգարանային միասնական կենտրոն»,- մանրամասնեց Զալիբեկյանը։

Ճարտարապետական արվեստանոցները նախագիծը ներկայացնելիս ասում են՝ Կասկադը միաժամանակ կտրում է մի քանի փողոցի հորիզոնական կապը և դրանով արգելակում նրանց զարգացումը։ Ըստ նրանց՝ Կասկադի զարգացումը նույնպես, փաստորեն, կանգ է առել, և իր ներկա վիճակով այն հասել է զարգացման գագաթնակետին, իսկ շրջապատող տարածքը, բլուրն ի վեր, պատված է սեփական տներով և փաստացի քաղաքի համար ոչինչ չի գեներացնում։

Նախագծի հեղինակների համաձայն՝ այդ կապի վերականգնման հանար անհրաժեշտ են հարմարավետ և լուսավորված հարթակներ, աստիճաններ և թեքահարթակներ․ դրանք բավարար կլինեն Կասկադի գործարար ակտիվությունը դեպի հարակից թաղամասեր ուղղորդելու համար։

Զալիբեկյանը պատմեց՝ նախագիծը որևէ պատկան մարմնի կամ մրցութային ծրագրի չի ներկայացվել․ այն ճարտարապետական 2 արվեստանոցի մտորումների արդյունք է, իրենց տեսլականը՝ քաղաքի զարգացման վերաբերյալ։

Հանգուցալուծելով Կասկադը, հարակից փողոցները և Մատենադարանը, նախագիծը Երևանին թույլ կտա ստանալ հանրային նոր կենտրոն, նոր կապեր, ինչպես նաև հնարավորություններ՝ ավելացնելու ներդրումային, տնտեսական և տուրիստական պոտենցիալը, բացի այդ՝ սեփական բնակիչների համար այն առավել գրավիչ դարձնելու։

Մատենադարանի և Կասկադի հարևանությամբ գտնվում են մի շարք թանգարաններ, թատրոններ, նաև Գեղարվեստի պետական ակադեմիան։

Զալիբեկյանն ասում է, որ քաղաքը նոր սերնդին կարող է գրավել կամ վանել բարեկեցիկ միջավայրով՝ մատչելի, անվտանգ, հարմարավետ ու հագեցված լինելով:

«Հանրային վայրերը, զբոսայգիները, ճիշտ նախագծված փողոցները դառնում են ֆինանսական կայունության գրավական՝ լինելով գրավիչ տնտեսապես ակտիվ բնակչության համար։ Այսպիսով, որքան հաջողակ է քաղաքը, այնքան ավելի մտածված և որակով է օգտագործվում դրա յուրաքանչյուր սանտիմետրը։ Հատկապես, դա տեսանելի է քաղաքի ամենաթանկարժեք հատվածում՝ կենտրոնում»,- եզրափակեց ճարտարապետը։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---