Հարրի Փոթերը 40 տարեկան է

Հարրի Փոթերը 40 տարեկան է

Տղա մոխրոտի պատմությունը

Բոլոր ժամանակների ամենահայտնի կախարդը 40 տարեկան 1 օրական է. ուղիղ այդքան ժամանակ առաջ, հուլիսի 31-ին ծնվեց Ջեյմս և Լիլի Փոթերների միակ որդին, որին վիճակված էր 1 տարի 4 ամիս անց որբանալ՝ կանգնեցնելով ամենազազրելի մագերից մեկին՝ Վոլդեմորին։ Նա ողջ մնաց, որ տարիներ անց մեռներ, որ մեռներ նաև Վոլդեմորը։ Իրականում սա մի առժամանակյա պատմություն է սիրո, ընկերության, մահվան, խտրականության ու կյանքի մասին։

PanARMENIAN.Net - Որբ երեխա, խորթ ընտանիք, մաշված շորեր, նվաստացումներ․․․ ծանոթ պատմություն է, չէ՞։ Այո, բայց Շառլ Պերոյի «Մոխրոտը» չէ։

Որոշ գրականագետներ Փոթերին կոչում են «Տղա մոխրոտ»։ Հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, որը Հարրիին հայերեն է խոսեցնում, վստահ չէ, որ Ռոուլինգը կհամաձայներ նման մոտեցման հետ, բայց ասում է՝ չկա ոչ մի կարևորված գեղարվեստական երկ, որը չունենա բանահյուսական հիմք։

Իսկ Հարրի Փոթերի վիպաշարում, բանագետի աչքերով, հաստատապես երևում են «Մոխրոտի» մոտիվները․ միշտ բոլոր արտակարգ երեխա-պատանի հերոսներն ունեն նրան հատուկ առանձնահատկություններ․ ծնողազուրկ լինելը, մոտ ազգականի կողմից ճնշվելը, կիսաքաղց վիճակը, մեծ եղբոր կամ զարմիկի արդեն հագած շորերը կրելը։ Բայց նման իրավիճակն օգնում է, որ հերոսը` հաղթահարելով այդ ամենը, հանդես գա որպես կատարյալ մեկը։

«Թեև ի վերուստ Հարրիին արդեն կանխորոշված էր իր ով լինելը, այդ փորձություններն իրեն օգնեցին բոլորովին տարբեր մեկը դառնալ», - նշում է թարգմանչուհին։

Դդումներով Հագրիդը՝ կնքահայր, և «Մոխրոտի»` դդումներով կնքամայրը

Թեև Հարրի կնքահայրը Սիրիուս Բլեքն էր, այդ դերն ինչ-որ չափով ստանձնել էր Հագրիդը։ Նա Հարրիի հովանավորն էր, պաշտպանողը։ Իր բանջարանոցում դդումներ աճեցնող Հագրիդը զուգահեռվում է Մոխրոտի համար դդումը կառք դարձնող փերի կնքամոր կերպարի հետ։

Բոլոր մոխրոտներից ամենամասսայականի հաջողության գաղտնիքը

Բանագետի խոսքով՝ տեքստաբանության մեջ կա տեքստի ավտոնոմիա երևույթը, երբ գրված տեքստն ընթերցողի ձեռքերում պարուրվում է իմաստներով, որոնք հեղիանկը գուցե ամենևին էլ նկատի չուներ, որովհետև յուրաքանչյուր ընթերցող կարդում է իր պատմությունը, տեսնում իր համար տողերի արանքում գրվածը։

«Դա ավելի մեծ ընթերցողական վայելք է, քան, ենթադրենք՝ թրոլների, բոգարտների և այլ դեմենթորների հայտնվելը․ դա մատչելի է, դա այն է, ինչ մեզ Ռոուլինգը ցույց է տալիս, և միշտ ավելի հետաքրքիր է այն, ինչ դուք ինքներդ եք հայտնաբերում, ավելի հետաքրքիր է այն, ինչ ենթադրյալ է, քան ինչպես հեղինակն ակնհայտորեն ցույց է տալիս»։

Մանավանդ մանկապատանեկան տարիքի ընթերցողն իրեն նույնականացում է Հարրի ընտրյալ լինելու կերպարի հետ։ Հարրին օգնում է զգալ, որ նույնիսկ ամենախեղճ, ամենախոնարհ և ամենատկար երեխան կարող է ընտրյալ լինել։

«Իսկ գուցե կոմպեսացնելու համար իր սոցիալական և ֆիզիկական խոցելիությունն ընտրյալ բացառիկության մենաշնորհը տրվում է Հարրի Փոթերին և ընթերցողին, համենայն դեպս այդ տարիքի ընթերցողին»,- բացատրում է Ալվարդ Ջիվանյանը։

Գրքում մոտ 700 կերպար կա, եթե ոչ Հարրիի, ապա նրանցից մեկի հետ քեզ անպայման կնույնականացնես։

Հեքիաթագետը գրքում զգում է Ռոուլինգի ներկայությունը և իրեն նույնականացնում է հենց հեղինակի հետ։

«Ինձ համար Ռոուլինգն այդտեղ ներկա է որպես մայր, խիստ մայրական կերպար է և՛ Հարրի համար, և՛ մյուսների։ Ես չգիտեմ որևէ այլ մանկական գիրք, որտեղ կլինի այդքան կերակուր, երեխաներին կերակրելու, լիացնելու տեսարաններն անտարակույս խոսում են Ռոուլինգի մայրական էության, բնության մասին»։

Ի դեպ, այս տեսանկյունից պատահական չէ, որ հեղինակ Ռոուլինգը և Հարրիին ծնվել են նույն օրը՝ 15 տարվա տարբերությամբ։ Հարրին արդեն հասուն տղամարդ է, երևի թե լավ ամուսին ու նաև հայր։ Հարրին իր կռիվը կռվել է։ Իսկ մեզնից ձեզ խորհուրդ․ մոտներդ շոկոլադ պահեք, պետք կգա Դեմենթորների հետ հանդիպմանը™։

2016 թվականից «Զանգակ» հրատակաչությունը հայալեզու ընթերցողին է ներկայացնում Հարրի Փոթեր մասին վիպաշարը։ Մեր զրուցակիցը՝ հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, հիմա աշխատում է Հարրի Փոթեր վիպաշարի 5-րդ մասի վրա, որը թարգմանիչը հույս ունի՝ լույս կտեսնի 2021-ի սկզբին։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---