Դատարկ փեղկերի առասպելը

Դատարկ փեղկերի առասպելը

Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ

Քաղաքական կամ տնտեսական զարգացումներից տեղյակ չլինելու դեպքում կարելի է պարզապես նայել խանութի դատարկ փեղկերին և աշխարհաքաղաքական իրավիճակի մասին հստակ պատկերացում կազմել։ Վերջին օրերին հայաստանյան խանութներում ալյուրի, ձիթայուղի և շաքարավազի պակասուրդը տխուր հիշողություններ արթնացրեց կորոնախուճապի մասին։

PanARMENIAN.Net - Որքան էլ զարմանալի է, խուճապային գնումների ֆենոմենը միայն հայերինը չէ և այս երևույթն էլ ինքնին նորություն չէ։ Դեռ 1962֊ին Կարիբյան ճգնաժամի օրերին միջուկային պատերազմի իրական սպառնալիքի ֆոնին ամերիկացիները դատարկել էին պահածոների փեղկերը և թաքնվել էին նկուղներում։

Սպառողական խուճապի պատճառներն ու հետևանքները քննարկելուց առաջ հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում՝ այսօր։ Կառավարությունը պնդում է, որ պարենային ճգնաժամ մեզ չի սպառնում, պաշարները բավականացնելու են, պակասուրդ չի կանխատեսվում։ Սրան զուգահեռ սպառողները լսում են, որ Ռուսաստանը՝ ցորենի մեր հիմնական մատակարարը մինչև սեպտեմբեր դադարեցնում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ տարածքում։ Խուճապային տրամադրություններն ահագնանում են գնաճի ֆոնին։ Սրան գումարվում են խանութներում երկար հերթերն ու զանգվածային խուճապային գնումները դառնում են անկառավարելի։ Այստեղ կարևոր է նշել, որ վիճակագրական կոմիտեի տվյալով սպառողական շուկայում տարեկան գնաճը 6.5% է կազմել։ Հայաստանում խուճապային գնումների մեկ այլ թարմ օրինակ էլ համավարակային առաջին սահմանափակումների ֆոնին խանութներից լույսի արագությամբ անհետացող պահածոները, բժշկական դիմակներն ու զուգարանի թուղթն էին։ 2020-ի մարտի 2֊ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում որևէ պարագայում խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն»։ Այս հայտարարությանը հաջորդող ամիսներին խուճապային գնումների, կոչերի և տեղաշարժի պակաս չեղավ։

Խուճապային այս ալիքը տարածվել էր ամբողջ աշխարհում։ Ձեռքերի ախտահանիչ միջոցների վաճառքը համավարակի առաջին շաբաթներին ավելացել էր 800% տոկոսով։ Մոտավորապես նույն պատկերն է նաև այս օրերին։ Ռուս֊ուկրաինական պատերազմի ֆոնին Իտալիայի սուպերմարկետներում դատարկ են պաստայի փեղկերը։ Նորվեգիայում միջուկային պատերազմի վախից դեղատներում սպառվել է յոդը։ Գերմանիայում սահմանափակվում են պարենային անհրաժեշտ պաշար հավաքելով։

Հիմա հասկանանք, թե հոգեբանական ինչ մեխանիզմ է թաքնված խուճապային գնումների հիմքում։ Բրիտանացի և ոչ միայն բրիտանացի գիտնականներն ու հոգեբանները բազմաթիվ հետազոտությունների և հարցումների արդյունքում առանձնացրել են վարքագծային առանձնահատկությունների մի քանի կետ։ Նախ, հոգեբանները փաստում են, որ մարդիկ ունեն որոշումներ կայացնելու երկու մակարդակ ՝ տրամաբանական և հուզական։ Այսպես կոչված «տրամաբանական միտքը» հստակ հաշվարկներ է անում, դիտարկում փաստերն ու ապացույցները։ «Հուզական միտքն» ինտուիտիվ է, հիմնվում է պատկերացումների և զգացմունքների վրա։ Տրամաբանական միտքն ասում է՝ «ոչ, ես կարիք չունեմ գնելու ևս մեկ զուգարանի թուղթ»։ Փոխարենը, հուզական միտքն ասում է՝ «դե, ավելի լավ է ապահով լինեմ, քան հետո փոշմանեմ, որ չեմ գնել»։ Հուզական միտքը «տեսողական հիշողություն» ունի և սոցցանցերում տարածվող դատարկ փեղկերի և երկար հերթերի կադրերը միանգամից կարմիր ազդանշանի պես հուշում են, որ մյուսներից հետ մնալ չի կարելի։

Երկրորդ նշանը կարող ենք անվանել սպասողական անհանգստություն։ Սա հատկապես սրվում է կանխատեսելիության պակասի դեպքում։ Կորոնավիրուսի առաջին ամիսներին մարդիկ չգիտեին, թե առողջապահական և սոցիալ֊տնտեսական ճգնաժամը ինչ մասշտաբների է հասնելու։ Հետևաբար նախընտրում էին ապահովագրել իրենց և պատրաստ լինել ամենավատ սցենարին։ Այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ վախը վարակիչ է։ Խուճապը՝ ևս։ Մարդիկ կարող են տագնապի և վախի զգացում ունենալ նույնիսկ առանց հստակ և ռացիոնալ հիմքի։ Արդյունքում իրար անծանոթ մարդիկ կարծես ինքնաբուխ կերպով մեկ հոսանքի մեջ են մտնում ու ասում՝ «եթե նա 5 կգ ալյուր է գնում, ավելի լավ է ես 10 կգ գնեմ»։ Այս երևույթն այլ կերպ անվանում են նաև «երամի մտածելակերպ»։ Մարդը սոցիալական էակ է և ցանկացած իրավիճակ նաև մեկնաբանում է՝ հիմնվելով իր շրջապատի մարդկանց պահվածքի և արձագանքի վրա։ Երամի մտածելակերպի դրդում է անջատել դատողությունը և անել այն, ինչ անում են մյուսները։

Հոգեբանների մեկ այլ հետազետություն էլ փաստում է, որ մարդի անհադուրժող են անորոշության նկատմամբ։ Անորոշ իրավիճակներում մեր ուղեղն առաջին հերթին վատ հետևանքների և բացասական ու հիասթափեցնող արդյունքի մասին է մտածում։ Հետևաբար արթնանում է ինքնապաշտպանական բնազդը։ Կորոնավիրուսի դեպքում օրինակ, խուճապային տրամադրությունների համար անորոշությունն ամենաորոշիչ գործոնն էր։ Սա մեզ բերում է խուճապային գնումներին նպաստող հաջորդ գործոնին՝ վերահսկողության զգացման անհագ ցանկություն։ Անորոշություն նշանակում է նաև անվերահսկելիություն, հետևաբար մարդիկ ամեն կերպ փորձում են իրավիճակը վերահսկելու միջոցներ գտնել։ Խուճապային գնումները մարդկանց մոտ ստեղծում են տպավորություն, թե իրենք վերահսկում են իրավիճակը։ Նոր հազարամյակում հոգեբանական այս բոլոր գործոննեներերին գումարվել է ապատեղեկատվության անվերահսկելի հոսքը։ Միջազգային բազմաթիվ զեկույցներ ցույց են տալիս, որ տեղեկատվական պատերազմում մարդիկ առավել, քան երբևէ խոցելի են։ Սոցցանցում ցանկացած ասեկոսե և դավադրության տեսություն մի քանի ժամում կարող է հասնել միլիոնավոր մարդկանց։

Անշուշտ, խուճապային գնումները միայն վերջին տարիների ֆենոմեն չեն։ Կարելի է ենթադրել, որ երբ ասում են, թե պատմությունը կրկնվում է, նկատի ունեն նաև հանրության վարքագիծը։ Օրինակ 1973֊ին Միացյալ Նահանգներում զուգարանի թղթի խուճապային գնումներ սկսվեցին, երբ «The Tonight Show»֊ի հաղորդավար Ջոնի Քարսոնն իր մոնոլոգներից մեկում այդ թեմայով անմեղ հումոր արեց։ Դրան նախորդել էր նույն թեմայով կոնգրեսականներից մեկի հայտարարությունը։ Դրանից մի քանի տասնամյակ առաջ էլ՝ 1918֊ին, իսպանական գրիպի առաջին ամիսներին մարդիկ դատարկում էին խանութները և դեղատները, փորձում մահացու հիվանդությանը որևէ կերպ դիմագրավել։ 2001֊ին Միացյալ Նահանգներում Սեպտեմբերի 11ի ահաբեկչական հարձակումներից հետո ամբողջ աշխարհում ոսկու և նավթի խուճապային գնումներ սկսվեցին, ինչը հանգեցրեց ռեկորդային թանկացումների։

Անշուշտ, ճգնաժամային իրավիճակներում խուճապային գնումները հաճախ անիմաստ են, բայց կան դեպքեր, երբ այդ գնումները ոչ միայն անհրաժեշտ են, այլև սովի չմատնվելու միակ հնարավորությունն են։ Վենեսուելայում օրինակ, 2016 թվականից պարենային ճգնաժամն այնքան խորացավ, որ ՄԱԿ֊ի տվյալով Վենեսուելայի ամեն երրորդ բնակիչ 2020֊ին օրվա կտրվածքով բավարար սնունդ չուներ։ Կարևոր է նշել, որ երկիրը ոչ պատերազմի մեջ էր, ոչ էլ ճգնաժամային չնախատեսված ինչ֊որ իրավիճակում։ Տնտեսագետների պնդմամբ, ստեղծված իրավիճակը Վենեսուելայի իշխանության տարիներ ձգվող կոռուպցիայի և սխալ կառավարման հետևանքն է։ Սնունդ գնելն այնքան խնդրահարույց է դարձել, որ արդեն վաճառվում է սև շուկայում։ Բնակիչներն ասում են, որ սնունդ վաճառելն ավելի եկամտաբեր բիզնես է դարձել, քան թմրանյութ վաճառելը։ Համատարած սովի պատճառով մի քանի անգամ ավելացել էր կողոպուտների թիվը։ Կար մի շրջան, երբ վիճակն այնքան ծայրահեղ էր, որ սննդի արդյունաբերության ձեռնարկությունները և սուպերմարկետներն անցել էին երկրի բանակի վերահսկողության տակ։ Զինվորականները համակարգում էին սննդի արտադրությունն ու բաշխումը։

ՄԱԿ֊ի զեկույցները փաստում են, որ համավարակով պայմանավորված աշխարհում սովի մակարդակը զգալիորեն աճել է։ 2020֊ին բնակչության շուրջ մեկ տասներորդը՝ ավելի քան 811 միլիոն մարդ թերսնուցված է եղել։ Այս մարդկանց կեսից ավելին Աիսայում է ապրում, մյուսները՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում։ Մարտահրավերները ամեն տարի ավելի սուր և հրատապ են դառնում։ Սոցիալ֊տնտեսական, աշխարհաքաղաքական հարցերին գումարվում են նաև առողջապահական և բնապահպանական երկարաժամկետ մարտահրավերները։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ Ինչքան են վաստակում ԱՊՊԱ-ները ՀՀ-ում
---