Ինչպես ՀՀ-ի չափ լինելով կերակրել աշխարհի կեսը

Ինչպես ՀՀ-ի չափ լինելով կերակրել աշխարհի կեսը

Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը

Հայաստանում խիստ սակավաջրության պատճառով 2021 թվականին գյուղատնտեսական ոլորտում 1.1% անկում է արձանագրվել։ Սա ըստ կառավարության հաշվետվության։ Աշխարհում սովի պայմաններում է ապրում մոտ 800 միլիոն մարդ։ Սա էլ ըստ ՄԱԿ-ի։ Համատարած խնդիրների մեջ Նիդերլանդները հույսի ծաղիկ է դարձել, բայց երկիրը միայն հոլանդական վարդով չէ հայտնի։

PanARMENIAN.Net - Մինչ 29,700 քկմ տարածքով Հայաստանում գյուղատնտեսության նախարարությունն էին փակում, մեր երկրից չափերով ոչ շատ մեծ 41,500 քկմ տարածքով և 17 միլիոն բնակչությամբ խիտ բնակեցված Նիդերլանդները գյուղատնտեսական հեղափոխությամբ աշխարհին զարգացման նոր մոդել էր առաջարկում։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես փոքր պետությունը սկսեց կերակրել ամբողջ աշխարհին։

Հստակ բանաձև է, եթե երկիրն ուզում է զարգաց տնտեսություն ունենալ, պետք է ներդրումներ անի գյուղատնտեսության մեջ։ Ինչպես բոլոր ոլորտներում, տնտեսության համար առանցքային այս ճյուղը ևս պետք է ժամանակի սահմանած կանոններով շարժվի։ Հետամնաց գյուղատնտեսությունը, որը չի արտացոլում ներկայի հնարավորությունները՝ դատապարտված է։ Նիդերլանդներում ներկան արդեն մի կողմ են թողել, կենտրոնացել են ապագայի վրա։ Այս երկիրը կոտրում է կարծրատիպերը, թե գյուղատնտեսական հաջողությունը պայմանավորված է միայն կլիմայով, հողի տեսակով կամ աշխարհագրական դիրքով։ Եվ այնպես չէ, որ Նիդերլանդներում գյուղատնտեսության համար խնդիրներ չկան՝ բնակավայրերը խիտ են բնակեցված, բերքն արևի լույս հազվադեպ է տեսնում, երկրի տարածքի մոտ մեկ երրորդն էլ ծովի մակերևույթից ցածր է։

Գյուղատնտեսական մթերքների արտահանմամբ Նիդերլանդները զիջում է միայն իրենից 200 անգամ մեծ Միացյալ Նահանգներին։ 2021-ին արտահանման արժեքը կազմել է ռեկորդային՝ 104.7 միլիարդ եվրո։ Բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսության գաղտնիքն առաջին հերթին շղթայի տարբեր փուլերում աշխատող մարդկանց գործակցությունն է։ Կառավարությունը, ֆերմերներն ու գիտնականները մեկ ընդհանուր մարմնի պես են աշխատում, դրա համար էլ համեմատություններ անելիս փորձագետներն ասում են, որ Նիդերլանդների գյուղատնտեսությունը ոչ թե 2022 թվականում է, այլ 3022:

Բելգիայի հետ սահմանին հոլանդացի Յակոբ վան դեն Բորնը հեռվում նստած՝ հեռակառավարման վահանակով համակարգում է իր կարտոֆիլի ֆերմաները։ Նա վերահսկում է երկու դրոն՝ մեկն առանց վարորդի տրակտոր է, որը շրջում է դաշտերում, մյուսն էլ օդում է՝ մանրամասն տեղեկություններ է տալիս սննդանյութերի, բերքի աճի, հողի տեսակի, ջրի պարունակության մասին։ Եվ ամենակարևորը՝ յուրաքանչյուր կարտոֆիլ անհատական մոտեցման է արժանանում։ Հոլանդական մոդելը հստակ է՝ արտադրիր երկու անգամ ավելին, օգտագործելով եղած ռեսուրսների կեսը։ 2000 թվականից հետո ֆերմեր Յակոբը ոռոգման ջրի սպառումը կրճատել է մոտ 90%֊ով։ Գրեթե ամբողջությամբ հրաժարվել է ջերմոցներում թունաքիմիկատների օգտագործումից։ Իսկ դաշտերում կարել է տեսնել ցերեկն արևի տակ փայլով և հայելիներ հիշեցնող հսկայական համակարգերը։ Հենց այսպիսի տեսք ունեն հոլանդական ջերմոցային համալիրները, որոնք կարող են մի քանի տասնյակ հեկտարի հասնել։

Աշխարհի ամենամեծ գյուղատնտեսական կազմակերպությունների ցանկում հոլանդական 12 ընկերություն կա, բայց այս երկիրը հատկապես կարևորում է փոքր ֆերմաների, ընտանեկան բիզնեսների հաջողությունը։ Հաջողության մասին խոսելիս հոլանդական մոդելի կերտողներն ասում են, որ իրենց հաջողությունն առաջին հերթին լաբորատորիաներում է սկսվում։ Օրինակ՝ համալսարաններից մեկը մշակել է հոլանդական ջերմոցներում բանան աճեցնելու նոր տեխնիկա՝ օգտագործելով կոկո տորֆ և հանքային բամբակ։ Կաթնամթերքը Նիդերլանդների արտահանման հիմնական մթերքներից է, բայց կենդանիներին կերակրելն ինչ֊որ փուլում կարող է խնդրահարույց դառնալ։ Դրա համար նույնպես լուծում գտել են։ Հոլանդական մի կազմակերպություն մոտ 30 տարի մշակել է կեր՝ օգտագործելով սննդի թափոնները կամ մնացորդները։ Դեն նետած սննդամթերքից այս մարդիկ տարեկան 90,000 տոննա կեր են ստանում։

Կայուն զարգացման հաջողված մոդելը ամրապնդելու և զարգացնելու համար հոլանդական գյուղատնտեսությունն աշխատում է հիմնվել վերականգնվող էներգիայի վրա։ Եվ առհասարակ՝ բոլոր նորարարություններից և հեղափոխական գաղափարներից այնդին, հոլանդական հաջողության պատմությունն առաջին հերթին ռեսուրսների օպտիմալ օգտագործման արդյունք է։ Թե ինչպես 14 հեկտար հողատարածքում տարեկան 100 միլիոն լոլիկ աճեցնել՝ կարող են պատմել միայն հոլանդացի ֆերմերները։ Իսկ եթե օրինակ գյուղական համայնքներներում դաշտերը չեն հերիքում, հոլանդացիներն անցնում են քաղաքների բարձր շինությունների տանիքներին։ Եվ ամենակարևորը՝ Նիդերլանդներում այս արդյունքին մեկ գիշերում չեն հասել։ Տասնյակ տարիների համակարգված աշխատանքի արդյունք է։ Պետական ֆինանսավորմամբ, գիտնականների ներգրավմամբ և ֆերմերների մասնակցությամբ։

Եվ կրկին պարենային անվտանգության մասին։ ՄԱԿ֊ի տվյալով մինչև 2050 թվականն աշխարհի բնակչության թիվը կգերազանցի 9 միլիարդը։ Սա նշանակում է, որ գյուղատնտեսական մատակարարման շղթան լուրջ մարտահրավերների առաջ կարող է կանգնել։ Ամբողջ մարդկությանը կերակրելու համար անհրաժեշտ կլինի 56% ավելի շատ սննդամթերք արտադրել, խուսափել անտառահատումներից, դե իսկ կլիմայի փոփոխությունն էլ միայն կբարդացնի իրավիճակը։ Այս վատատեսական սցենարի լավատեսական նոտան Նիդերլանդերի օրինակն է։ Այս մեծ ներուժով փոքր երկիրը զարգացող երկրներին առաջարկում է ուսումնասիրել հաջողության իր մոդել և կիրառել։ Հոլանդացիներն էլ պատրաստ են գյուղատնտեսական ապրանքներից բացի կիսվել նաև փորձով։ Մնում է միայն, որ օրինակ Հայաստանում, այս առաջարկի մասին լսեն ու մտածեն։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ Ինչքան են վաստակում ԱՊՊԱ-ները ՀՀ-ում
---