Կամուրջ ակնավայելի և ականջահաճոյի միջև

Կամուրջ ակնավայելի և ականջահաճոյի միջև

«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների

«Երեք շիշ գինի». ոչ, սա լավ Friday night-ի համար անհրաժեշտ գնումների ցանկից մի տող չէ, սա մի համեմատաբար նոր ու շատ տարբերվող երաժշտական նախագծի անվանում է։ Այս նախագծում ամեն ինչն է յուրօրինակ՝ թե՛ անվանումը, թե՛ կոնցեպտը։

PanARMENIAN.Net - Նախագծի հեղինակը՝ Վարդգես Հովեյանը, հայ երաժշտասերներին հայտնի է իր FairWind խմբով, որն արդեն տարիներ շարունակ ռոքնռոլային տրամադրություն է ստեղծում, ինչպես նաև «Սավարշավանա» երաժշտական նախագծով, որի հիմնադիրն է։ «Երեք շիշ գինի»-ն լրիվ այլ նախագիծ է՝ այլ ասելիքով, այլ ոճի մեջ, իր ուրույն ուղերձով ու զարգացման ճանապարհով, որոնց մասին էլ ինքը՝ Վարդգեսը պատմել է PanARMENIAN.Net ի հետ զրույցում։

Գինու գավաթի շուրջ մտածված նախագիծ

«Մի օր ընկերներիցս մեկի ծնունդին ընկերս՝ նկարիչ Վահագն Համալբաշյանի և մյուս ընկերոջս՝ երաժիշտ Միքայել Ոսկանյանի հետ շփվում էինք, քննարկում, որ կարելի է կազմակերպել ինչ-որ ֆորմատի միջոցառումներ նկարիչների արվեստանոցներում, քանի որ նկարիչները, երևի, այն եզակի արվեստագետներն են մնացել, որոնք չունեն իրենց հատուկ մասնագիտական թվային հարթակները, եթե չհաշվենք պայմանական Instagram-ն ու Behance-ը։ Բայց դասական նկարիչները չունեն տեղ, որտեղ կարող են ցուցադրել իրենց ամենօրյա աշխատանքը։ Օրինակ՝ նույնիսկ ամենավատ երաժիշտը կարող է իր սեթը դնել SoundCloud-ում կամ Spotify-ում, ու մի քանի համակիր և ունկնդրող գտնել, կամ լուսանկարիչը կարող է Ինստագրամում դնել իր նկարները, դիզայներները և վիդեոգրաֆները՝ Behance-ում, բայց նկարիչները չունեն նման հարթակ։ Ես էլ միշտ հիացել եմ արվեստանոցներում տիրող magic-ով, որովհետև ամեն արվեստանոց մի առանձին աշխարհ է։ Ու մտածեցի, որ պետք է սկսել մի նախագիծ, որը կլինի կամուրջ երաժիշտների ու նկարիչների միջև», - պատմում է Վարդգեսը։

Այդ զրույցը մոտ մեկ տարի առաջ է տեղի ունեցել։

«Քանի որ այդ թեմայից խոսելու ժամանակ գինի էինք խմում, ես ասացի՝ «շատ կայֆ կլինի, որ երեքը լինեն նախագծի մասնակիցները, «կվարտիրնիկ» ֆորմատի հանդիպումներ լինեն նկարիչների մոտ», ու այդ պայմանական նախագիծն անվանեցի «Երեք շիշ գինի»։ Եվ այդպես, որոշեցինք ու չարեցինք, ոնց միշտ է լինում», - հիշում է խմբի ֆրոնտմենը։

4 ալբոմ, 8 երգ, 4 արվեստանոց, 8 երաժիշտ և ընդամենը 1 օպերատոր

«Հետո մի որոշ ժամանակ արձակուրդում էի, տանն էի, ու գրեցի 10-12 հատ գործ, փորձում էի հասկանալ՝ նախագծերիցս որին կհամապատասխանեն այդ գործերը, ու եկա այն մտքին, որ դրանք լրիվ նոր ձևաչափի են։ Այդտեղ հասկացա, որ պետք է փորձեմ «Երեք շիշ գինին» կյանքի կոչել։ Որոշեցի, որ ամեն անգամ կընտրեմ իմ հեղինակած երկու երգ, կընտրեմ երկու տարբեր ժանրի երաժիշտների և նրանց կուղարկեմ այդ երգերը։ Երաժիշտները կսկսեն «առանժիրովկան» անել, որտեղ իրենք իրենց «կբացահայտեն», ես չեմ թելադրի իմ ճաշակը, նրանք հնարավորություն կունենան ցույց տալու իրենց «երաժշտական գույնը»։ Առաջին երկու գործն ուղարկեցի ջազ սաքսոֆոնիստ Դավիթ Մելքոնյանին ու «Կավիճին» (Վաչե Ղարիբյան), ում հետ երկար տարիներ միասին երաժշտություն ենք ստեղծել։ Շատ հետաքրքիր գործեր ստացվեցին, որոնց երաժիշտներն ավելացրին իրենց ոճը, և վերջում ստացվեց գեղեցիկ մինի ալբոմ, որն անվանեցինք Vol. 1 Vahagn Hamalbashyan և բոլոր հոլովակները նկարահանեցինք Վահագնի արվեստանոցում», - նշում է Վարդգեսը։

Այս պահի դրությամբ պատրաստ է չորս մինի ալբոմ, այսինքն՝ 8 երգ. ամեն ալբոմում իրար հետ երկու նոր երաժիշտ է գործակցում։ Առաջին մինի ալբոմը ձայնագրվել է 2022-ի ամռանը, օգոստոսին արդեն պատրաստ էին հոլովակները, որոնք նկարահանվել են Վահագն Համալբաշյանի արվեստանոցում. «Երկրորդ ալբոմը՝ Նարեկ Վանի, երրորդը՝ Սամվել և Միքայել Մարտիրոսյանների արվեստանոցում։ Առաջինում ջազ և ռոք երաժիշտներ են, երկրորդում՝ ֆոլկ երաժիշտ Միքայել Ոսկանյանը և ալտերնատիվ երաժիշտ Ռոբ Խուդավերդյանը, երրորդ ալբոմում նվագում է Էդուարդ Փեշթմալջյանը, ով ֆանտաստիկ երաժիշտ է, նույնիսկ ժանրը չեմ կարող նշել, և թավջութակահար Մարիա Արիստակեսյանը։ Բոլորովին վերջերս լույս տեսած չորրորդ ալբոմը՝ Vol. 4 | VRJ KSSNY-ն ստեղծել ենք կոնտրաբասիստ Դեյվ Գեոդակյանի և շեփորահար Տիգրան Սուչյանի (Տոտի) հետ, իսկ նկարահանել՝ նկարիչ Վրեժ Քասունու արվեստանոցում»։

Բոլոր երգերի համար պարտադիր նկարվում են հոլովակներ, շեշտում է Վարդգեսը. «Կարելի է ասել, որ «Երեք շիշ գինի» պրոյեկտի միակ հիմնական անդամը, ինձնից բացի, մեր ռեժիսոր-օպերատոր Արսեն Ավդալյանն է. նա մասնակցում է բոլոր հոլովակների նկարահանմանը»։

Կամուրջ երաժիշտների և նկարիչների միջև

«Նախագծի իմաստը կամուրջ կառուցելն է երաժիշտների և նկարիչների միջև, ու համատեղ հրաշք ստեղծելու արդյունքում՝ ցույց տալ այն միջավայրը, որում ստեղծագործում են այդ արտիստները։ Նպատակն է նաև հնարավորինս շատ հայ երիտասարդ ու տաղանդավոր նկարիչների ցույց տալը, հնարավորինս շատ ու բազմաժանր երաժիշտների իրար հետ կապելը՝ ցույց տալով, որ չկան ժանրային ու ոճային սահմաններ։ Երբ երգը պատրաստ է, փորձում եմ հասկանալ՝ ում է այն ավելի շատ համապատասխանում՝ դատելով նկարչի գործերից, բնավորությունից։ Օրինակ՝ Նարեկ Վանի ընտրության դեպքում (Նարեկը խորացած է ազգային թեմաների մեջ) մենք ունեինք թառ (Միքայել Ոսկանյանի – խմբ.), ինչը շատ համապատասխան էր։ Շատ կուզեմ հետագայում նաև նկարչուհու արվեստանոցում նկարել, քանի որ շատ տաղանդավոր նկարչուհիներ ունենք», - ասում է Վարդգեսը։

Նրա խոսքով՝ նախագծի կենտրոնում նկարիչն է, նրա արվեստանոցը, հետո նոր՝ երաժիշտները, իսկ վերջում՝ ինքը՝ Վարդգեսը։

«Միշտ հատուկ ընտրվում են նկարիչների գործերը, ներկայացվում մեր թվային հարթակներում։ Յուրաքանչյուր նկարչի արվեստանոց իր պատմությունն ու ոճն ունի, յուրաքանչյուրն արտացոլում է այդ նկարչի կյանքի ուղին, և շատ հետաքրքիր է դա ցույց տալ։ Նրանց համար էլ է հետաքրքիր այս նոր ձևաչափը, ես տեսել եմ նրանց աչքերի փայլը, երբ մենք սկսել ենք նախագիծը։ Միաժամանակ՝ ինչ-որ հավելյալ սպասելիքներ էլ ոչ մեկ չունի. սա պարզապես հետաքրքիր ոչ կոմերցիոն գործակցություն է, որից ծնվում է որակյալ հայալեզու կոնտենտ», - պատմում է երաժիշտը։

Ազատություն՝ անելու այն, ինչ իսկապես ուզում ես

Վարդգեսի խոսքով՝ «Երեք շիշ գինի»-ն ունի մի մեծ առավելություն. ալբոմից ալբոմ շատ հեշտությամբ կարելի է ոճ, ժանր ու գործիքներ փոխել, «հետևաբար՝ ավելի ազատ եմ էքսպերիմենտներ անելու հարցում»։

«Սա բավականին ժամանակատար ու ռեսուրսատար նախագիծ է, բայց այն պարգևում է զգացողություն, որ դու ինչ-որ մեծ ու կարևոր բանի մի մաս ես կազմում։ Այդ նախագծի ոչ կոմերցիոն լինելու մեջ կա որոշակի շարմ, որ այս ժամանակներում, երբ շատերն անում են մոնետիզացվող նախագծեր, դու անում ես շահույթ չհետապնդող, ոչ զանգվածային ու ոչ այնքան պոպուլյար մի բան, որի արդյունքը, սակայն, բոլոր մասնակիցներին գոհացնում է։ Նախագծի ոչ կոմերցիոն լինելը նաև որոշակի ազատություն է տալիս՝ անելու այն, ինչ իսկապես ուզում ես։ Երբ նախապես լսարանին որևէ բան չես խոստացել, որևէ հստակ ժանր, ոճ ու ֆորմատ չես ֆիքսել, կարող ես անել ցանկացած բան՝ սահմաններից դուրս», - շեշտում է Վարդգեսը։

Նա օրինակ է բերում իր մյուս նախագիծը՝ FairWind-ը, որը որպես խումբ ծածկում է իր բոլոր ծախսերը. «FairWind-ի համերգները միշտ սպասված են, որովհետև մենք երևի ավելի հազվադեպ ենք նվագում, քան մարդիկ ուզում են, ու տոմսերը միշտ շատ արագ են սպառվում։ FairWind-ն էլ կոմերցիոն նախագիծ չէ, այն մեզ համար գաղափարային է, սակայն դարձել է բավականին պոպուլյար, ինչը թույլ է տալիս խմբին ամբողջությամբ փակել իր գործունեության ծախսերը։ Այսինքն՝ եթե ժամանակին մենք գումար էինք ծախսում երգերը ձայնագրելու, տեսահոլովակներ նկարելու վրա, այժմ կարող ենք համերգներով փակել այդ ծախսերը։ Ես չեմ բացառում, որ մի օր «Երեք շիշ գինի»-ն էլ կարող է նման նախագիծ դառնալ»։

Նոր սերունդը «ջարդում է» բոլոր պատկերացումները երաժշտության մասին

Խոսելով այն մասին, որ Հայաստանում, այնուամենայնիվ, հայտնի երաժիշտների քանակը սահմանափակ է, և դժվար կլինի յուրաքանչյուր ալբոմի համար նոր դեմքերի հրավիրել, Վարդգեսն ասում է, որ չի ուզում սահմանափակվել միայն հայտնի երաժիշտներով։

«Այստեղ հետաքրքիրն այն է, որ ես ոչ այնքան հայտնի երաժիշտների եմ հանդիպում՝ ինքս 15-16 տարի երաժշտությամբ զբաղվելով։ Մեկ-մեկ գնում ես «Ուլիխանյան» ակումբ, որտեղ հայտնի երաժիշտներ են նվագում, ու նրանց մեջ կարող է լինել մի 16 տարեկան երեխա, ով այնպես է նվագում, որ «ջարդում է» բոլոր պատկերացումներդ երաժշտության մասին։ Ու հասկանում ես, որ գժական նոր սերունդ ունենք, որը լրիվ այլ կերպ է «տեսնում» երաժշտությունն ու արվեստը։ Բացի այդ, ինչպես նշեցի, մենք ոչնչով սահմանափակված չենք, ուստի անհրաժեշտության դեպքում նույն երաժիշտները կրկին կարող են ելույթ ունենալ նախագծում՝ իհարկե այլ զույգերով», - նշում է նա։

Այս պահին Վարդգեսի նպատակը 7 մինի ալբոմ ունենալն է (չորսն արդեն պատրաստ է), որից հետո երաժիշտը կփորձի հասկանալ՝ ինչ արձագանք և արդյունք ունեցով այս նախագիծը, «որպեսզի հասկանամ՝ որ ուղղությամբ շարժվել»։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
Մշակութային ճակատը Ինչպես է արվեստի աշխարհն արձագանքում ռուս-ուկրաինական պատերազմին
---