// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

Արաբական ԶԼՄ-ների տվյալներով, Թել-Ավիվի ու Բաքվի ներկայացուցիչների միջեւ կայացած գաղտնի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջան հարյուր իսրաելական տանկերի ու երեսուն ռազմական ինքնաթիռների առաքման վերաբերյալ:

Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
PanARMENIAN.Net - Այսպիսով, «Մուարիի» տեղեկատվությամբ, վերջերս Անկարայում կայացել են գաղտնի բանակցություններ Իսրայելի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ: Թերթը տվյալներ ունի այն մասին, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թել-Ավիվից Բաքու «Մերքավա» մակնիշի հարյուր տանկի եւ երեսուն օգտագործած ռազմական ինքնաթիռների առաքման վերաբերյալ: Բացի այդ, հրապարակման հեղինակը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում Ադրբեջանի զինված ուժերի 70 սպաների ուսուցումը հնարավոր է եղել իրականացնել հենց Ամերիկայում հրեական լոբբիի շնորհիվ: Հայտնի է նաեւ դարձել, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր է կնքվել ԱՊՀ երկրների ռազմաարդյունաբերական համալիրների մարկետինգ անցկացնելու մասին: Ուսումնասիրության նպատակն է կովկասյան եւ միջինասիական երկրներ իսրայելական սպառազինման ներմուծման հեռանկարների գնահատումը: Խոսքը Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրի` Թուրքիայում հավաքվող արտադրանքի մասին է: Արաբական մամուլում հրապարակվել են մի շարք հոդվածներ այն մասին, թե Թել-Ավիվը համաձայնել է, որ Թուրքիայում հավաքած իսրայելական տանկեր ու ինքնաթիռները ներմուծվեն Ադրբեջան եւ ԱՊՀ հարավային այլ պետություններ, որոնց արտաքին քաղաքական կողմնորոշումը համընկնում է Թուրքիայի եւ Իսրայելի շահերին:

Ձեւականորեն ներկրող կհամարվի Թուքիան, թեեւ նրա դերը, ըստ երեւույթին, կսահմանափակվի «Արտադրված է Թուրքիայում» դրոշմի խփելով: Նա էլ կսահմանի գները: Դժվար չէ կռահել, որ դաշնակից-Ադրբեջանի դեպքում այդ գները միանգամայն սիմվոլիկ կլինեն: Սակայն կարեւորն այն է, որ միջնորդված առաքումներն Ադրբեջանին հնարավորություն կտան չբացահայտել Իսրայելի հետ համագործակցությունը, որը ակնհայտորեն հավանության չի արժանանա մյուս իսլամական երկրների մայրաքաղաքներում: Ահա այդ առթիվ ինչ է գրում Բաքվի «Էխո» թերթը. «Միայն իսլամական երկրների ներսում պառակտման վտանգը թույլ չի տալիս Բաքվին բացահայտորեն համակրանք ցուցաբերել Թել-Ավիվին»: Լրիվ հասկանալի է ադրբեջանցիների անհանգստությունը` հաշվի առնելով իսլամական պետությունների մեծամասնության եւ Իսրայելի, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունները: Բաքուն թանկ է գնահատում Իսլամական Կոնգրեսի Կազմակերպության աջակցությունը, որը, տեղեկացված չլինելով հրեաների եւ ադրբեջանցիների ստվերային համագործակցության մասին, հնազանդորեն հաստատում է Վիլայեթ Գուլիեւի առաջարկած բոլոր հակահայկական բանաձեւերը: Այս տարվա մայիսին ԻԿԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիսի մասնակիցները առանց մտածելու հավանություն տվեցին ադրբեջանական պատգամավորության կողմից ներկայցված երկու փաստաթղթի: Եթե նրանք իմանային Թել-Ավիվի հետ Բաքվի գաղտնի խաղերի մասին, ապա ենթադրվում է, որ փաստաթղթերի ընդունմանը կողմ քվեարկելուց առաջ, լրջորեն կմտածեին:

Եւ ու՞մ դեմ է Իսրայելը զինում ադրբեջանցիներին: Դժվար թե` Հայաստանի, քանի որ Թել-Ավիվի եւ Երեւանի միջեւ հաստատվել են միանգամայն նորմալ հարաբերություններ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը այնպիսի երկրների հարեւանն է, որոնց շահերը բեւեռորեն հակասում են Իսրայելի շահերին: Առաջին հերթին դա վերաբերում է Իրանին: Բաքվի երկերեսության մասին գիտեն Թեհրանի իշխանությունները: Բայց եւ այնպես, Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում որոշակի ջերմություն է նկատվել: Դեկտեմբերի վերջին նախատեսվում է Հեյդար Ալիեւի պաշտոնական այցը Իրանի մայրաքաղաք: Ինչպես հայտնի է, այցը պետք է կայանար օգոստոսին, բայց հետաձգվեց կողմերի միջեւ վիճարկվող Կասպից ծովում նավթավայրերի շուրջ հակամարտության պատճառով: Անցյալ շաբաթ Ադրբեջանում Իրանի դեսպանը Ալիեւին հայտնեց, որ « Թեհրանում նրան անհամբերությամբ սպասում են»: Սրան նա ավելացրեց, որ «Իրանը կընդունի Ադրբեջանի անկախությունը եւ ՄԱԿ-ում ղարաբաղյան հարցի քվեարկության ժամանակ կպաշտպանի Ադրբեջանին»: Կարելի է կարծել, որ այս ձեւակերպումն այլ կերպ կհնչեր, եթե Թեհրանի համապատասխան ծառայությյունները հասցնեին մարսել ու վերլուծել Ադրբեջանի եւ Իսրայելի զինվորական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ Անկարայում կայացած գաղտնի բանակցությունների մասին Բեյրութից իրենց հասած տեղեկությունները:Թեհրանի իշխանությունները այս ինֆորմացիայից համապատասխան հետեւություններ արեցին քիչ ավելի ուշ: Դեկտեմբերի տասին «The Tehran Tims» թերթը, որը հանդիսանում է երկրի ղեկավարության պաշտոնական տեսակետի արտահայտողը, հրապարակել է հոդված, որտեղ սուր քննադատության է ենթարկում Ադրբեջանր արտաքին քաղաքական կուրսը եւ մեղադրում է Բաքվին սիոնիստների հետ կապեր ունենալու մեջ: Նման իրավիճակում դժվարէ չհամաձայնվել ադրբեջանական ԶԼՄ-ների հետ, որոնք պնդում են, թե «Թեհրանի եւ Բաքվի միջեւ սառը պատերազմը դեռ չի ավարտվել»: Քաղաքագետ Էլդար Նամազովն, օրինակ, մինչեւ այժմ չի հավատում, որ Հեյդար Ալիեւի այցը Իրան կկայանա: Չի բացառվում, որ Ադրբեջանին իսրայելական զինամթերքի գաղտնի մատակարարման մասին տեղեկությունները որոշակի դեր կխաղան Ալիեւի մեկնելու վերջնական որոշում կայացնելու հարցում: Կան այլ գործոններ, որոնք նույնպես չեն նպաստում, որ Ադրբեջանի հավատը ամրապնդվի Թեհրանի բարեկամական տրամադրվածության հանդեպ: Այդպիսի գործոններից է, օրինակ, Իրանի հյուսիսում բնակվող թուրքալեզու անջատողականների առաջնորդ Մահմուդալուն հասցեագրված Ադրբեջան այցելելու հրավերը: Բացի այդ, հաշվի պետք է առնել նաեւ պաշտոնական Բաքվի ցուցադրական դեմարշը պաշտոնական դեմարշը, որը դրսեւորվեց Ղազախստանի հետ Կասպից ծովի բաժանման սկզբունքների մասին «սեպերատիվ» համաձայնագրի ստորագրմամբ:
Իսրայելի ռազմական տեխնիկայի Բաքու գաղտնի առաքումների մասին տեղեկությունն անտարբեր չթողեց նաեւ Աշխաբադը, որն, ինչպես եւ Թեհրանը, չի հանդուժի Կասպից ծովի ջրային վիճելի տարածքները զավթելու Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Թուրքմենիայի նախագահ Սապարմուրադ Նիազովի հետ բանակցություններից հետո Իրանի Արտաքին գործերի նախարարության Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մեղդի Սաֆարին հայտարարել է, որ «Իրանը եւ Թուրքմենիան միեւնույն լուծն են քաշում»: Այդ լուծն ամնեւին էլ Ադրբեջանին ձեռնտու ուղղությամբ չի ձգելու: Պարզ է, որ Աշխաբադին չի կարող չանհանգստացնել Ադրբեջանի ստվերային սպառազինումը:
Գաղտնի առաքման մասին տեղեկություններին բավականին լուրջ վերաբերվեցին նաեւ Մոսկվայում: Սպառազինման ոլորտի ռուսական փորձագետները չեն թաքցնում իրենց անհանգստությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետագա ռազմականացումը կհանգեցնի Եվրոպայում ընդհանուր սպառազինությունների քվոտաների եւ ֆլանգային սահմանափակումների մասին պայմանավորվածությունների խախտմանը: Մասնավորապես, օրերս նման մտավախություն է հայտնել ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթը, որը գրում է, որ դիտարկվող գործընթացը կարող է « կդրդի հին կոնֆլիկտների սրմանը եւ նորերի առաջացմանը»:

Չգիտես ինչու, ամենաանտարբերը Իսրայելի հասարակական կարծիքն է: Այստեղի ԶԼՄ-երը չեն նկատում, որ Իսրայելի կառավարության որոշ չհաշվարկված քայլերը արհեստականորեն բացասական տրամադրվածություն են հրահրում Թել-Ավիվի հանդեպ մի ամբողջ շարք պետությունների մոտ: Հատկանշական է, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարման մասին բանակցությունները կայացան դեռեւս չորս ամիս նրանից հետո, երբ Բաքվում տեղի ահաբեկչական «Ջեյշուլահ» կազմակերպության անդամները կրկին պղծեցին հրեական գերեզմանատունը` ավերելով շուրջ 50 գերեզման:
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում
Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
 Ուշադրության կենտրոնում
Դատավորներին վեթինգի ենթարկելու օրինագիծը հրապարակվել է

Դատավորներին վեթինգի ենթարկելու օրինագիծը հրապարակվել է Մշակվել է արդարադատության նախարարության կողմից

 Բաժնի այլ նյութերը
«Հանձնվելուց» մեկ տարի անց ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Ինչպես Փաշինյանը կարող է հասնել ԱԺ արտահերթ ընտրության Հնարավո՞ր է դա արդյոք առանց կոալիցիոն գործընկերների