Աղթամարի եկեղեցական համալիրը նմանը չունի համաշխարհային ճարտարապետությունում

Ըստ միջազգային օրենսդրության, հուշարձանի վերականգնման ժամանակ պետք է որպես նմուշ վերցվի բնօրինակը, ուստի Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին պետք է խաչ տեղադրվի

2005 թվականին Պեկինում կայացած ICOMOS-ի (Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) կոնգրեսում որոշվեց վերականգնել Թուրքիայում` Աղթամար կղզում գտնվող Սբ.Խաչ եկեղեցին: Ըստ կանոնների, վերականգնողական աշխատանքներին պետք է մասնակցեին նաեւ հայ ռեստավրատորներ եւ ճարտարապետներ: Սակայն քանի որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, հայկական կողմն աջակցության խնդրանքով դիմեց ՅՈՒՆԵՍԿՕ:
PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, եկեղեցին պատրաստ է բացմանը, որին ներկա կլինեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, կաբինետի անդամներ: Հայտարարված է նաեւ, որ հրավիրվել են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության գործերի նախարարը: Ճիշտ է, նախարարությունում ասում են, որ դեռեւս պաշտոնական հրավեր չեն ստացել: Եկեղեցու բացման ամսաթիվը բազմիցս փոփոխվել է: Սկզբից այն ենթադրվում էր բացել ապրիլի 24-ին, այնուհետեւ հայկական սփյուռքի ճնշման ներքո բացումը տեղափոխվեց ապրիլի 15-ին, այժմ ասում են, որ բացումը կկայանա ապրիլի 11-ին:

Ինչեւէ, Սբ.Խաչ եկեղեցին վերականգնվել է: Ըստ հայ պատմաբան Սամվել Կարապետյանի, Աղթամարը համաշխարհային արժեք է, այդ պատճառով էլ թուրքական կառավարությունը որոշեց վերականգնել այն: Աղթամարի եկեղեցական համալիրը նմանը չունի համաշխարհային ճարտարապետությունում եւ քանդակագործությունում: «Աղթամարը եզակի է, սակայն միեւնույն ժամանակ այն հսկայական շահույթ կբերի թուրքական կառավարությանը զբոսաշրջիկների հոսքի արդյունքում: Իսկ թե ինչ գրված կլինի եկեղեցու պատին փակցված հուշատախտակին երկրորդական հարց է: Այժմ Թուրքիայում վերականգնվում են հունական, հայկական, ասորական ճարտարապետության հուշարձաններ` որ հուշարձանի վրա ցանկանան գրել, թե ում է այն պատկանում, այնտեղ էլ կգրեն»,-ասել է Կարապետյանը:

Վերջին 2 տարվա ընթացքում թուրքական իշխանությունները մեծ աղմուկ բարձրացրեցին Աղթամար կղզում 10-րդ դարի հայկական եկեղեցու վերականգնման շուրջ: Մինչ այժմ պարզ չէ, թե եկեղեցու վերականգնումը խաղաղության ժեստ է հայերի հանդեպ թե Հայոց ցեղասպանությունը կոծկելու եւ հայ մշակույթի հուշարձանների անխնա ոչնչացումը քողարկելու փորձ: Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտը մեջբերում է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուի խոսքերը The New Anatolian թերթից: «Մենք բան չունենք թաքցնելու.. Սուրբ Խաչ եկեղեցու բացումը մի ժեստ է հայերի եւ ողջ աշխարհի հանդեպ»:

Մինչդեռ, վեճեր են գնում այն մասին, թե պետք է զանգակատան վրա խաչ լինի, թե ոչ: Մշակույթի նախարար Աթիլլա Քոչի խոսքերով, «եթե խաչ եղել է, այն պետք է լինի նաեւ այժմ», գրում է «Հյուրիեթ» թերթը` հիշեցնելով, որ Սբ.Խաչ եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջին Արծրունու կողմից 915-321թթ.: Իր հերթին, հայկական «Մարմարան» նշում է, որ թուրքական կառավարության համար վիճահարույց է դարձել հենց խաչի տեղադրման հարցը: «Ինժեներ Յաղուբ Խազանը, որն իր վրա է վերցրել պատասխանատվությունը եկեղեցու վերակառուցման համար, նշել է, որ որոնումների ժամանակ նրանք ընդամենը մեկ նկար են հայտնաբերել, որտեղ աղոտ կերպով խաչ է երեւում, եւ ինժեները նպատակահարամար չի գտնում խաչի տեղադրումը եկեղեցու գմբեթին:

Մինչդեռ, ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն, որը ընտրվել էր հայկական համայնքի կողմից աշխատանքները վերահսկելու համար, առարկել է նրան: Վկայակոչելով միջազգային օրենսդրությունը, որի համաձայն հուշարձանի վերականգնման ժամանակ պետք է որպես նմուշ վերցվի բնօրինակը, նա հաղորդել է, որ իր նախաձեռնությամբ մասնագետների մի խումբ նախագծել է 2,5 մետր բարձրությամբ խաչը: Բացի այդ, եկեղեցու վերակառուցման աշխատանքներին ներգրավվել էր նաեւ մեկ պաշտոնյա` Ջահադ Զեյնադլին, որը հաղորդել է, որ իրենք խուսափում են խաչը տեղադրելուց, քանի որ վախենում են, որ կայծակի հարվածի պատճառով եկեղեցին կարող է հրդեհվել»,-գրում է «Մարմարան»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---