Հայաստանի ներքաղաքական օրակարգը փոխվում է. Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների թեմաներն ավելի քիչ են շրջանառվել

Մայիսի 29-ից հունիսի 4-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հայտարարությունից այն մասին, որ թող ոչ ոքի մտքով չանցնի, որ Հայաստանը կարող է գեթ մի թիզ հող զիջել: Մայիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, որ հայկական կողմին ուրիշի հողը պետք չէ, նա պաշտպանում է իր տարածքը: «Դուք պետք է հասկանաք`այն ամենն, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում և թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել»,-հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստանը» մոտ ապագայում ծրագրել է մի շարք միջոցառումներ անցկացնել, մասնավորապես` դրանցից մեկը ՀՀԿ-ի հետ համատեղ ներկայացվելու է հասարակությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին: Կարևորելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի անցկացումը Հայաստանում` նախագահ Սարգսյանն ասեց, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձևավորմանն ու կայացմանը, կազմակերպության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նշեց, որ երևանյան հավաքը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստն է:

Հունիսի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով մեկնեց Դոնի Ռոստով: Սերժ Սարգսյանի այցելության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Թեև նախատեսված էր, որ նախագահ Սարգսյանն այցելության ընթացքում կհետևի նաև Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն Դմիտրի Մեդվեդևի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան: Նույն օրը ՀՀ նախագահը ելույթ ունեցավ Դոնի Ռոստովի հայկական համայնքի առաջ և նշեց, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմք ունեն: Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, նա հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է, որովհետև Անկարան պատրաստ չէ վավերացնել դրանք, և Արձանագրությունների տապալումն արդարացնելու համար Թուրքիան նոր նախապայմաններ է առաջադրում: «Ավելին, Թուրքիան փորձում է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության գործընթաց, որտեղ նա անելիք չունի: Ներկա պահին մենք չենք կարող խոսել ոչ հուսալի գործընկերոջ հետ, որը պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները»,- ասել է ՀՀ նախագահը: Հունիսի 1-ին Երևանում մամլո ասուլիսում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, որ «Ազատության նավատորմի» միջադեպը լուրջ գործոն կդառնա մահմեդական համերաշխության համար, ինչը նոր մարտահրավերներ կբերի Հայաստանին: Թուրքագետն ասաց, որ վերջին օրերին Թուրքիայում ուժեղացել են հակասեմիտական տրամադրությունները, և հրեական համայնքին լուրջ վտանգ է սպառնում: «Անցյալում եղել են դեպքեր, երբ հրեական կոտորածների ժամանակ տուժել են նաև Թուրքիայի հայերը»,- ասել է փորձագետը: Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի վերաբերյալ բանաձևում բացի այն բացասական դրույթներից, որոնք քննադատել էին հայ քաղաքական ուժերը, կա ևս երկու կետ, որոնց վերաբերյալ գրեթե ոչինչ չի ասվել: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, նշված կետերը, որոնք մտահոգություն են առաջացնում, վերաբերում են նրան, որ բանաձևում առաջարկվում է փոխել Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ-ի մանդատի հետ: Եվ դա խախտում է արդեն ձևավորված ուժերի հարաբերակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ում: Նա հավելել է նաև, որ այստեղ հիմնականում մտավախություն է առաջացնում այն, որ Ադրբեջանից բացի ԵՄ-ն կասկածի տակ է դնում նաև ԵԱՀԿ ՄԽ այժմյան ձևաչափը:

Թիվ 2216 բանաձևի մեկ այլ մտահոգիչ դրույթ է, ըստ Վ.Հովհաննիսյանի, Սևծովյան միության ստեղծման մասին դրույթը: «Եթե նման կազմակերպություն ստեղծվի, ապա այստեղ իշխող երկրներ կդառնան Ռուսաստանն ու Թուրքիան: Իսկ պատմությունը վկայում է այն մասին, որ ռուս-թուրքական մերձեցումը միշտ ի վնաս մեր շահերի է աշխատել»,-նշել է Վ.Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ երկրի իշխանությունները, առաջին հերթին նախագահն ու դիվանագիտական կորպուսը պետք է լրջորեն մտածեն վերոնշյալ խնդիրների շուրջ, թույլ չտալու համար, որ դրանք իրականանան: «Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասավ 17-ի: Երեկ երեկոյան երեք մարդ է ձերբակալվել` «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գևորգյանը, նրա եղբայր Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, նրանք բոլորը ձերբակալվել են Ազատության հրապարակում: Ընդ որում նա նշել է, որ վերջին երեք օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրում ոստիկանական ռեժիմ է գործում: Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել` թույլ չտալ ընդդիմությանը միջոցառումներ կազմակերպել Ազատության հրապարակում: Այդ մասին են վկայում վերջին իրադարձությունները, երբ կասեցվեցին ՀԱԿ-ի ակցիաները, իսկ երեք ակտիվիստ դեռևս ձերբակալված է: Այդ մասին հունիսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ Դեմիրճյանի, ՀՀ ղեկավարությունը լավատեղյակ է, որ հանրության շրջանում դժգոհություն կա, սակայն ոչինչ չի ձեռնարկում խնդիրները լուծելու համար: «Ընդդիմության ակցիաները թույլ չտալու փոխարեն ՀՀ իշխանությունները առկա խնդիրների լուծման համար պետք է ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին ու արտահերթ ընտրություններ անցկացնեն»,-ասել է Դեմիրճյանը: «Հանրապետական» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը փոփոխություններ է սպասում ինչպես ընդդիմությունում, այնպես էլ Հայաստանի իշխանության կազմում: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ամիսներին կփորձի ձևավորել պետական կառավարման միասնական համակարգ և կփորձի ավարտել այդ գործընթացը 2011-ի գարնանը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Սուրեն Սուրենյանցը: ՀԱԿ քայլերի մասին նա ասել է, որ ընդդիմությունը պետք է ավելի արդյունավետ գործի` օգտագործելով բոլոր անհրաժեշտ մեխանիզմները և հարթակները: «Ազատության նավատորմի» միջադեպը նախօրոք և մանրամասն պլանավորվել է Անկարայի և Թել Ավիվի կողմից: Նրանք պայմանավորվել են կոնֆլիկտի և վատ հարաբերությունների իմիտացիա անել: Այդ մասին Կովկասի իսնտիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Էդուարդ Ափրամյանն ընդգծեց, որ Ցեղասպանության հարցն արդեն խաղարկվել է այդ երկրում: «Իսրայելի համարՀայոց ցեղասպանության հարցն ավելի գլոբալ խնդիր է, քան Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցը: Իսրայելի կողմից այդ փաստի ճանաչումը տեղավորվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և նույնիսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների շրջանակում»,- ընդգծել էԱփրամյանը:

Թուրքիան փոխել է իր կողմնորոշումները: Այդ մասին մայիսի 4-ին կայացած մամլո ասուլիսում ասել է, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, եթե նախկինում Թուրքիան ձգտում էր դեպի Եվրոպա և Ամերիկա, ապա այժմ, տեսնելով, որ Եվրոպան հասկանում է այն վտանգները, որ պարունակում են թուրքական ծրագրերը, նա շրջվեց դեպի Իրան, ՌԴ: Անդրադառնալով նախապայմաններին, Հայկ Բաբուխանյանն ասաց, որ այս անգամ ՀՀ-ն որպես նախապայման պետք է առաջադրի Ցեղասպանության ճանաչումը, նրա հետևանքների վերացումը, հատուցումը, հայերի որպես, ազգային և կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---