Ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, թե ինչպիսի հարստություն է իր մեջ պահում Արենիի քարանձավը

Ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, թե ինչպիսի հարստություն է իր մեջ պահում Արենիի քարանձավը

Մի քարանձավի պատմություն, որտեղ պահվում է մարդկության պատմական ժառանգության մի մասնիկը

Հայաստանի հարավ-արևելքում` Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնվում է Արենիի քարանձավը: Քարանձավի ընդհանուր տարածքը կազմում է 400 քառ. մ, դրա մեջ բացվում են մի քանի բնական սրահներ: 2007 թվականին տեղի բնակիչներից մեկը որոշեց այդ տեղանքում ռեստորան կառուցել, սակայն շինարարության ժամանակ քարանձավում հնագույն առարկաներ հայտնաբերվեցին, ինչը գրավեց հայ և արտասահմանյան հնագետների ուշադրությունը, հատկապես` Բորիս Գասպարյանի, ով մինչ օրս զբաղվում է քարանձավի պեղումներով:

PanARMENIAN.Net - Սակայն ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, թե ինչպիսի հարստություն է գտնվում այդ քարանձավում: Պեղումների մեկնարկից արդեն 10 օր անց հնագետները հասկացան, որ գործ ունեն անսովոր գտածոյի հետ: Քարանձավի շերտերում, որոնք թվագրվում են մ.թ.ա 4200-3900թթ., գտնվել են երեք հնագույն թաղումներ: Ընդ որում, դրանցում միայն գլուխներ են հայտնաբերվել: Անցկացված գենետիկական վերլուծությունը ցույց տվեց, որ այդ գլուխները պատկանում են 12-ից 15 տարեկան դեռահաս աղջիկների: Երեքի մոտ էլ գանգի բնորոշ վնասվածքներ են դիտվում: Ըստ ամենայնի, դրանք ծիսական զոհաբերության վկայություններ են: Գանգերից մեկում գլխուղեղի մումիֆիկացված մնացորդներ են հայտնաբերվել, որոնցում պահպանվել են նույնիսկ անոթները (քարանձավի մթնոլորտը նպաստել է այնտեղ գտնվող արտեֆակտերի մումիֆիկացմանը. խոնավության ու օդի շրջանառության բացակայությունը շատ լավ պահածոյացրել են այնտեղ գտնվող առարկաները): Այդ անոթների արյան նմուշները վերցվել են ԴՆԹ վերլուծության համար: Գլխուղեղի մի մասն այժմ հետազոտում են Բերկլիում` Կալիֆորնիայի համալսարանում:

Քարանձավի մյուս հատվածում գինեգործության հնագույն վկայություններ են հայտնաբերվել: Դրանք վերաբերում են նույն ժամանակաշրջանին, ինչ թաղումները: Կարասներից մեկում գտնվել է հիանալի պահպանված խաղողի վազ` հատապտուղներով, որոնք վերածվել են չամիչի: Կորիզների ԴՆԹ վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք ավելի քան 6000 տարեկան են: «Մենք հավաքեցինք Արենի գյուղի տարածքի խաղողի բոլոր հնարավոր տեսակները, որպեսզի դրանց ԴՆԹ-ն համեմատենք պեղումների ժամանակ գտնված նմուշների հետ և պարզենք, թե արդյոք դրանց միջև որևէ կապ կա: Հենց արդյունքները պատրաստ լինեն, մենք անմիջապես կհրապարակենք դրանք»,- հաղորդել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Բացի դրանից, քարանձավի տարածքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին տրեխը, որը 5500 տարեկան է: Հնագետներն այն գտել են քարանձավի ամենահին շերտերում: Այն պատրաստված է կաշվից, չափսը մոտավորապես 25մմ է: Փորձաքննությունից հետո կկոնկրետացվի, թե ինչ կաշվից է պատրաստված տրեխը: Հնագետների կարծիքով, դա կովի կաշի է: Բացի դրանից, հայերեն և պարսկերեն լեզուներով ձեռագրերի դրվագներ են գտնվել: Քարանձավում շատ են այծի, ոչխարի և այլ կենդանիների ոսկորները: Հարյուրամյակների ընթացքում այստեղ անասուններ են պահել:

«Պեղումները դանդաղ են ընթանում, քանի որ քարանձավի առանձնահատկությունները թույլ չեն տալիս ավելի ագրեսիվ մեթոդներով իրականացնել պեղումները: Մենք վախենում ենք խախտել այդ հնագիտական շերտերը»,- ասել է Պավել Ավետիսյանը` ավելացնելով, որ պեղումներն իրականացվում են ամերիկացի փորձագետների հետ համատեղ:

Արենիի քարանձավի մասին արդեն մի քանի տարի շարունակ գիտաժողովների ժամանակ, հոդվածների կամ ամսագրերին ու թերթերին տված հարցազրույցների տեսքով խոսում են տարբեր երկրների հնագետները, սակայն քարանձավի պատմությունը աշխարհի ուշադրությունը գրավեց այն բանից հետո, երբ 2010թ. հունիսի 9-ին ամերիկյան National Geographic հեռուստաալիքը ունիկալ պատմական գանձին նվիրված հատուկ տեսանյութ պատրաստեց:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---