// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հայաստանը հնդեվրոպական քաղաքակրթության օրրանն է

Հայաստանը հնդեվրոպական քաղաքակրթության օրրանն է

Հայ հնէաբանների վերջին հայտնագործությունները կարող են առիթ տալ, որ մոտ ապագայում Հին աշխարհի պատմությունը վերաշարադրվի

Հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրությունների ժամանակ հաճախ Հայաստանն անտեսվել է, կարծես, դուրս մնալով համընդհանուր պատմական շրջադարձերից: Հետազոտողների հետաքրքրությունները համարյա միշտ սահմանափակվել են հիմնականում հին Միջագետքի և Եգիպտոսի տարածքների ուսումնասիրություններով: Բնականաբար, հնարավոր չէր հին քաղաքակրթությունների կազմավորման գործում ամբողջությամբ բացառել Հայաստանի գործոնը. բավականին շատ էին ապացույցները: Սակայն, այս կամ այն պատճառով Հայաստանը, համենայն դեպս, դուրս էր մղվել հնարավոր առաջնորդների ցուցակից:

PanARMENIAN.Net - Կան, իհարկե, գիտնականներ, ովքեր կարծիք են հայտնել այն մասին, որ Հայկական լեռնաշխարհի նվաճումները մետալուրգիայի, ճարտարապետության, ռազմական գործում, գինեգործության ասպարեզում ներմուծվել են Ասորեստանում, Պաղեստինում, Եգիպտոսում և Հյուսիսային Կովկասում: Օրինակ` անգլիացի արևելագետ և հնէաբան Գ. Չայլդի կարծիքով, Հայկական լեռնաշխարհի մշակույթն իր ազդեցիկ հնությամբ և արժեքներով կարող է մրցակցել Միջագետքի և Նեղոսի հովիտների հնագույն մշակույթների հետ:

Ճշմարտության որոնումների ընթացքում գիտնականները միշտ էլ բախվում են բազում հիմնահարցերի հետ: Այդպիսի հիմնահարցերից են` առաջին` որտեղ են ծագել կամ ի հայտ եկել հնագույն քաղաքակրթությունների եզակի գիտելիքները. երկրորդ` հնագույն քաղաքակրթությունների (Միջագետք, Եգիպտոս, Հնդկաստան, Իրան և այլն) տարեգրությունը նախնական փուլում չի արձանագրել գիտությունների և արհեստների զարգացում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես, «ակնթարթային» տեխնիկական հեղափոխություն է տեղի ունեցել: Տեխնիկական առաջընթացը երկարատև զարգացում է, որը պետք է արտացոլվի կիրառվող տեխնոլոգիաների էվոլյուցիայի մեջ: Փուլային զարգացման գործընթացը պետք է արտացոլվի այս կամ այն քաղաքակրթության մշակութային շերտերում: Այս մասին պետք է վկայեն գտածոները, որոնք կարող էին հնագույն հայտնագործությունների հիման վրա հաստատել այդ քաղաքակրթությունների «հեղինակային իրավունքները»: Երրորդ` վաղ ժամանակաշրջանում Միջագետքի, Եգիպտոսի և այլ երկրների առաջադեմ լինելու մասին վկայող իրերը հաճախ ներկրված են եղել: Այդ են վկայում ճշգրիտ գիտությունների մեթոդների կիրառմամբ (սպեկտրալ, ռադիոկարբոնային և այլն) իրականացված լաբորատոր հետազոտությունները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես, մինչ այժմ հայտնի առաջադեմ քաղաքակրթությունները սնվել են ինչ-որ անհայտ աղբյուրից, որն ապահովել է նրանց մշակութատեխնիկական աճը: Պատմաբաններին միշտ էլ հուզել է այն հարցը, թե որտեղի՞ց են սկիզբ առել այդ զարմանահրաշ գիտելիքները: Հայ հնէաբանների վերջին տվյալները լրացնում են այդ բացթողումը: Արագած լեռան հարավային լանջերին փռված տարածքում, որը հնուց ի վեր կոչվում է Նավեր, 1975 թ. հայտնաբերվել են մեծ դամբարանադաշտեր (Ներքին նավեր` գերեզմանոցի ստորին հատվածը և Վերին նավեր` գերեզմանոցի վերին հատվածը): Գտածոն անմիջապես հնէաբանների ուշադրությունն է գրավել: Հասկանալի է դարձել նաև, թե ինչպես է ծնվել տեղի անվանումը: «Նավ» կամ «նեֆ» շատ հնդեվրոպական լեզուներում ոչ միայն նավ է նշանակում, այլև գերեզման: Ամենայն հավանականությամբ, հնում այդ հասկացությունները կապ են ունեցել ոչ միայն ծովային ճանապարհորդությունների հետ: Այն նաև սրբազան իմաստ է ունեցել. նավերով հանգուցյալների հոգիները տեղափոխվել են անդրշիրիմյան կյանք: Այդպիսի նավերի մի ամբողջ նավատորմ աշխարհին ներկայացրեց անհայտության քողով ծածկված այնքան առատ փաստեր, որոնք ապշեցրել են հետազոտողներին: Գերեզմանաթմբերի ժամանակաշրջանը թվագրվում է մ.թ.ա. 3-2 հազ.: Այդ են հաստատել գտածոների ռադիոածխածնային մի շարք հետազոտությունները, որոնք իրականացվել են Գերմանիայի և ԱՄՆ լաբորատորիաներում: Այդ տվյալները զարմանալիորեն հաստատում են հին հայ պատմիչների գրավոր վկայությունները, մասնավորապես` Մովսես Խորենացու «Պատմություն հայոց»-ը, որում ասվում է, որ Միջագետքի բռնակալ թագավոր Բելի դեմ Հայկի (հայերի նախահայրը) տարած հաղթանակից հետո Հայկի որդի Արամանյակը իր տոհմով հիմնավորվում է Արագածի հարավային լանջերին, գետից ոչ հեռու: Հայ մեկ այլ պատմիչ Ղևոնդ Ալիշանի թվագրության համաձայն, դա տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թ.:

Ներքին նավերը բարձրաստիճան հանգուցյալների հուղարկավորման վայրն էր, իսկ Վերինը` գեղջուկների: Վերին գերեզմանաբլուրում 7 հազ. ք/կմ տարածք է փորվել, որտեղ հայտնաբերվել է հասարակ մարդկանց 70 գերեզմանաթումբ, Ներքին գերեզմանաբլուրում հայտնաբերվել է ընդամենը 8 իշխանական գերեզմանաթումբ: «Հավաքած բոլոր նյութերը հաստատում են, որ Հայաստանը հնդեվրոպական քաղաքակրթության նախահայրենիքն է, - պատմում է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը: - Սրանք ամենահին դամբարաններն են, որտեղ արձանագրված են արիական կենսաձևի, արիական մտածողության մասին տվյալներ: Այստեղ մենք գտնում ենք այն ժամանակների համար եզակի արտադրանքների վկայություններ: Գտածոները մեզ տանում են դեպի քաղաքակրթության զարգացման մի նոր մակարդակի ուսումնասիրման»: Գերեզմանաթմբերում հայտնաբերվել են բազմաթիվ ոսկյա զարդեր, զենքեր, պաշտամունք դարձած կենդանիների ոսկորներ, հիանալիորեն պատկերազարդված սև և կարմրափայլ սափորներ: Դա այն ժամանակաշրջանի հուղարկավորման արարողությանը հատուկ ավանդույթների մի փունջ է: Սակայն շշմեցնող գտածոները այդ գերեզմանաբլուրը առանձնացնում են այդ նույն ժամանակահատվածին վերագրվող մյուս գերեզմանաբլուրներից: Այդ ամենը հիանալի պատկերացում է տալիս հնագույն հայկական քաղաքակրթության դերի և նշանակության մասին:

Բոլոր չափանիշներով այդ գերեզմանոցները համապատասխանում են արիական ժողովուրդների կենսաձևի մասին պատկերացումներին: Հուղարկավորման արարողությունը շատ բարդ էր; «Այստեղ մենք տեսնում ենք հնդեվրոպական թաղման արարողության բոլոր ավանդույթները. բարձրաստիճան անձանց դիակիզված աճյուն, հատուկ վարժեցված շների կողմից հոշոտված դիակներ (թագավորի մերձավորների) և հասարակ մարդկանց` գեղջուկների հուղարկավորություն: Վերջիններիս թաղել են կողքի վրա` տղամարդկանց աջ կողքի վրա, իսկ կանանց` ձախ, - շարունակում է պատմել Հակոբ Սիմոնյանը: - Որպես կանոն, թագավորական յուրաքանչյուր գերեզմանաթմբում հայտնաբերվում է զոհաբերված երկու ձիերի դիակներ: Բայց ամենազարմանալի իրը, որ մենք այստեղ հայտնաբերել ենք, մետաղե սանձերն են, որոնք քիմիական հետազոտման արդյունքների համաձայն, իրենց կազմությամբ նման են այսօր հայտնի ամենահին մետաղե իրերին, որոնք էլ հայտնաբերվել են Դորակում և Ալաջա Ույուկում (Փոքր Ասիա, մ.թ.ա. 3 հազ. վերջ): Փաստորեն, սա աշխարհում հայտնաբերված երրորդ նմանատիպ գտածոն է, որը թվագրվում է մ.թ.ա. 23-րդ դ.: Թիվ 2 գերեզմանաբլուրում գտնվել է սև կարաս, որի վերին մասում պատկերված է կառքի 6 զույգ անիվ: Անիվներն ունեն 4 անվաճաղ: Սա ամենահին կառքերի անիվներին է հատուկ: Մեկ այլ զարմանահրաշ գտածո է կարմրափայլ սափորը, որի վրա պատկերված է ցեղական ձիերի երամակ: Այս մասին պատկերավոր խոսում են նրանց գեղեցիկ կտրած բաշերը և հյուսած մազապոչերը: Երամակի այսպիսի հնության պատկեր դեռևս չի հայտնաբերվել Առաջավոր Արևելքում: Այս հանգամանքը ծանրակշիռ փաստարկ է հօգուտ այն բանի, որ Հայաստանը եղել է ձիաբուծության հայրենիք: Պատկերը լրացնում են նրբագեղ ոսկե զարդերը, գունավոր ապակուց պատրաստված հուլունքները: Որոշ զարդեր պատրաստված են կվարցից: Դա զարմացնում է, եթե հաշվի առնենք, որ կվարցի հալեցման ջերմաստիճանը 1700 աստիճան պետք է լինի, ըստ Ցելսիուսի: Թե ինչպես են նրանք այդ ջերմաստիճանը ստացել` դեռևս անհայտ է: Այդ որակի ապակի չի հայտնաբերվել հնագույն Արևելքում մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին վերագրվող գտածոներում: Ապակյա հուլունքները գտնվել են նաև Շենգավիթ քաղաքում (մ.թ.ա. 4-3-րդ հազ.): Դրանք այդ գտածոներից 1000 տարով ավելի հին են: Ոսկյա զարդերի վրայի նախշերը կրկնում են խեցեգործական զարդերի զարդանկարները: Եվ քանի որ խեցիները, որպես կանոն, տեղական արտադրության են, ապա տրամաբանական կլինի ենթադրել, որ ոսկյա զարդերը նույնպես տեղացի վարպետների ձեռքի գործերն են»:

Բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանն այդ ժամանակաշրջանում ներգրավված էր միջազգային առևտրային կապերի մեջ: Դրա վառ օրինակներից են Միջագետքի ծովային կակղամորթների խեցիները, ագալթոմելիթի հուլունքահատիկները (այս քարի հանքավայրերը գտնվում են միայն Կորեայում, Չինաստանում, Ճապոնիայում), երկնագույն դժոխաքարից պատրաստված հուլունքները Միջին Ասիայի Բադաշխանից բերված, Միջերկրական ծովի արևելյան ափերից ներկրված իրերը և այլն: Այստեղից հետևում է, որ առևտրային հարաբերություններն արդեն կարգավորվում էին որոշակի իրավական չափանիշներով, օրինակ` առևտրի, փոխանակման պայմանագրերով և այլն:

Մեկ այլ գտածո, որն իր նշանակությամբ առանձնահատուկ տեղ է գրավում, սուսերն է: Սուսերը ռազմական մասնագիտացված առաջին զենքն է: Այն վերագրվում է մ.թ.ա. 23-րդ դարին: Լուսապատկերային հետազոտությունը ցույց է տվել, որ սուսերը պատրաստված է անագե բրոնզից: Անագի պարունակությունը սուսերում 11-12 տոկոս է: Սա դասական բանաձևն է: Իզոտոպային հետազոտության տվյալների համաձայն, պղնձի հանքաքարը հայկական ծագման է: Այն հանել են Ալավերդու հանքավայրերից: Անագը բերվել է, հավանաբար Միջին Ասիայից; Հարկ է նշել, որ այս ամենը համընկնում է Շենգավիթից գտնված գտածոների հետ: Այստեղ ևս նկատելի էր արհեստների և տեխնոլոգիաների բուռն զարգացում (բրուտագործություն, մետալուրգիա, գինեգործություն):

Այս առիթով Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, հնէաբան Միշել Ռոտմանը, որ մասնակցում է Շենգավիթի պեղումներին, հայտարարել է, որ բոլոր փաստերը վկայում են, որ մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարամյակում հին Հայաստանի մշակույթը տարածվել է ողջ աշխարհում: «Շենգավիթն ու Նավերը լրացնում են թերի մնացած այն օղակները, որոնց մենք բախվել ենք Միջագետքի մշակույթը ուսումնասիրելիս», - ասել է Ռոտմանը:

Ամերիկացի գիտնականի խոսքը համընկնում է հին Միջագետքի աղբյուրների հետ (պոեմ Գիլգամեշի մասին, մ.թ.ա. 3-րդ հազ. և այլն), որոնցում խոսվում է այն մասին, որ Հայաստանից Միջագետք է հասել և տարածում գտել գիտության հինգ ճյուղ` շինարարությունը, մետալուրգիան, հացի արտադրությունը, այգեգործությունը, գինեգործությունը (տես`Արտակ Մովսիսյանի «Հայաստանը Ք.ծ.ա. 3-րդ հազարամյակում»):

Այս նորահայտ փաստերը հաշվի առնելով, բացառված չէ, որ մոտ ապագայում հարկ կլինի վերաշարադրել Հնագույն աշխարհի պատմությունը: Սակայն ամեն ինչ իր ժամանակին:

Գայանե Վասիլյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ համերգներ են սպասվում Հայաստանում և Վրաստանում
Ինչ է սպասվում երաժշտասերներին հունիսին
Ինչպես մեկնարկեց գլխավոր հայկական կինոփառատոնը
Բոստոնի ահաբեկչությունից տուժածի պատմությունը
 Ուշադրության կենտրոնում
«Սուսերով պարը». Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

«Սուսերով պարը». Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի Կինոնկարը կթողարկի Ռուբեն Դիշդիշիայնի «Մարս Մեդիա» ընկերությունը

 Բաժնի այլ նյութերը
Պուլիցերյան լուսանկարներ Ահաբեկչություն Քենիայի առևտրի կենտրոնում
Պուլիցերյան լուսանկարներ «Փոքր մարդու» տառապանքները
Չելյաբինցի «մուժիկ» Դորնը Ով է նա և ինչու չի կարելի բաց թողնել երգչի երևանյան համերգը