Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին. քննարկումները կշարունակվեն (թարմացված)

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին. քննարկումները կշարունակվեն (թարմացված)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Կիևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն արտգործնախարարներին են միացել առանձնազրույցից հետո, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ:

Նախարարներն և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

ԱԳ նախարարները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, թե նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումն և հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորմանը: Նրանք կոչ են արել կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները նախապատրաստելու համար:

Նախարարները նշել են, որ տարածաշրջանի բնակչությունն ակնկալում է և արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ու առանձնազրույցն էին, որից հետո նախագահներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել էին հանդիպել առաջիկա ամիսներին: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները չէին հրապարկվել:

Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը, նշել էր միայն.«Նորմալ»: Հետագա մեկնաբանություններից ՀՀ նախագահն ու Իլհամ Ալիևը ձեռնպահ էին մնացել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---