Հայկական մշակույթը Եվրոպայում այժմ ուսումնասիրելու է եւս մեկ հայագիտական կենտրոն

Մարտի 8-14-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Անցած շաբաթը բավական ակտիվ էր տարեբր միջազգային փառատոններին Հայաստանի մասնակցության տեսանկյունից, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս հայկական ֆիլների ցուցադրումով: Մարտի 6-ին մեկնարկած «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնում Հայաստանն այս տարի մասնակցում է առաջին անգամ եւ հատուկ հրավիրյալի կարգավիճակով: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:

PanARMENIAN.Net - Հ.Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնը «Ամպից ընկած հեքիաթը» ներկայացումով ներկայացրեց Հայաստանը «Դիմակ պլյուս» փառատոնի ոչ մրցութային «Ոսկե դիմակ» ծրագրում:

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի «Գերմանիայի ատմական թանգարանի» կինոդահլիճում։ Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ցուցադրությանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական որպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցադրմանը հաջորդել են ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի եւ ֆիլմի ռեժիսոր Սոլախանի ելույթները։

Հայկական մշակույթը Եվրոպայում այժմ ուսումնասիրելու է եւս մեկ հայագիտական կենտրոն: Մարտի 13-ին Իտալիայում կկայանա Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվելու են կենտրոնի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր: Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին կմասնակցի նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ռոջեր Հակոբյանի «Ուոթերթաունի առաքելությունը. Hood Rubber-ի հայերը» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Ուոթերթաունում կոշիկի գործարանում աշխատող հայերի եւ հայկական համայնքի կայացման մասին: Այդ գործարանում աշխատող հայերից շատերը հայտնվելեն ԱՄՆ-ում` փրկվելով 1915-ի Հայոց ցեղասպանությունից:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար եւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանը (Ժանսեմ) պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

Մարտի 12-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերչադարձը» գրքի շնորհանդեսը: Հեղինակին շնորհվեց Հոլանդիայի երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» մրցանակը, որը տրվեց «Լավագույն պոեզիա» անվանակարգում:

Բանաստեղծին ապակե արձանիկն ու դիպլոմը հանձնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ողջույնի խոսք ասացին Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը եւ Հայաստանի մշակույթի նախարարության գրահրատարակչական գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը եւ այլք:

Հայաստանը առաջին անգամ չէ, որ իրագործում է միջազգային նախագծեր: Մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա ավստրիացի դիրիժոր` Էռնեստ Հոյցլի ղեկավարությամբ։

Իսկ լուսանկարչության սիրահարներն առաջիկա շաբաթվա ընթացքում կարող են վայելել անգլիացի հեծանվորդ Թոմաս Ալենի «Հեծանիվով Միջին Արեւելքով եւ Հյուսիսային Աֆրիկայով» յուրահատուկ բարեգործական ֆոտոցուցահանդեսը, որում ցուցադրված են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄէ-ի, Սիրիայի, Եթովպայի եւ այլ երկրների բնակիչները, բնությունը, որոնք Թոմաս Ալենը նկարել է իր 10 000 կմ-անոց հեծանվային ուղեւորության ժամանակ:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն այս տարի կմեկնարկի մարտի 17-ին Մարզահամերգային համալիրում՝ Մոսկվայի էստրադայի թատրոնի «Ես վերհիշում եմ...» մոնոներկայացմամբ, որը կներկայացնի հանրաճանաչ դերասան Գենադի Խազանովը։ Յոթնօրյա փառատոնի շրջանակներում կցուցադրվի 18 ներկայացում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են նաեւ հայ դերասաններ:

Իսկ Հայաստանի տարբեր մարզերի թատրոնների ներկայացուցիչներին Երեւանում հավաքել է «Թատրոն-X» փառատոնը, որի շրջանակներում հանդիսատեսը կարողացավ դիտել եւ գնահատել 9 ներկայացում:

Մարտի 13-ին Եղիշե Չարենցի ստեղծագործության երկրպագուները, գրողները, գրականասերները հավաքվել են բանաստեղծի հուշարձանի մոտ: ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն իր խոսքում նշել է. «Չարենցի ստեղծված գրականությունն արժանի է այսօրվա սերնդի մշտական ուշադրության եւ չի կորցնի իր արդիականությունը նաեւ բազում հաջորդ սերնդների համար:

Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի դահլիճում մարտի 14-ին հիշատակի միջոցառմամբ նշվել է հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, տաղանդավոր գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ը։

«Մենք որպես անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություն, պետք է աշխատենք ստեղծել այնպիսի երկիր, որ հայկական ինքնությունը կրող եւ արտերկրում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հպարտանա իր Հայրենիքով»,- նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիացի նկարիչ Ժանսեմի հետ հանդիպման ժամանակ: Անցյալ շաբաթվա մշակութային իրադարձությունները առիթ են տալիս հպարտանալու Հայաստանի մշակութային կյանքի ակտիվությամբ: Նշված գրեթե բոլոր միջոցառումներն անցկացել են ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ, որի հովանու ներքո տեղի է ունենալու «Արմմոնո» փառատոնը: Եւ այս ամենը հաստատում են մեր երկրի նախագահի խոսքերը:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---