“Խորհրդավոր ընթրիքի” ստեղծմանը Լեոնարդո դա Վինչիին ոգեշնչել են հայերը` սա է անցած շաբաթվա գլխավոր մշակութային նորությունը

Ապրիլի 5-11-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարողական արվեստի յուրահատկությունը գրավել է ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև տարբեր ազգերի մարդկանց սրտերը: Նրա տաղանդի համընդհանուր մեծարմանն ավելացավ ևս մեկը` ապրիլի 9-ին նրան Մոսկվայի “Պաշկովի տուն” ռուսական պետական գրադարանում հանձնվեց “Համագործակցության աստղ” մրցանակը` ազգային երաժշտական ժառանգության կրկնապատկման ու պահպանման, ինչպես նաև համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ մեծ ավանդ ներդնելու համար: Այդ մրցանակին են արժանացել ԱՊՀ երկրների արվեստի և գիտության ևս 11 գործիչ:

PanARMENIAN.Net -

”Մանկական “Նովայա վոլնա” մրցույթի ազգային ընտրական փուլի մասնակիցները նվաճեցին ընտրական հանձնաժողովի անդամների սրտերը: “Ռազմիկն ու ընկերները” խմբին, որը հանդես էր գալիս ավագ տարիքային խմբում (13-15), հանձնաժողովի որոշմամբ թույլատրվեց մասնակցել Ղրիմում մրցույթի եզրափակիչ փուլին: “Երեխաները գերեցին մեր սրտերը իրենց երգով, էներգետիկայով և բեմում ու հանդիսատեսի հետ անմիջական շփմամբ”,- պատմել է մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իզաբելա Մանասարյանը: Նա հաղորդել է նաև, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլին, որը կկայանա ապրիլին Մոսկվայում, կրտսեր տարիքային խմբից (8-12 տ) կմասնակցի 3 երեխա` Վլադիմիր Արզումանյանը, Նադեժդա Սարգսյանը և Մասիս Մինասյանը: “Նովայա վոլնա” մրցույթի կիսաեզրափակիչ փուլին կմասնակցեն նաև Անի Արզումանյանն ու Սոնա Շահգելդյանը: Ինչպես նշել է Իզաբելա Մանասարյանը, կանոնակարգով չի սահմանափակվում երկրներից մասնակիցների թիվը, ուստի “Մանկական “Նովայա վոլնա” և “Նովայա վոլնա” մրցույթների եզրափակիչ փուլերին մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը: Հայաստանը ԱՄՆ-ի, Սինգապուրի և Չեխիայի միջազգային կինոփառատոներին կներկայանա երկու ֆիլմով: Հովհաննես Գալստյանի “Խճճված զուգահեռներ” 90-րոպեանոց ֆիլմը ներկայացվելու է ապրիլի 9-18-ը կայանալիք Հյուստոնի միջազգային 43-րդ փառատոնում: Իսկ Սինգապուրի միջազգային փառատոնի` ժամանակակից եվրոպական կինոյի ծրագրի շրջանակներում, որը տեղի է ունենալու ապրիլի 15-24-ը, ներկայացվելու է Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն” ֆիլմը: Ինչպես հայտնում է pozvezdam.ru-ն, ֆիլմն ընդգրկված է նաև Կարլովի Վարիի (Չեխիա) փառատոնի մրցութային ծրագրում, որը տեղի է ունենալու հունիսի 2-10-ը: ”Հայաստանի ազգային կինոկենտրոն”-ի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-23-ը կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնի և կինոշուկայի աշխատանքներին: Կաննի ՄԿՓ-ի շրջանակներում “Սինեֆոնդասիոն” մրցութային ծրագրի շրջանակներում կներկայացվի ռեժիսոր Ա. Չիլինգարյանի “Ցատկերթ” ֆիլմը: Կաննի կինոշուկայում Հայաստանի կինոկենտրոնը կներկայացնի վերջին տարիներին նկարահանված հետևյալ ֆիլմերը. լիամետրաժ խաղարկային` 1.”Խճճված զուգահեռներ” (ռեժ.` Հ. Գալստյան ), 2. “Մի նայիր հայելուն” (ռեժ.` Ս. Բաբայան), 3. “Սպանված աղավնի” (ռեժ.` Հ. Քեշիշյան), 4. “Մաեստրո” (ռեժ.` Վ. Չալդրանյան), 5. “Ժաննան և ձայները” (նախագիծ, ռեժ.` Մ. Վաթինյան), 6. “Լուսապսակ” (նախագիծ, ռեժ.` Ա. Սուքիասյան), “Սասնա ծռեր” (ռեժ.` Ա. Մանարյան) և այլն: Միջազգային թատերական ասպարեզն անցած շաբաթ նույնպես զուրկ չէր հայկական ներկայությունից: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Մոսկվայի թատերական փառատոնի “Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրում ներկայացրեց Հայաստանը: “Դիմակ պլյուս” ծրագիրը անց է կացվում Մոսկվայում (Ռուսաստան)` մարտի 10-ից մինչեւ ապրիլի 15-ը: Հայաստանը ներկայացնող թատրոնը ռուս հանդիսատեսին մայիսի 9-ին Վ. Մեյերխոլդի անվ. թատրոնում կցուցադրի “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը: “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը ընտրել է “Ոսկե դիմակ” փառատոնի թատերական քննադատների խումբը: Ներկայացման բեմադրիչը Զարուհի Անտոնյանն է, նկարիչը` Ալինա Ալեքսանյանը: Ներկայացումը 2009 թ. “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում արժանացել է Հայաստանի “Արտավազդ” ազգային թատերական պարգևին, նաեւ “Թատրոն-X 2009” թատերական փառատոնի շրջանակներում 26 ներկայացումների շարքում ճանաչվել է լավագույնը: Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում մի ամբողջ ամիս ցուցադրվելու են երեք ժամանակակից նկարիչների` Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի և Արա Շիրազի աշխատանքները: Ցուցահանդեսը բացվել է մարտի 16-ին և տևելու է մինչև ապրիլի 16-ը: Խարազյանի, Էլիբեկյանի և Շիրազի աշխատանքների կատալոգը, որը կազմել է Պողոս Այթանյանը, դարձել է ցուցահանդեսի բացման պատճառը: “Ինչպես նկարիչները, այնպես էլ թանգարանի ղեկավարությունը որոշել են ցուցահանդեսը նվիրել Հենրիկ Իգիթյանի հիշատակին, որը մեկ տարի առաջ հեռացավ մեզնից”,- ասել է Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից Զառա Այրումյանը: Ապրիլի 12-ին Ա.Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանում ՀՀ-ում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչությունը ներկայացրել է գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մանկական գեղարվեստական ֆիլմերի խտասկավառակներ, նախադպրոցական և դպրոցական տարիքի համար նախատեսված ֆիլմերի խտասկավառակներ` նկարահանված և կազմված ռուս գրողների ստեղծագործությունների մոտիվներով: Ապրիլի 8-ին Երևանում Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանում բացվել է գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպելկամի “Local Time” (տեղական ժամանակ) ֆոտոպաստառների ցուցահանդեսը, որը ցուցադրվելու է մինչև մայիսի 2-ը: Ցուցադրությունը կազմված է սև-սպիտակ լուսանկարներից, որոնք լուսանկարիչը նկարել է Բեռլինյան պատը քանդելուց առաջ և հետո: Ցուցահանդեսի նպատակն է` ներկայացնել տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությունը և ընդգծել ճարտարապետական հուշարձանների պահպանման անհրաժեշտությունը: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոhեն Շմիդտը նշեց քաղաքներում հին և նոր ճարտարապետությունը համադրելու կարևորությունը: “Բեռլինում կարելի է այնպիսի վայրեր գտնել, որտեղ ամեն ինչ հին ոճով է կառուցված: Նոր շրջաններում կառուցված են հսկայան շենքեր բոլորովին նոր ոճով: Շրջանների միջև կապ չկա: Երևանում, դուրս գալով Հանրապետության հրապարակ, հին շենքերի կողքին` տեսնում ես նորերը, որոնք ներդաշնակ չեն հների հետ, և ափսոսում ես, որ քաղաքը կորցնում է իր դիմագիծը”,- ասել է Հանս Յոhեն Շմիդտը: Նա հավելել է, որ Երևանի հանդեպ անփույթ վերաբերմունքի վառ օրինակ է “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու մտադրությունը: Ցուցահանդեսը կազմակերպել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը, Goethe-Institut-ը և Ալեքսանդր Թամանյանի թանգարանը: Հայաստանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը “Բալթյան միջազգային փառատոների կենտրոնից” հրավեր էր ստացել մասնակցելու Սանկտ Պետերբուրգում անցկացվող “Հանդիպումներ Ռուսաստանում”` մարտի 31-ից ապրիլի 9-ը, 2010 թ. ԱՊՀ և բալթյան երկրների ռուսական թատրոնների 12-րդ փառատոնին: Փառատոնի ընթացքում, որին մասնակցում են շուրջ 30 ռուսալեզու թատերախմբեր, Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը ապրիլի 8-ին և 9-ին հանդես է եկել “Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ”` բեմադրված ըստ Ա. Շիրվանզադեի “Մորգանի խնամին” պիեսի, և Ա. Մարդայնի “Սկանդալ առանց ընդմիջման” ներկայացումներով: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ներկայացվեցին Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցի ուսուցիչների աշխատանքները: 2010-ի սեպտեմբերին Տավուշի մարզի Կողբ գյուղում բացվելու է գյուղի կերպարվեստի դպրոցի նոր շենքը: Այդ մասին պատմել է դպրոցի ուսուցիչներից մեկը` Աննա Նասիբյանը: Նրա խոսքերով, դպրոցում սովորելու հայտ ներկայացնում են շատ երեխաներ ինչպես գյուղից, այնպես էլ հարակից 7 շրջաններից, սակայն պայմանների բացակայության պատճառով ոչ բոլոր ցանկացողներին է հաջողվում ընդունել դպրոց: “Հիմա մեզ մոտ գործում է միայն կերպարվեստի բաժինը, բայց բացվելու են նաև քանդակագործության, խեցեգործության, հագուստի դիզայնի և այլ բաժիններ: Իսկ դասավանդելու են հենց մեր շրջանավարտները”,- ասել է ուսուցչուհին: Նա նշել է նաև, որ դպրոցում ուսուցումն անվճար է: Դպրոցի ղեկավարությունը 6-րդ տարին շարունակ կազմակերպում է երեխաների ամառային հանգիստը: Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ֆաշիզմի դեմ հաղթանակի 65-ամյակի տոնակատարության օրերին հայկական Թթու ջուր գյուղում, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանակից նախկին Կրասնոսելսկի շրջանում, կկանգնեցվի Հայրենական մեծ պատերազմում զոհված 76 համագյուղացիների հիշատակի հուշարձան, հաղորդել էր Հայաստանում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչության մամլո ծառայությունը: Ապրիլի 3-ին Նիժնի Նովգորոդից բերվել էր 3-մետրանոց զինվորի քանդակը` հայրենիքի պաշտպանների հիշատակի անմար կրակը վառած, գլուխը խոնարհած և ձեռքին ինքնաձիգ: Այս հուշարձանը Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանի նվերն է իր համագյուղացիներին: “Այն օրը, երբ հուշարձանը կկանգնեցվի, ես կասեմ, որ մեր գյուղն իր պարտքը կատարել է զոհվածների հիշատակի հանդեպ: Մեր համագյուղացիների հետ միասին ողջ Հայաստանը կհավաստի համընդհանուր հաղթանակին մեր հավատարմության մասին”, - ասել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, 46-րդ առանձին մոտոհրաձգային դիվիզիայի ավագ, 85-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը: “Սվազլյան գերդաստանի հավատամքը” վավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանում: Այն նվիրված է XX-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի իրարահաջորդ երեք սերունդների ազգանպաստ և հայրենանպաստ գործունեությանը: Ֆիլմում օգտագործված են արխիվային բացառիկ արժեք ներկայացնող վավերագրական տեսանյութեր, ընդ որում` Հայոց ցեղասպանության ականատեսների կենդանի վկայություններ: Պատմականորեն հագեցած նյութը շունչ ու կենդանություն է ստանում Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի խորաթափանց ու տպավորիչ ընթերցումով: Ֆիլմի պրոդյուսերն ու երաժշտական ձևավորողն է Կարեն Խառատյանը, սցենարիստը` լրագրող Լաուրա Մինասյանը: Երաժշտասերների համար ապրիլի 10-ին Կամերային երաժշտության տանը հանդես եկավ հայազգի Եվա Մեձորյանը։ Համերգին Եվա Մեձորյանը ներկայացավ հայ և ամերիկացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Նրան նվագակցեցին դաշնակահար Վարդգես Խաչատրյանը, դուդուկահարներ Տիգրան Ավետիսյանն ու Մկրտիչ Աբգարյանը։ Երգչուհին 2009 թվականին թողարկել է “Անուշ գարուն” խորագրով հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակը: Նա նաև հասարակական գործիչ է և բարեգործ։ Նրա բարեգործութուններն ուղղված են Հայաստանի դպրոցներին: Շաբաթվա ընթացքում մեկ այլ մշակութային իրադարձություն էր հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրենկ Քրիստոֆ Եզնիկյանի վարպետության դասերը` Երևանի երաժշտական դպրոցների սաների համար: Շաբաթվա թերևս ամենահետաքրքրական նորությունը, որ գրավել էր հասարակության ուշադրությունը, վերաբերում էր Լեոնարդո դա վինչիի “Խորհրդավոր ընթրիք” գեղանկարին; Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել է երեք օղակ, որոնք մեծ գեղանկարչին և գիտնականին շաղկապում են Հայաստանի հետ: Դրանցից մեկը հայկական եկեղեցու նախագիծն էր Բագարանի ոճով, որ հայտնաբերվել է նրա օրագրում, “Հայոց տառերը”, որոնք հայելանման արտացոլված են նրա “The Codex Atlanticus” օրագրում, և երեք հայ տիրակալների դիմանկարները: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանի հոդվածում: Այս ամենը թույլ է տալիս գիտնականներին ենթադրել, որ Լեոնարդո դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---