Երևանը վերագտնում է իր ուրույն դիմագիծը, իսկ նոր մշակութային ավանդույթները հատուկ շուք են հաղորդում մայրաքաղաքին

Մայիսի 17-23-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Հայաստանում դեռ չէին հասցրել նշել «Թանգարանների գիշերը», երբ վրա հասավ Թանգարանների միջազգային օրը: Մայիսի 18-ին հայկական թանգարանները կրկին բացել էին իրենց դռներն այցելուների առաջ: Այս տարի Թանգարանների միջազգային օրը ողջ աշխարհում կայացավ «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո, ինչը ենթադրում է թանգարանների, ցուցանմուշների և մշակութային ողջ ժառանգության մատչելիություն հասարակության բոլոր խավերի, այդ թվում նաև հաշմանդամների համար: Այդ ակցիան երկու նպատակ է հետապնդում. առաջին` հաշմանդամների համար մատչելի լինել, երկրորդ` իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին», - նշել է Հայաստանում Թանգարանների միջազգային խորհրդի ներկայացուցչության գործադիր տնօրեն Հասմիկ Հարոյանը:

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերում նոր ֆիլմեր դիտելու հնարավորության մասին հինգշաբթի օրը խոսեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը նշեց, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզում մեկական կինոթատրոն կկառուցվի: Այդ մասին նա հայտարարեց «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Այս տարի փառատոնում հիմնական շեշտը դրվելու է հոբելյանների վրա: Այս տարի նշվում են կինոյի 7 անվանի գործիչների հոբելյանները. Անրի Վեռնոյի 90-ամյակը, Ատոմ Էգոյանի 50-ամյակը, Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակը: Հարգանքի տուրք է մատուցվելու նաև մեծ դերասաններ Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին, ռեժիսոր Հենրիկ Մալյանին և օպերատոր Ալբերտ Յավուրյանին: Ըստ այդ հոբելյանների կազմվել է փառատոնի ծրագիրը: Այն բացելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ինչպես խոստանում են փառատոնի կազմակերպիչները, բացմանը ներկա են լինելու ֆիլմի մի քանի դերասաններ, ինչպես նաև ռեժիսորի որդին: Իսկ «Ոսկե ծիրանի» ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանի ծննդյան օրը Երևանում կնշեն մեծ շուքով:

Ինչպես անցյալ տարիներին, հագեցած են լինելու փառատոնի բոլոր ծրագրերը: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում ներկայացվելու են Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», «Մեղր» ֆիլմերը: Վերջինը Բեռլինի կինոփառատոնում գլխավոր մրցանակ է ստացել: Այդ ֆիլմը թուրք ռեժիսոր Սեմիխ Կապլանօղլուի «Ձու», «Կաթ», «Մեղր» եռապատման մասն է: «Ձուն» 2009-ին ներկայացվել է «Ոսկե ծիրանի» ժամանակ: Ծրագրին մասնակցելու են նաև Կարեն Շախնազարովի «Հիվանդասենյակ համար 6» աղմուկ հանած ֆիլմը, անվանի լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն» ֆիլմը, թուրքական արմատներով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց» ֆիլմը և այլն: «Ոսկե ծիրանի» 7-րդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 11-18-ը:

Հայկական կինոն հաղթարշավ է սկսել միջազգային փառատոներում: Փաստագրական «Արարատից Սիոն» ֆիլմը ստացավ իր առաջին մրցանակը: Մայիսի 17-ին Ուելսի Սուոնսի քաղաքում կայացած կինոփառատունում, որն անցնում է հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսի հովանու ներքո, Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի ու Եգիպտոսի համատեղ ֆիլմը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆիլմ:

2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլիին նկարահանել էր «Հայաստանի սուրբ քարերը» (Pietre Sacre D'Armenia) փաստավավերագրական ֆիլմը (52 րոպեանոց)` Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ, ուր խորաթափանց կերպով ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարապետների հետ: Pietre Sacre D'Armenia ֆիլմը պատճենահանվել է 25.000 օրինակով և Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արքեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին: Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված:

Արդեն մի քանի տարի է` մեծ հաջողությամբ տեղի է ունենում«Իմ թանկագին եղբայր. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը: Այն բացվել է Բրունեյի պատկերասրահում և տևելու է մինչև հունիսի 24-ը: Ցուցահանդեսը կազմակերպել է Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրման դպրոցը (SOAS):

Ցուցահանդեսում ներկայացված են բացիկներ, դրոշմանիշներ և Օռլանդո Կոլումելոյի լուսանկարները, որոնք պատկերում են հայերի կյանքը Օսմանյան կայսրությունում 1900-1910թթ.: Բացիկները թողարկվել են անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում: Դրանց վրա պատկերված են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հայերին պատկանող գործարաններ, հյուրանոցներ, ռեստորաններ Կոստանդնուպոլսից մինչև փոքր թուրքական գյուղեր:

Երևանում ևս տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը, որոնք անցյալ տարի ժամանակավորապես հեռացվել էին հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության ժամանակ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին մասնակցել է արցախցի ականավոր երաժիշտ Գենադի Բարխուդարովի հուշարձանի բացման հանդիսավոր միջոցառմանը: Գենադի Բարխուդարովը եղել է Ստեփանակերտում առաջին ջազ-նվագախմբի հիմնադիրներից մեկը:

Այսպիսով, անցյալ շաբաթվա մշակութային իրադարձությունները դարձան ֆիլմերը, քանի որ Հայաստանի ամենավառ մշակութային իրադարձություններից մեկը` «Ոսկե ծիրանը», սարերի հետևում չէ:

Երևանը վերագտնում է իր ուրույն դիմագիծը, իսկ նոր մշակութային ավանդույթները հատուկ շուք են հաղորդում մայրաքաղաքին

Մանե Ամիրջանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---