Ջերալդ Փափազյան. «Ես «Անուշ» օպերայի տեքստը 9 ամսում թարգմանեցի

«Անուշ» օպերան անգլերենով ներկայացնելը շատ դժվար է, սակայն ավելի բարդ էր այն ամերիկյան բեմում բեմադրելը

«Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան անգլերեն լեզվով» բառակապակցությունը տարակուսանք է առաջացնում թեկուզ մեկ անգամ այն տեսած մարդկանց մոտ: Սակայն, Ջերալդ Փափազյանին ճանաչողները կասեն, որ օպերայի թարգմանությունն այնքան հաջողված է, որ միանգամայն համահունչ է Արմեն Տիգրանյանի բարդ երաժշտությանը: Եվ հենց անգլերեն թարգմանված «Անուշ» օպերան 1981 թվականին առաջին անգամ ներկայացվեց ամերիկացի հանդիսատեսի դատին Michigan Opera Theatre-ում:

PanARMENIAN.Net - «The Michigan Opera Theatre ղեկավարում է իտալական ծագումով ամերիկացի Դևիդ Դիքքերան: Նա կարողացավ հաջողության հասնել շատ բարդ գործում` թատրոն հիմնեց Դեթրոյթում: Անհավանական համառության շնորհիվ նա ստացավ կառավարության աջակցությունը, գտավ հովանավորների և հիմնեց Detroit Opera Theatre-ն: Այն ժամանակ էլ նա սկսեց իրագործել իր գաղափարներից մեկը` բեամդրել աշխարհի տարբեր երկրների ոչ այնքան հայտնի օպերաները: Իմ ծանոթներից մեկն ասաց, որ կարելի է բեմադրել նաև հայկական օպերա: Նա ցանկացավ լսել որեևէ մի օպերա և նա եկավ ինձ մոտ: Այն ժամանակ ես նոր էի ավարտել Երևանի թատերական ինստիտուտը և համարվում էի հայկական օպերայի գիտակ, ուստի նա ինձ դիմեց խորհրդի համար: Քննարկելով տարբերակները, մենք, այնուամենայնիվ, կանգ առանք «Անուշի» վրա: Մենք վերցրեցինք «Անուշի» ձայնագրություններով հին սկավառակները և տարանք դրանք Դիքքերային: Անուշի արիան կատարում էր մեծն Գոհար Գասպարյանը: Լսելով նրան, Դիքքերան հարցրեց. «Արիայի վերջին նոտան գրե՞լ է հեղինակը թե երգչուհին է ավելացրել»: Ես պատասխանեցի, որ երգչուհին: Նա ասաց. «Այդ դեպքում մենք կբեմադրենք օպերան, հակառակ դեպքում մեր երգիչները չեն կարողանա վերցնել այդ նոտան»,-ասել է Ջերալդ Փափազյանը երկրպագուների և արվեստագետների հետ հանդիպմանը «Նարեկացի» արվեստի կենտրոնում:

Այդպիսով, ամեն ինչ նրան էր գնում, որ շուտով «Անուշը» կտեսնի ամերիկացի հանդիսատեսը: Սակայն ևս մեկ խնդիր առաջացավ, առաջինից ավելի բարդ: «Դևիդ Դիքքերան խնդրեց ինձ մի քանի արիա թարգմանել օպերայից անգլերեն, հասկանալու համար, թե ինչի մասին է այնտեղ խոսք գնում»,-ասել է Փափազյանը: Նա կատարեց թատրոնի ղեկավարի խնդրանքը և վերջինս այնքան գոհ մնաց, որ ստիպեց Փափազյանին թարգմանել օպերայի բոլոր արիաները, այն անգլերեն կատարելու համար: «Եթե մենք օպերան հայերեն բեմադրենք, դերասանները կրկնակի հոնորար կպահանջեն`այդ բարդ լեզվով այն կատարելու համար: Կամ ստիպված ենք լինելու երրորդ կարգի դերասանների վերցնել, որոնց համար միևնույն է, թե ինչ լեզվով երգել` չինարեն կամ հայերեն, միայն թե աշխատանք լինի»,-պատմեց Ջերալդ Փափազյանը: Նա հավելեց, որ մինչ այդ արդեն հասցրել էր հասկանալ, որ եթե բեմադրում ես ոչ այնքան հայտնի հեղինակի գործ, հարկավոր է դա ամենաբարձր մակարդակով անել, լավ տպավորություն գործելու համար: Սակայն, այդ դեպքում, հարկավոր է «Անուշը» թարգմանել անգլերեն: Դրա համար 9 ամիս պահանջվեց: «Իմ բոլոր տնեցիներն արդեն անգիր գիտեին օպերան, քանի որ թարգմանելով ամեն մի խոսքը, ես պետք է երգեի էի այն ու հասկանայի, թե որքան հարթ է այն «նստում» երաժշտության վրա»: Սակայն տեքստը թարգմանվեց և Անուշը կատարեց իր հայտնի արիան անգլերեն:

Ջերալդ Փափազյանը պահպանել է նաև օպերայի պրեմիերայի օրը նկարահանված հատվածների տեսագրությունը: Դա էկզոտիկա է հայ հանդիսատեսի համար:

Խնդիրներ ծագեցին ամենուր` բեմական հանդերձանքի պատրաստման, նույնիսկ նվագախմբի համար նոտաների հայթայթման գործում: «Երբ մենք խնդրեցինք մեզ ապահովել նոտաներով, մեզ ասացին, որ Հայաստանում կա նոտաների միայն երկու պատճեն` մեկը պահվում է օպերայի և բալետի թատրոնում, մյուսը` Չարենցի թանգարանում: Մենք ստիպված եղանք պատճենահանման սարք գտնել Էջմիածնում (դա 1981թ. էր), պատճեններն անհաջող ստացվեցին: Ամեն ինչ բարդ էր: Սփյուռքահայ արվեստի գործիչները մեծ խնդիրներ ունեցան: Դա կապված էր պետության աջակցության բացակայության հետ, մենք ամեն ինչ ստիպված էինք ինքներս անել»,-ասաց ռեժիսորը:

Սակայն, անկախ բոլոր դժվարություններից, օպերան բարձրացավ ամերիկյան բեմ և նույնիսկ ստացավ «խաղաշրջանի լավագույն ներկայացում» մրցանակը: Այն ցուցադրվեց ևս մեկ անգամ, 20 տարի անց` Detroit Opera Theatre-ում: «Այդ հաջորդ բեմականացումը նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Այն ժամանակ ես աշխատում էի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի թարգմանության վրա: Այս անգամ ևս խնդիրները շատ եղան, քանի որ օպերայի տեքստը փոխվել էր գրաքննության կողմից, և ես պետք է որոշեի, թե օպերայի որ տարբերակն եմ բեմականացնելու: Ի վերջո, մենք որոշեցինք բեմականացնել բնօրինակը San Francisco Opera-ում: Եվ որպես «Անուշն» առաջին անգամ բեմադրած թատրոն Michigan Opera Theatre-ն ցանկացավ բեմադրել այն ևս մեկ անգամ, սակայն արդեն հայերեն լեզվով, և հայ դերասանների կատարմամբ` Անուշի ու Սարոյի դերերգում»,-պատմում է Փափազյանը:

Այդ ներկայացումները դարձան նրա առաջին քայլերը հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում, սակայն ոչ վերջին: Նորա Արմանիի հետ համագործակցությամն Ջերալդ Փափազյանը ստեղծեց «Sojourn at Ararat» ներկայացումը, կառուցված հայկական պոեզիայի վրա` անգլերեն ու ֆրանսերեն թարգմանությամբ, «Վահագնի ծնունդից» մինչև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Ներկայացումն առաջին անգամ ներկայացվեց Էդինբուրգի փառատոնում, իսկ հետո, 11 տարի շարունակ աշխարհի 20 քաղաքներում: Այն արժանացավ «Drama-Logue Critics Award» և «Golden Star Halo» մրցանակների, ինչպես նաև ստացավ մրցանակ կինոյի և թատրոնի լավագույն դերասան անվանակարգում Հայաստանի թատրոնի ու կինոյի գործիչների միությունից:

Ջերալդ Փափազյանն արդեն դասավանդում էր, սակայն չհրաժարվեց թարգմանություններից: Նրա թարգմանությամբ և բեմականացմամբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ, ներկայացվեց Փարիզի Dejazet թատրոնում և Անտուանի Firmin Gemier-ում: Իսկ վերջերս, «Տիգրան Չուխաջյան» հետազոտական կենտրոնի և Ազգային մշակութային միության աջակցությամբ, Ջերալդ Փափազյանը թարգմանեց և ներկայացրեց Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը Փարիզի «Ռոսինի» թատրոնում:

Հայ հեղինակների հետ մեկտեղ, նա բեմադրեց նաև Շեքսպիրի ու Բերնարդ Շոուի ստեղծոգործությունները: Սակայն նրա կյանքի գլխավոր գործը այնուամենայնիվ հայ թատերարվեստի պրոֆեսիոնալ զարգացումն է ու հայ մշակույթը ներկայացնել է համաշխարհային թատերական բեմերում:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---