Կաննի կինոփառատոնը և «Եվրատեսիլը»` ամենամեծ ուշադրությանն արժանացան

Կաննի կինոփառատոնը և «Եվրատեսիլը»` ամենամեծ ուշադրությանն արժանացան

Մայիսի 21-27-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Անցավ հերթական շաբաթը, և ժամանակն է ամփոփել մշակութային կարևորագույն իրադարձությունները: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ ամբողջ աշխարհից ժամանում են հայտնի կինոգործիչներ, լրագրողներ: Ինչպես անցած տարի, այս տարի ևս PanARMENIAN Photo-ի ֆոտոլրագրող Վահան Ստեփանյանը փառատոնի ողջ ընթացքում այնտեղ էր, և լուսանկարների և օրագրի տեսքով մեր ընթերցողներին ներկայացրեց Կաննում տեղի ունեցող իրադարձությունները: Երեկ ամփոփվեց փառատոնը, և ավստրիացի Միխայել Հանեկեյի «Սեր» ֆիլմը դարձավ հաղթող:

PanARMENIAN.Net - Հայաստանը Ազգային կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ փառատոնի կինոշուկայում ներկայացրեց 15 կինոնախագիծ: Թե ինչ պայմանագրեր է Հայաստանը կնքել Կաննում, կիմանանք պատվիրակության վերադարձից հետո:

Մեկ այլ մեծ, համաեվրոպական միջոցառում տեղի ունեցավ հարևան Ադրբեջանում: Կայացավ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը, որին մասնակցեց 42 երկիր: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ կրքերը բորբոքվում էին այս կամ այն երգչին ուղարկելու համար, այս տարի մեզ մոտ խոսվում էր Հայաստանի մասնակցության մասին: Չնայած, որ Հայաստանը չմասանկցեց մրցույթին, այնուամենայնիվ շատերն անհամբեր սպասում էին, թե ինչպես կկազմակերպվի այն, ինչպես կանցնի: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, երկար որոշում կայացնելուց հետո հեռարձակեց մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցչուհի Լորինը, ում Euphoria երգը սիրված էր նաև Հայաստանում, և բուքմեյքերական գրասենյակները հենց Լորինի հաղթանակին էին տալիս առավել մեծ շանսերը:

Անցած շաբաթ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը վերադարձավ Լոնդոնից, որտեղ մասնակցեց Globe to Globe շեքսպիրյան փառատոնին: Նրանք ներկայացրեցին տեսանյութեր, որոնք փաստեցին Հայաստանի մեծ հաջողության մասին: Փառատոնի երկարամյա պատմության ընթացքում երբեք չեր ներկայացվել «Ջոն արքան», և Հայաստանը առաջինն էր, ով արեց դա:

Բեմադրության ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մինիմալ դեկորացիայով և հայկական նվագարանների օգտագործմամբ ստեղծել է մոբիլ ներկայացում, որը միայն հունիսին կներկայացվի հայ թատերասերներին:

Մայիսի 21-27-ը Հայաստանը միացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվան», որի ընթացքում տեղի ունեցան բազմապիսի միջոցառումներ, երաժշտական դպրոցներին հանձնվեց երաժշտական գրականություն: Մայիսի 24-ին տեղի ունեցավ «շաբաթվա» գալա համերգը, որին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Մայիսի 21-ին Հայաստանում կրկին ելույթ ունեցավ ամերիկաբնակ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը, ով ներկայացավ «Տիգրան մեծ» բեմադրությամբ: Այն հիմնված է հայոց պատմության և Աբուսեֆյանի մտորումների ու վերլուծությունների վրա: Դերասանուհին չի թաքցնում, որ ներկայացմանը տվել է քաղաքական աստառ, և համարձակորեն խոսեց Սփյուռքի վտանգվածության մասին:

Մայիսի 26-ին ավարտվեց «Ազգային պատկերասրահ» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը ներկայացավ 6 բազմազան համերգներով: Հատկապես սիրվեց վրացական «Սուլիկո» համույթը:

Անցած շաբաթ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը նշեց իր ծննդյան 88-ամյակը:

Հայ ընթերցասերների դատին հանձնվեց «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակագրությունները» (1512-1572) գիրքը, որտեղ ներկայացվում է Հայերեն հնատիպ տպագիր գրքերից շատերի էջերին թողած ձեռագիր հիշատակարանները: ՀՀ մշակույթի նախարարությունը հուշ-երեկոյով նշեց հայ ականավոր պետական և քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 80-ամյակը:

Այս շաբաթ բացվելու է «Նոր անուններ» փառատոնը, մի քանի աճուրդներ և այլն:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---