Հերթական «հերոսը»

Հերթական «հերոսը»

Սաֆարովին ներելու Իլհամ Ալիևի հրամանագիրը բնավ էլ զարմանալի չէ

Հերոսության մասին ամեն ազգ ունի սեփական, ուրիշներից փոքր-ինչ տարբերվող պատկերացումը. եթե հողագործ հայի համար մարտադաշտում գործած սխրանքներին հավասար հերոսություն էր համարվում ժայռերից հող խլելը, այն սեփական քրտինքով ոռոգելն ու առատ բերք ստանալը, ապա խաշնարած քուրդի աչքերում անգերազանցելի կտրիճ էր ուրիշի արագավազ ձին կամ անասունների հոտը հմտորեն փախցնողը: Առաջին հայացքից հերոսության այս երկու տրամագծորեն հակառակ դրսևորումներում իրականում կան ավելի շատ ընդհանրություններ քան կարելի է պատկերացնել:

PanARMENIAN.Net - Երկու դեպքում էլ միջավայրի հարգանքին է արժանանում սեփական անձը զոհելու պատրաստակամությունը, նպատակասլացությունը, արհամարհանքը վտանգի նկատմամբ. առաջին դեպքում մարդը իր ընտանիքի բարօրորությունն էր նվիրաբերում ողջ էներգիան, ժամանակը, ծայրահեղ լարվածության հասցնում մկաններն ու ուղեղը՝, երկրորդ դեպքում ձիագողության գնացող գիշերային ավազակը քաջ գիտակցում էր, որ կարող է զոհ գնալ զայրացած անասնատիրոջ գնդակին կամ որպես խրատ մնացածներին` ճոճվել մոտակա ծառից:

Ամեն դեպքում թե նստակյաց հողագործի թե քոչվոր անասնապահի մոտ հյուրը համարվել է թանկագին ու անձեռնմխելի մարդ, իսկ քնած մարդուն սպանելը` տղամարդուն անվայել արարք:

Ադրբեջանցիների մոտ հերոսության պատկերացումները փոքր-ինչ այլ են. այդ եկրում ազգային հերոսի կոչման կարող են արժանացնել մի ոչնչով աչքի չընկնող օդաչուի, ում միակ «սխրանքը» եղել է Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անհաջող ռմբահարումը և հարձակումը մարդատար ՅԱԿ-40-ի վրա կամ թմրամոլի ապուշավուն հայացքով մի գեներալի, ով պատերազմի վճռորոշ ճակատամարտերից մեկի ողջ ընթացքում անխռով քնած է եղել հրամանատարական ՈՒԱԶ-ի մեջ, իսկ պատերազմից հետո բարեկամ պետության մայրաքաղաքում ակադեմիական կրթություն ստանալու տարիներին ռեստորանային հարբած ծեծկռտուքի ժամանակ դանակահարել ու սպանել է իր ախոյանին: Այս տեսանկյունից Ռամիլ Սաֆարովը ադրբեջանական հասարակության լուրջ հոգեբանական բարդույթների հերթական ախտանիշն է: Եթե Սաֆարովը լիներ ցանկացած այլ երկրի քաղաքացի, նրա անունը հնչելիս նրա յուրաքանչյուր հայրենակից ստիպված կլիներ ամոթահար կախել գլուխը, իսկ Ադրբեջանում քնած մարդուն կացնահարողը ժողովրդական հերոս է:

Այն, որ ալիևյան կլանը հարևան հանրապետությունում կառուցել է նեոսուլթանական իշխանական համակարգ, գաղտնիք չէ, այնպես որ Սաֆարովին ներելու Իլհամ Ալիևի հրամանագիրը բնավ էլ զարմանալի չէ, ինչ փույթ, թե այդ որոշումը հակասում է անգամ սեփական երկրի օրենքներին: Այդ հրամանագրով Ալիևն ապացուցում է, որ իր` Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտի շրջանավարտ բռնապետի ու կիսագրագետ իր հպատակի միջև չկա որևէ խորքային տարբերություն: Երկուսի աչքերում էլ հայ սպանելն ինքնին հերոսություն է ու նշանակություն չունի այդ հայը մանուկ է, թե ծեր, խրամատում կանգնած զինվոր է, թե իր անկողնում անխռով քնած մարդ:

Ալիևի ներման հրամանագիրն իրականում բավականին լավ նվեր է հայկական դիվանագիտությանը, անգամ ամենից համառ արևմտյան «հաշտարարի» համար արդեն պարզ է, որ Ադրբեջանի պես երկրում որևէ հայի անվտանգությունն ապահովված չէ: Սին են նաև այն մարդկանց փաստարկները, ովքեր հիշատակում են 70 տարվա խաղաղ գոյակցությունը ԽՍՀՄ կազմում. հայերն ու ադրբեջանական թուրքերը ունեցել են խաղաղ գոյակցության փորձ նախկինում ևս, և անարյուն համակեցության այդ շրջաններն ավարտվել են խեղճուկրակ հարևանից ակնթարթորեն արյունարբու խուժանի վերածված խառնանբոխի կողմից կազմակերպված կոտորածներով:

Երկու ազգերի հարաբերությունների ողջ պատմության ընթացքում հայը եղել է անվտանգ միայն այն ժամանակ, երբ իրենց սև և սպիտակ ոչխարների սերունդներ համարող մեր վատ հարևանները իրենց քոչվորական բախտը որոնել են Հայաստանի սահմաններից դուրս, որոնք հուսալիորեն հսկել են հայ զինվորները:

Սաֆարովին ընդունել, նրա ձեռքը սեղմել, ութ տարվա աշխատավարձը, մայորի ուսադիրներն ու նորակառույց բնակարանի բանալիներն է հանձնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Արցախյան պատերազմի ոչ մի ճակատամարտում չհաղթանակած այս «զորավարը» սրանով իսկ խոստովանել է իր բանակի ցածր մարտունակությունը: Սաֆարովի նման «հերոսներ» ծնող բանակը դատապարտված է պարտությունների:

Սուրեն Սարումյան
Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---