Միասնական թեկնածու. փրկության վերջին շանսը

Միասնական թեկնածու. փրկության վերջին շանսը

Միասնական թեկնածուն այդպես էլ կմնա ընդդիմության երազանքներո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, իրականություն կդառնա

Հայաստանի նախագահի աթոռի համար պայքարի մեկնարկը ուր որ է կտվրի: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն իրենց դիրքորոշումն հայտնելու ժամանակը հնարավոր և անհնար բոլոր տարբերակներով արդեն ձգել են և մի քանի օրից բոլորը ստիպված կլինեն բացել խաղաքարտերը: Խաղի հիմնական մասնակիցները ընդդիմադիր, այլընտրանքային, արմատական ընդդիմություն և այլ անուններ ստացած չորս ուժերն են, իսկ նրանց միավորում է ոչ միայն այսպես կոչված ընդդիմադիր դաշտը, այլև «միասնական թեկնածու» կոչվող այն հրաշագործ տարբերակը, որի միջոցով նույն ընդդիմադիրները կարծում են, որ կազատվեն այս իշխանություննրից:

PanARMENIAN.Net - Միասնական թեկնածուի ձևավորման մասին բոլոր ուժերն էլ խոսել են, բայց բանը խոսակցություննրից այն կողմ, կարծես, չի անցնում: Միասնական թեկնածու՝ ընդդիմադիր դաշտի իսկապես կոնսուլիդացիա՞, թե՞ հոգեվարք ապրող կամ մարող քաղաքական ուժերի փրկության վերջին շանս:

Միասնական թեկնածու, որպես այդպիսին, ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի, չի լինի: «Գուցե այս կամ այն քաղաքական միավորը սեփական թեկնածուն չունենա և ինչ-որ կերպ աջակցի որևէ ուժի թեկնածուին: Հաշվի առնենք, որ այդ ընդդիմություն ասվածը միասնական օրգանիզմ չէ: Առնվազն երեք-չորս խաղացողներ կան, որ այսօր Հայաստնում ընդդիմադիր են համարվում, նրանցից յուրաքանչյուրը մի առանձին նպատակով, առանձին խնդիրներով մասնակցում է այս խոսակցություններին և միասնական թեկնածուի շուրջ իբր ընթացող բանակցություններին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արմեն Աղայանը:

Քաղաքագետների մի մասը կարծում է, որ ամենաքիչը հավանական է, որ ընդդիմության միասնական թեկնածուն լինի ՀՅԴ-ից: Ամենաչխոսկանը պարզվեց ընդդիմադիր դաշտում ամենաերկարն ապրած «Դաշնակցությունն» է: Հայրենի քաղաքագետները կարծում են, որ այս ընտրություններում ՀՅԴ-ն դժվար սեփական թեկնածուով հանդես գա, քանի որ այդ մասին իրենք՝ ՀՅԴ-ականներն են հասկացրել: Ըստ այս վարկածի՝ ՀՅԴ-ն այդ քայլին չի դիմի նաև ելնելով մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում իր հավաքած շատ քիչ ձայներից: ՀՅԴ-ի վերջին շրջանի քվեների անկումը բավական ռիսկային վիճակ է ստեղծել և վախ կա, որ կուսակցությունը քաղաքական դաշտում մահացող ուժ է: Ոմանք էլ հավանական են համարում, որ այս ուժը կբոյոկտի ընտրությունները և չի մասնակցի:

Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի նման քիչ ձայներ էր հավաքել նաև մյուս ընդդիմադիր՝ «Ժառանգություն» կուսակցությունը: Գալիք նախագահական ընտրություններում իր մասնակության մասին հստակ միայն այս ուժն է հայտարարել: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ միասնական թեկնածու ունենալը ոչ թե հնարավոր է, այլ՝ անհրաժեշտ։ «Աստված վերևում է, բայց ես մտադրված եմ առաջադրվելու, եթե մեր կուսակցությունները, հասարակությունն ուզում են փոփոխություն, նոր Հայաստան, դե յուրե իշխանություն, ապա ուժերը կփորձեն ինձ հետ միասին հասնել այդ ամենին, կողջունեմ այդ կուսակցությունների աջակցությունը։ Եթե ամեն մեկը գնա իր ճամփով, փոփոխություններն անհնար են։ Հավաքական թեկնածությունը չունի մրցակից։ Ոչ մի կուսակցություն առանձին վերցված չի կարող այս հարցը լուծել»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» քաղաքական դաշտում իրենց պահպանվելու խնդիրն են լուծում: Նա կարծում է, որ եթե նրանցից որևէ մեկը պաշտպանի մեկ այլ քաղաքական ուժի և դա տեղի ունենա ոչ միասնական թեկնածուի ձևավորման համատեքստում, այլ ուղղակի ստացվի, որ այն սատարում է այլ քաղաքական ուժի, ապա իր արժեքը կտրուկ կընկնի: «Այս տեսակետից լրիվ հասկանալի է, որ «Ժառանգությունը» ուզում է սեփական թեկնածուով հանդես գալ: Բայց այստեղ կա մեկ ուրիշ խնդիր, եթե սեփական թեկնածուով հանդես գալու դեպքում այդ սեփական թեկնածուն քիչ ձայն ստանա, դարձյալ այս կուսակցությունների համար վտանգավոր է: Դրա համար՝ թե՛ «Դաշնակցությունը», թե՛ «Ժառանգությունը» հիմա երկու կրակի արանքում փորձում են օպտիմալ որոշում ընդունել. պահպանել սեփական ինքնությունը քաղաքական դաշտում և միևնույն ժամանակ ցույց տալ, որ իրենք այնտեղ քիչ թե շատ կշիռ ունեն կամ այն անկում չի ապրում և գոնե ինչ-որ մի նվազագույն 5 տոկոսանոց մակարդակով պահպանվում է»,- ասաց Արմեն Աղայանը:

Միասական թեկնածու ունենալու գաղափարին «Ժառանգությունում» լավ են վերաբերվում, բայց եթե ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրի, «Ժառանգությունը» չի ընդունի նրան՝ որպես միասնական թեկնածու։ Այս կուսակցության անդամները տարբեր առիթներով հայտնել են, որ բացառում են գործող և արդեն չգործող նախագահների թեկնածություններին սատարելը:

Այս շղթայի հաջորդ երկու օղակները իրենց արմատական ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ն ու դեռ բոլորովին վերջերս իշխանության մաս կազմող ԲՀԿ-ն են: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ և շատ ակտիվիստներ լսել անգամ չեն ուզում Գագիկ Ծառուկյանի թեկնածության մասին ու որևէ կերպ չեն պատկերացնում, որ Կոնգրեսը կարող է պաշտպանել նրա թեկնածությունը: Կոնգրեսի ղեկավարները միասնական թեկնածուի գաղափարը համարում են անհրաժեշտություն ու միակ աշխատող տարբերակը գործող ռեժիմի դեմ պայքարելու ու իշխանափոխություն իրականացնելու համար: Կոնգրեսում իշխող համընդհանուր տրամադրությունն այն է, որ միասնական թեկնածուն կարող է լինել բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանը: ԲՀԿ-ականներն էլ իրենց հերթին հայտարարում են, որ իրենց պատկերացրած միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է:

Քաղաքագետ Արմեն Աղայանը ՀԱԿ-ին արմատական ընդդիմություն չի համարում: Այն ընդամենը մի քանի տարի է, ինչ գոյություն ունի և որևէ բանով այս իշխանություններից չի տարբերվում: «Կոնգրեսն ուղղակի նախորդ ընտրաշրջանի ռևանշիստական ուժն էր: Ընդամենն այդքանով է այն ընդդիմություն՝ ոչ ավել, ոչ պակաս: Այդպիսի ռևանշիստական ուժերը շատ արագ մարում են: Սա ՀՅԴ չի , որ տասնամյակների պատմություն ունենա, ինչ-որ նպաստ բերած լինի երկրի կյանքում, որ հանուն գաղափարական բանի համար շարունակի իր գոյությունը մեր քաղաքական դաշտում: Հետևաբար, ՀԱԿ-ը ավելի մոտ է վերանալու եզրին, քան ,ասենք, ՀՅԴ-ն: ՀԱԿ-ը ավելի շատ հակված է ցանկացած խաղի մեջ մտնել՝ իր անդամների ներկայությունը քաղաքական դաշտում ապահովելու համար: Այս տեսակետից բացառված չէ, որ ինչ-որ ձևով պաշտպանեն ԲՀԿ-ի թեկնածուին, բայց ձևակերպեն որ պաշտպանում են ոչ «Բարգավաճի» թեկնածուին, այլ ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար»,- ասաց քաղաքագետը:

Իսկ այս բոլոր ուժերի մրցակից կուսակցությունն էլ համոզված է, որ նրանք այնուամենայնիվ, չեն կարողանա հասնել համաձայնության և ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ չի տեսնում միասնական թեկնածուով հանդես գալու ընդդիմադիր ուժերի հնարավորությունը: Այն, որ ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ է քիչ հավանական համարում: Ըստ նրա` այդ մասին են վկայում այն հակասությունները, որոնք կան ոչ միայն միմյանց հետ բանակցող ուժերի միջև, այլև առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները:

Քաղաքագետ Արմեն Աղայանը համոզված է, որ Հայաստանը հերթական անգամ ունենալու է ռևանշիստ քաղաքական ուժի թեկնածու, այսինքն, նախկին իշխանության ներկայացուցիչներ: «Եթե անցյալ անգամ ռեվանշիստի դերը Տեր-Պետրոսյանինն էր, և նա անձամբ խաղաց, ապա այս անգամ ռևանշիստի դերը Քոչարյանինն է, և նա, ամենայն հավանականությամբ, կխաղա իր որևէ ներկայացուցչի միջոցով՝ դա կլինի ԲՀԿ նախագահը, կլինի Վարդան Օսկանյանը: Թե ով՝ դա արդեն երկրորդական է»,- ասաց Արմեն Աղայանը:

Քաղաքագետների կանխատեսումներն ու վերլուծությունները տարբեր են: Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանի քաղաքական կյանքում և ինչպիսին կլինի ընդդիմադիր դաշտը 2013 –ի փետրվարին ընդառաջ կերևա շատ շուտով. միասնական թեկնածուն այդպես էլ կմնա՞ ընդդիմության երազանքներում, թե՞, այնուամնայնիվ, իրականություն կդառնա:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---