«Հիշողություններ ֆրոնտից». Գևորգ Աղաբաբյան. Պատերազմից հետո գտավ այն լիտվացի աղջկան, ով փրկել էր իր կյանքըԳևորգ Աղաբաբյանը ամիսներ առաջ մահացել է: Նրա մասին նյութը պատրաստել օգնեցին հարազատները Գևորգ Աղաբաբյան (1920-2013) - Ծնվել է 1920 թվականին Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում: Սովորել և ավարտել է Երևանի N 29 միջնակարգ դպրոցը: 1939 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն ինստիտուտում սովորել է ընդամենը մի քանի ամիս: Նույն թվականին նրան զորակոչել են: 29 ապրիլի 2013 PanARMENIAN.Net - Դեպի պատերազմ. Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ պատերազմ է սկսվել 1939 թվականի նոյեմբերի 12-ին Գևորգ Աղաբաբյանը զորակոչվել է Կարմիր բանակ: Ծառայել է Մերձբալթյան 48-րդ դիվիզիայի 301 գնդի 2-րդ գումարտակում: Եղել է շարքային կապավոր: Պատերազմից հետո Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան ու հոբելյանական մեդալներ է ստացել:
1941 թվականի հունիսի 22-ին Սովետական Լիտվայի սահմանամերձ տարածքը կլանվեց պատերազմի մեջ: Մարդիկ չգիտեին՝ ինչ է կատարվում, չգիտեին հարձակում է դա, թե սադրանք: Որևէ մեկը չգիտեր՝ ինչ պիտի անի: Այն զորամասը, որտեղ ծառայում էր Գևորգ Աղաբաբյանը, անգամ բանակի շտաբից հրաման չէր ստացել: Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ պատերազմ է սկսվել: Զինվորները փրկում էին զենքը և մարտական տեխնիկան, դուրս էին բերում վիրավորներին, վիրակապում միմյանց: Ռազմաճակատում`մահվան եզրին. Երբ բացում է աչքերը, տեսնում է՝ կողքին ծնկաչոք նստած մի շիկահեր աղջկա Հերթական հակագրոհներից մեկի ժամանակ Գևորգ Աղաբաբյանը ծանր վիրավորվում է: Ականը պայթում է՝ վնասելով նրա ոտքը և գլուխը: Ուշքի գալով՝ նա նկատում է, որ իրեն գերմանացիներ են մոտենում: Հավաքելով վերջին ուժերը՝ գերմանացիների ուղղությամբ վերջին նռնակն է նետում և ուժասպառ ընկնում: Գերմանացիներից մեկը մոտենում է և ավտոմատից կրակում կրծքին ու կարծելով, որ մահացել է, հեռանում է: Թե որքան է մնում անզգա վիճակում, հայտնի չէ: Երբ բացում է աչքերը, տեսնում է՝ կողքին ծնկաչոք նստած մի շիկահեր աղջկա: Աղջիկը պատռում է շապիկը, մաքրում լերդացած արյունը, մշակում վերքերը, հետո մոտ է բերում մի կոտրված հեծանիվ, վրան շոր գցում, որ զինվորը ստվերում մնա: Հետո ասում է իր անունը և հասկացնում, որ այդտեղ մնալը վտանգավոր է. կվերադառնա երեկոյան: Բայց խոստացածից շուտ է վերադառնում: Նա գալիս է մի կնոջ ու երեխայի հետ: Նրանք կերակրում են վիրավորին, փոխադրում են ավելի ապահով վայր ու նորից գնում: Երեկոյան, երբ մութն ընկնում է, աղջիկը վերադառնում է երկու տղամարդու հետ: Նրանք վիրավորին դնում են ծածկոցի վրա և դաշտից տեղափոխում գյուղ: Վիրավորին տեղավորում են փակ պատուհաններով մի սենյակում՝ խոտերի վրա: Աղջիկը խնամում է նրան, իսկ երկու օր հետո երեք այլ վիրավորներ են բերում: Մի քանի օր անց գերմանացիներն իմանում են վիրավորների թաքստոցի մասին: Որքան էլ փորձում է լիտվացի աղջիկը համոզել գերմանացիներին, որ Գևորգը զինվոր չէ, նրան չեն հավատում: Գերության մեջ. Շատերը մահանում էին ցրտից Հունիսի 27-ին գերմանացիները վիրավորներին տեղափոխում են Ռասեյնյա շրջկենտրոն, հետո՝ Սովետսկայա: Այստեղ գերմանացիները ավտոկայանատեղիները դարձրել էին գերիների բուժկետ: Դրանք չէին թաքցվում, սարսափելի պայմաններ էին: Շատերը մահանում էին ցրտից: Գևորգ Աղաբաբյանն այստեղ մնում է 1 տարի, երկու ամիս: Դեռ չապաքինված՝ 1942-ին նրան տեղափոխում են Լա Մանշ-Պադեկալեի մոտ գտնվող Գյանզե կղզու համակենտրոնացման ճամբար: Ռազմագերիներն աշխատում են ֆերմերների մոտ: Այստեղ Գևորգ Աղաբաբյանն ապրում է 3 տարի` կյանքից բոլորովին անտեղյակ: Հաղթանակին սպասելիս. Պատերազմն ավարտվեց բոլորի համար, բայց ոչ ռազմագերիների Պատերազմն ավարտվեց բոլորի համար, բայց ոչ ռազմագերիների: Հաղթանակի մասին Գևորգ Աղաբաբյանն իմացավ Գյանզե կղզու համակենտրոնացման ճամբարում: 1945 թվականի մայիսին նրան մի խումբ ռազմագերիների հետ ուղարկում են Անգլիա, իսկ հունիսի սկզբին՝ Սովետական միություն, Օդեսա: Օդեսայից նրան ուղարկում են հեռավոր արևելք, քաղաք Սուջան՝ քարածխի հանքում հարկադիր աշխատանքի: Գևորգ Աղաբաբյանն այնտեղ մնում է 7 տարի և միայն 1952-ին` 13 տարի անց, ազատվում է և վերադառնում Հայաստան: Պատերազմից հետո. «Ստակինետիս» թերթը օգնում է գտնել շիկահեր աղջկան 1956 թվականին Գևորգն ամուսնանում է իր մանկության ընկերուհու հետ, ով այդքան տարի սպասել էր նրան: Ունենում է 2 երեխա ՝ տղա և աղջիկ: Հայաստան վերադառնալուց հետո նա երկար տարիներ որոնում է իր կյանքը փրկած լիտվացի աղջկան: Այդ հարցում նրան օգնում է Ռասեյնյայի շրջանային «Ստակինետիս» թերթը: Նրանք գտնում են շիկահեր Պետրե Տոտիլեին և Գևորգը կնոջ հետ մեկնում է Լիտվա: Նա հյուրընկալվում Է Պետրեին, հանդիպում այն տղամարդկանց, ովքեր ծածկոցով իրեն դաշտից գյուղ էին տեղափոխել: Գևորգ Աղաբաբյանի մասին գրում են Լիտվայի «Սովետսկայա Լիտվա», «Կաունո Տիեսա» թերթերը: Հետագայում Կաունասի պատմության պետական թանգարանը դիմում է նրան՝ խնդրելով ուղարկել հուշեր, լուսանկարներ և փաստաթղթեր թանգարանում ցուցադրելու համար: Գևորգ Աղաբաբյանը Հայաստան վերադառնալու առաջին իսկ տարում աշխատանքի է անցնում Երևանի Մետաքսի գործարանում: Սկզբում աշխատում է որպես ենթավարպետ, այնուհետև 1961 թվականից աշխատանքի է անցնում նորարարական բաժնում՝ աշխատելով որպես ավագ ինժեներ: Անդրադառնալով նրա կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը, «Մետաքսագործ» թերթը գրում է, որ Գևորգ Աղաբաբյանը 40 տարվա ընթացքում հանդես է եկել 80-ից ավել առաջարկներով, որոնց ներդրումից կոմբինատը ստացել է շուրջ 200 հազար ռուբլու օգուտ: Պատերազմի ժամանակ մահից հրաշքով փրկված զինվորը այդքան տարվա ընթացքում անգամ հաշմանադամության կարգ չի ունեցել: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է ճանաչվել միայն 1995 թվականին: Գևորգ Աղաբաբյանը մահացել է ամիսներ առաջ` փետրվարի 27-ին` 93 տարեկան հասակում: Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News | Նախագծի գործընկեր «Հիշողություններ ֆրոնտից» նախագիծ Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ: Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |