Վերածնված ու աշխարհին նորովի ներկայացող. Հայաստանը ռուսաստանցի բլոգերների աչքերով

Վերածնված ու աշխարհին նորովի ներկայացող. Հայաստանը ռուսաստանցի բլոգերների աչքերով

Հիշողությունը մարդու սեփականությունն է դառնում, երբ նա ընկալում է պատմությունը ոչ թե չոր թվերի լեզվով, այլ որպես անհատ մարդկանց ճակատագրեր

Պատմական ճշմարտության մասին պատմելու ձևերը տարբեր են: Օրինակ, կարելի է համառոտ նկարագրել երևույթն ու մի քանի թիվ նշել, բայց որոշ ժամանակ անց զրուցակիցդ կմոռանա դա: Իսկ կարելի է հակառակը` պատմել սեփական ժողովրդի անցյալի մասին, թույլ տալով զրուցակցին ինքնուրույն զգալ, հասկանալ ու տեսնել երկիրն ու մարդկանց, որոնց պատմությունն այսուհետ ընդմիշտ կմնա նրա հիշողության մեջ: Ինչպես սեփական հիշողությունն է` շոշափելի ու հավերժական: Իսկ եթե զրուցակիցը մի մարդ է, որին վստահում են միլիոնավոր այլ մարդիկ, նա կկարողանա ճիշտ հասկանալ ու կիսվել նրանց հետ իր ապրումներով ու պատմությամբ, որն արդեն իրենն է դարձել: Հայոց ցեղասպանության մասին պետք է պատմել, ներկայացնելով ժողովուրդն ու երկիրը, որի մասին խոսվում է: Միայն այդ դեպքում մեր ցավը կդառնա դիմացինի սեփականությունը: Եվ միայն այդ դեպքում նա կպատմի այդ մասին մյուսներին:

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100LIVES մարդասիրական նախագծի շրջանակում Հայաստան էր ժամանել 15 ռուսաստանցի բլոգեր: Երեք օր շարունակ Ռուսաստանի սոցիալական մեդիաների ներկայացուցիչները հայ գործընկերների հետ միասին այցելեցին մեր երկրի տեսարժան վայրեր, ծանոթացան նրա պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև երկրում իրագործվող խոշոր նախագծերին, որոնց շնորհիվ մոտ ապագայում Հայաստանը կարող է վերածվել հայտնի զբոսաշրջային կենտրոնի:

«Բլոգերները շատ են ճանապարհորդում, քանի որ սեփական աչքի տեսածի մասին միայն կարելի է պատկերացում ունենալ ու ճշմարտացի պատմել երկրի մասին: Հաշվի առնելով տեղեկատվական էկոհամակարգի բարդությունն ու ներկայացվող տեղեկատվության հակասականությունը` օգտատերերը հիմնականում ստեղծում են աղբյուրների սեփական նեղ շրջանակ, որին վստահում են, և որտեղից էլ քաղում են հիմնական տեղեկությունները: Այդ շրջանակում կենտրոնական տեղը զբաղեցնում է բլոգոլորտը, քանի որ բլոգերը կազմակերպություն չէ, այլ անհատ է, որի հետ կարելի է անմիջական շփվել և որին կարելի է վստահել: Չէ որ բլոգերի հետաքրքրությունը հիմնված է ոչ թե քաղաքական համոզմունքների, այլ անձնական մարդկային շահագրգռվածության վրա »,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց հայտնի լրագրող եւ մեդիա-մենեջերՆատալյա Լոսևան:

Ռուսաստանյան համացանցի հայրերից՝ստարտափ-մենեջեր, լրագրող, հասարակական գործիչ ու հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը

Հյուրերի մեծամասնությունն առաջին անգամ էր Հայաստանում: Եվ անմիջապես մշակութային շոկ` Սյունիքի մարզում նրանց ներկայացվեց միջնադարյա հայ ճարտարապետության գոհարը` Տաթևի վանքը, որը հիմնվել է IX-X դարերում: 2010-ին մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» հսկայածավալ նախագիծը, որի նպատակն է վանքի և նրա արվարձանների վերականգնումը, հոգևոր, ակադեմիական ու մշակութային ժառանգության վերհանումը, ինչպես նաև տարածաշրջանի վերածումը բարձր մակարդակի զբոսաշրջային տարածաշրջանի: Նախագիծը բաղկացած է այնպիսի բաղադրիչներից, ինչպիսիք են վանքի վերականգնումը, վանական ու ակադեմիական ավանդույթների վերակենդանացումը, զբոսաշրջային տեսարաժան վայրերի ու մոտակա գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացումը, ներառյալ աշխարհում ամենաերկար հետադարձ ճոպանուղու կառուցումը:

Բլոգերները տպավորված էին ոչ միայն վանքով, այլև վերջերս կառուցված 5,7 կմ երկարությամբ «ՏաԹևեր» ճոպանուղիով, որն անցնում է Որոտանի գեղատեսիլ կիճի վրայով: Այն համարվում է աշխարհում ամենաերկար ուղևորատար օդային ճանապարհը:

Հայտնի բլոգեր եւ լուսանկարիչ Օքսանա Յուրկովան

«Այսօր սա ամենապահանջված ուխտավայրերից մեկն է հարավային Հայաստանում: Այն ժամանակ ոչ ոք չէր հավատում ճոպանուղու այս գաղափարին, որովհետև կարծում էին, որ դա ընդհանրապես հնարավոր չէ և հարկավոր էլ չէ: Դա բավականին արկածախնդրային նախագիծ էր, քանի որ 2009 թ. ճոպանուղու կառուցումից մեկ տարի առաջ Տաթևի վանք էր այցելել ընդամենը 3 800 մարդ, որոնք տարբեր մեքենաներով ինչ-որ կերպ կարողացել էին հասնել այնտեղ: Այնուամենայնիվ մենք պատրաստեցինք նախագիծը, որը խթան դարձավ, որպեսզի մարդիկ հավատն` կարելի է անսպասելի բաներ անել և այն, ինչ նրանց միանգամայն ավելորդ է թվում, շատ օգտակար ու կարևոր կարող է դառնալ: Անցյալ տարի Տաթև է այցելել մոտ 40 հազար մարդ»,-պատմեց հայտնի ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը հյուրերի հետ հեռուստակամրջի ժամանակ: Վարդանյանը «Տաթևի վերածնունդ» նախագիծն իրականացրած IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է:

IDeA հիմնադրամը լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ է իրականացնում, որոնք ուղղված են հայ ժողովրդի հոգևոր և պատմական ժառանգության պահպանմանն ու ազգի վերածնունդին փոփոխվող աշխարհում: Նշանակալի նախագծերից են UWC Dilijan College միջազգային դպրոցը, «Տաթևի վերածնունդ», «Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցու վերակառուցում», Դիլիջան քաղաքի զարգացման նախագիծն ու այլ նախագծեր:

Ըստ Վարդանյանի, խարսխային նախագծերի իրականացումը շատ կարևոր է, քանի որ խոշոր նախագծերը, այդ թվում 100LIVES-ը, նպաստում են Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը, այն ընկալմանը, որ ձեր աշխարհում գոյություն ունի հայկական աշխարհ, որն անցել է աննկարագրելի սարսափների միջով ու կարողացել է վերածնվել ու ներկայանալ աշխարհին:

Նորավանք

Վայոց ձորի մարզում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ միջնադարյա ճարտարապետության մեկ այլ հրաշքի` XII-րդ դարի վանական համալիրին` Նորավանքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցը` Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1339 թ. և համարվում է հանճարեղ հայ ճարտարապետ ու մանրանկարիչ Մոմիկի վերջին գլուխգործոցը:

Դիլիջանում բլոգերներն այցելեցին UWC Dilijan College միջազգային դպրոց, որտեղ նրանց ներկայացվեց քաղաքի զարգացման լայնածավալ նախագիծը, որն իրականացնում են նույն հիմնադրամն ու նրա գործընկերները: Ռուսաստանցի բլոգերների մոտ քոլեջի բազայի վրա միջազգային ստեղծարար ճամբար բացելու միտք հղացավ: «Կարևորն այն է, որ մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն, անցնելով ցեղասպանության արհավիրքների միջով, ստեղծել է մրցունակ պետություն, որտեղ ապրող մարդիկ մշտապես հիացնում են մեզ իրենց ոգով ու կյանքի ձգտումով: Եվ մենք գիտենք ինչպես դա փոխանցել ընթերցողին: Դուք կանգնած եք ուս ուսի, դրա համար էլ ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է»,-կիսում է տպավորությունները հայտնի գրող և բլոգեր Եկատերինա Սիվանովան: Իսկ ճանաչված բլոգեր Անտոն Նոսիկը ամբողջ ճամփորդության ընթացքում ակտիվորեն իր տպավորություններն էր ներկայացնում ընթերցողին` հատկապես նրան հետաքրքրում էր հայոց լեզուն:

Բլոգերները Դիլիջանի միջազգային դպրոցում

Դեպի մայրաքաղաք ճանապարհին բլոգերները եղան նաև Սևանի թերակղզում, վայելելով հիասքանչ տեսարանն ու հիանալով IX դարի Սևանավանքով: Երևանում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերը հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո հանդիպում կազմակերպվեց պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ: Նրա օգնությամբ սոցիալական մեդիաների ներկայացուցիչները կարողացան ընկալել 100 տարի առաջ իրագործված անմարդկային ոճրագործության ամբողջական պատկերը:

«Հիշողությունը մարդու սեփականությունն է դառնում, երբ նա ընկալում է պատմությունը ոչ թե չոր թվերի լեզվով, այլ որպես առանձին մարդկանց ճակատագրեր: Խոսելով թվերի մասին, պետք է դրանց ետևում տեսնել մարդկանց, նրանց ընտանիքների ու առանձին բնակավայրերի ճակատագրերը»,-պարզաբանում է մասնագետը:

Հարություն Մարությանը պատմեց, թե ինչպես այն ժամանակվա Թուրքիայի կառավարությունը վերաբնակեցման պատրվակով հրամայեց արտաքսել հայերին` հազարավոր ընտանիքների, քարավաններով քշելով դեպի անապատները, սպանելով բոլորին` կանանց, երեխաներին, ծերերին: Այն մասին, որ կայսրության քաղաքացի հանդիսացող հայերի մեծամասնությունը չէր էլ պատկերացնում, որ հայրենի կառավարությունն ունակ է դրան` ուստի հաճախ չեն էլ դիմադրել բռնագաղթին:

Հայազգի ինտերնետ-փորձագետ, լրագրող եւ բլոգեր Անտոն Մերկուրովը, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի ծոռը

«Եթե մինչև 1908 թվականը քրիստոնյաները չէին ծառայում օսմանյան բանակում, ապա հեղափոխությունից հետո, հանրապետական Թուրքիայի բոլոր քաղաքացիներին հավասար հռչակեցին և հայերին ևս սկսեցին զորակոչել բանակ: Այն հայերին, որոնց դեռ Առաջին աշխարհամարտի սկզբում բանակ էին տարել, զանգվածաբար սպանեցին 1915-ի փետրվար-մարտին: 1916-1917 թթ. փաստաթղթերում նկարագրված է, որ մարդիկ վստահում էին ժանդարմներին: Վերջիններս ասում էին, որ կապում են նրանց, որպեսզի ոչ ոք չփախչի, հետ չընկնի ու չկորչի: Դուրս բերելով հայերին բնակավայրերից` մի քանի ժամ անց նրանց սպանում էին»:

Պատմաբանը նաև նշել է, որ եթե Հոլոքոսթի դեպքում հայտնի է միայն մեկ ապստամբության մասին` Վարշավայի գետտոյում, ապա Հայոց ցեղասպանության տարիներին տեղի է ունեցել 10-12 խոշոր պաշտպանական մարտ Արևմտյան Հայաստանի տարբեր մասերում 1915-1921 թթ., որի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ փրկվեցին: Ամփոփելով` տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ հայտնի բլոգերների մասնակցության փաստը բավականին արդյունավետ է, քանի որ ռուսաստանյան բլոգերի ներկայացուցիչները, սոցցանցերի օգտատերերը կարողացան տեսնել «ոչ պաշտոնական» Հայատանը, մանրամասն տեղեկություններ ստացան Ցեղասպանության մասին:

«Հաշվի առնելով բլոգերների լսարանը, տեղեկատվության մատուցման եղանակը` կարծում եմ, որ բլոգտուրը մեծ ազդեցություն կունենա ռուսալեզու ընթերցողին Հայաստանը ներկայացնելու գործում, հատկապես, որ նրա աշխարհագրությունը չի սահմանափակվում Ռուսաստանով»,-ասել է մասնագետը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net. Լուսանկարները՝ Էդգար Բարսեղյանի
Հղումներ թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---