Apple-ի շնորհանդեսը․Կուպերտինյան ընկերությունը ներկայացրեց իր գլխավոր նորույթները

Apple-ի շնորհանդեսը․Կուպերտինյան ընկերությունը ներկայացրեց իր գլխավոր նորույթները (վիդեո)

Նոր սմարթֆոններ, ամեն ինչով հիասքանչ iPad Pro պլանշետ, Apple TV կցորդ․կայացավ 2015թ-ի «խնձորային բերքահավաքը»։

Սան Ֆրանցիսկոյի Բիլ Գրեհեմի անվան դահլիճը սեպտեմբերի 9-ին լեփ-լեցուն էր․ամերիկյան Apple ընկերությունը ներկայացնում էր իր գլխավոր նորույթները։ Նոր սմարթֆոններ, ամեն ինչով հիասքանչ iPad Pro պլանշետ, Apple TV կցորդ․2015թ-ի «խնձորային բերքահավաքը» կարելի է համարել կայացած։ Ավանդաբար, չհավակնելով «հեղափոխական» ու արմատական փոփոխությունների իր տեխնոլոգիաներում, Apple-ն, այդուհանդերձ, կարողացավ զարմացնել ու ուրախացնել հարմարավետ նորամուծություններով։ Ի դեպ, շնորհանդեսին հատուկ ուշադրություն դարձվեց Shadowmatic խաղին՝ մշակված հայկական Triada Studio Games-ի կողմից, որն արդեն հասանելի է Apple TV-ում:

PanARMENIAN.Net - Հավաքելով շնորհանդեսի ամենահետաքրքրական դրվագները՝ PanARMENIAN.Net ը ներկայացնում է Apple-ի նորույթները։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոններ

Միջոցառման գլխավոր իրադարձությունը, անկասկած, նոր սերնդի iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների շնորհանդեսն էր։ Apple-ը չի փոփոխել սարքավորումների դիզայնը, և արտաքին տեսքով դրանք անհնար է տարբերել ներկայիս iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններից։ Սակայն երկու գաջեթների կորպուսը պատրաստված է 7000 սերիայի այլումինի համաձուլվածքից, իսկ արդեն սովորական գունային լուծումներին միացել է «վարդագույն ոսկի» գույնը։

3D Touch տեխնոլոգիան, որը ընկալում է սմարթֆոնի էկրանին հպումները, սեղմումներն ու ուժեղ սեղմումները, դարձավ գլխավոր նորամուծությունը։ Էկրանները պահպանել են նույն անկյունագիծն ու խտությունը, ինչ նախորդ սմարթֆոններում էր։ 3D Touch-ի հնարավորությունները կկիրառվեն բազմաբնույթ հավելվածներում ու խաղերում։ Օրինակ, iMessage մեսենջերում ուժեղ սեղմումը թույլ կտա տեսնել հղման պրեվյուն՝ չբացելով Safari բրաուզերը։ Բացի այս, iPhone 6s-ում իրացվել է Taptic Engine տակտիլ հակառակ կապի համակարգը։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների ապարատային միջուկը ներկայացված է նոր՝ Apple A9 64 բիտ չիփսեթով, որը 70%-ով նախորդից ավելի արտադրողական է, իսկ գրաֆիկայի մշակման դեպքում այն նախորդին գերազանցում է 90%-ով։ Իսկ չիփսեթում ինտեգրված M9 համապրոցեսորը ստացել է ընդլայնված հնարավորություններ, այդ թվում՝ Siri թվային օգնականի մշտական ձայնային ակտիվացման։

Սմարթֆոններում, նախորդների համեմատ, տեղադրված է շատ ավելի հզոր հիմնական 12 մեֆապիքսել խտությամբ iSight ֆոտոխցիկ, որը կարողանում է նկարահանել 4K-տեսանյութեր։ Իսկ Live Photos նոր ֆունկցիան ավտոմատ կերպով ձայնագրում է կարճ տեսահոլովակ՝ ֆոտոխցիկի կոճակի սեղմումից առաջ ու հետո։ Ստացված «կենդանի» անիմացված լուսանկարները կարելի է օգտագործել, որպես iPhone-ի ու iPad-ի էկրանային ֆոն։

Սմարթֆոնի դիմային մասում տեղադրված է FaceTime նորացված 5 մեգապիքսել խտությամբ ֆոտոխցիկը՝ Retina Flash ֆունկցիայով, որը սմարթֆոնի էկրանը վերածում է լուսային բռնկման միջոցի։ Ընդ որում՝ էկրանի լուսավորությունը կարող է սովորական լուսավորության համեմատ աճել երեք անգամ։ Սմարթֆոնները ստացել են նաև LTE Cat.6 ցանցերի, Wi-Fi 802.11ac աջակցություն և մատնահետքերի՝ երկու անգամ ավելի արագ Touch ID սքաներ։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները նախնական պատվերների համար հասանելի կլինեն 2015թ-ի սեպտեմբերի 12-ին։ Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 25-ին։ 16, 64 և 128 ԳԲ ներդրված հիշողությամբ iPhone 6s-ի արժեքը կկազմի, համապատասխանաբար, $649, $749 ու $849 (ժամանակակից փոխարժեքով՝ 314.000, 363.000 և 411.000 դրամ), իսկ նույն հիշողությամբ iPhone 6s Plus-ը շուկայում կհայտնվի $749, $849 և $949 (ժամանակակից փոխարժեքով՝ 363.000, 411.000 և 460․000 դրամ) արժեքով։ Մինչև տարեվերջ Apple-ը նախատեսում է սկսել սմարթֆոնների վաճառքը աշխարհի 130 երկրներում։

Apple TV կցորդ

Ընկերությունը ներկայացրեց նաև Apple TV հեռուստատեսային կցորդի չորրորդ սերունդը, որն աշխատում է tvOS օպերացիոն համակարգով։ Կցորդում հայտնվել է հավելվածների սեփական խանութը։ Մշակողները կկարողանան խանութի համար ստեղծել նոր արտադրանք ու համապատասխանեցնել գոյություն ունեցողները։ Վերջին տարբերակի համար նախատեսված է iPhone-ի ու iPad-ի հավելվածի կոդի տեղափոխումը Apple TV.

Նոր Apple TV-ում գործում են Apple Music երաժշտական հոսքային ծառայությունը, iTunes, Netflix, Hulu, HBO, Showtime և Siri հավելվածները։ Ձայնային օգնականի միջոցով հեռուստադիտողը կարող է խնդրել ցուցադրել իրեն ֆիլմեր, կամ սերիալներ՝ խոսակցական լեզվի միջոցով։ Օրինակ, «ցույց տուր հայտնի սերիալներ», «գտիր Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ ֆիլմեր», կամ «անիմացիոն ֆիլմեր երեխաների համար»։

Սարքավորմանն անհրաժեշտ է դիմել հեռակառավարման վահանակի միկրոֆոնի միջոցով։ Վահանակն ունի նաև սենսորային էկրան՝ Apple TV-ի ինտերֆեյսից օգտվելու ու ֆիլմերը արագ վերարտադրելու համար։ Այն նաև կատարում է խաղային կոնտրոլերի դեր, ինչպես Nintendo Wii-ի պարագայում է։

Շնորհանդեսի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց Apple TV-ում արդեն հասանելի Shadowmatic խաղին` մշակված հայկական Triada Studio Games-ի կողմից:

Հայկական Triada Studio Games ստուդիայի մանրակրկիտ և վիրտուոզ եռամյա աշխատանքի արդյունքն արդեն հասցրել է բազմաթիվ, այդ թվում նաև միջազգային հեղինակավոր մրցանակների արժանանալ խաղերի ինդուստրիայում: Իսկ 2015թ-ի հունիսի 9-ին խաղն արժանացավ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարի ամենաբարձր դրվատանքին` Shadowmatic-ը դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը:

Apple Design Awards (ADA)-ը հատուկ միջոցառում է, որը կորպորացիան անցկացնում է խաղային հավելվածներ մշակողների համար՝ WWDC ամենամյա համաշխարհային կոնֆերանսի շրջանակում: Մրցույթն ի հայտ է բերում iOS и Mac OS X օպերացիոն միջավայրերի համար նախատեսված անկախ հեղինակների ստեղծած ամենատաղանդավոր, նորարարական և լավագույն ծրագրային և ապարատային մշակումները: Պարգևները հանձնվում են տարբեր անվանակարգերում, որոնք ամեն տարի փոխվում են: 2003-ից ի վեր խորանարդի տեսքով մրցանակները հանձնվում են յուրաքանչյուր նոմինանտի: Խորանարդի մի կողմում Apple-ի լոգոտիպն է, որը լուսավորվում է դրան դիպչելիս:

Shadowmatic-ից բացի, Apple TV-ում ներկայացված են նաեւ Crossy Road, Rayman Adventures, Transistor, Guitar Hero Live, Skylanders SuperChargers և Geometry Wars 3 խաղերը:

Նոր Apple TV-ն աշխատում է A8 64-բիտ պրոցեսորով։ 32 ԳԲ մոդելն արժե $149 (մոտ 72.000 դրամ), իսկ 64ԳԲ-ն՝ $199 (մոտ 96.000 դրամ)։ Նոր կցորդի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերին։

Apple Watch-ի նոր գույները

Apple-ը ներկայացրեց նաև Apple Watch Sport «խելացի» ժամացույցների նոր գույները։ Սարքավորման կորպուսը պատրաստված է մութ երանգներով Space Gray ու վարդագույն Rose Gold ալյումինից, ինչպես նոր iPhone 6s-ը։

Սպորտային մոդելի համար կթողարկեն նոր գույների գոտիներ․կարմիր, վարդագույն, կապույտ, կանաչ, բեժ և Product (RED) բարեգործական նախագծի համար ևս մեկ կարմիր։ Բացի այդ, պողպատյա Apple Watch-ի համար կթողարկվեն կաշվե գոտիներ։ Ֆրանսիական բրենդի գոտիներով ժամացույցները կվաճառվեն $1100-ից $1500 արժեքով՝ կախված տարբերակից։ Սովորական Apple Watch-ը՝ ռետինե գոտիով արժե $549 (մոտ 266․000 դրամ).

Նոր օպերացիոն համակարգեր

Apple-ը հայտարարեց նոր iOS 9, OS X El Capitan և watchOS 2 օպերացիոն համակարգերի թողարկման ամսաթիվը։ Այսպես, iOS 9-ը և watchOS 2-ը կհայտնվեն սեպտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով մոտ 21։00-ին։ OS X El Capitan-ի վերջնական տարբերակը կհայտնվի սեպտեմբերի 30-ին։ Այս մասին շնորհանդեսի ընթացքում չեն հայտնել, սակայն The Verge-ի լրագրողները ցուցադրություններից մեկում նկատել են թողարկման ամսաթիվը՝ Apple-ի փոխնախագահ Ֆիլ Շիլլերին ուղղված նամակի տեսքով։

Ներկայումս բոլոր օպերացիոն համակարգերը բետա-թեստավորման փուլում են, իսկ watchOS 2-ը թեստավորում են մշակողները։ Շնորհանդեսից հետո Apple-ը նրանց համար բացել է նաև iOS 9.1-ի բետա-տարբերակը։ Այն, օրինակ, պետք է ներդրված լինի iPad Pro պլանշետում։

iPad Pro պլանշետ

Կենտրոնական շնորհանդեսներից մեկը 12,9-դյույմ անկյունագծով iPad Pro նոր պլանշետն էր։ Սա ամենախոշոր ու ամենաարտադրողական iOS-սարքավորումն է ընկերության ողջ պատմության ընթացքում։

Պլանշետում որպես միջուկ հանդես է գալիս 64 բիտ A9X չիփսեթը, որը բնորոշվում է A8X-ի համեմատությամբ հիշողության կրկնապատկված թողունակությամբ և 1,8 անգամ ավելի հաշվողական հզորությամբ։ Ներդրված գրաֆիկան աշխատում է երկու անգամ ավելի արագ, քան նախորդ սերնդի արագացուցիչը։ Արտադրողականության առումով պլանշետը գերազանցում է վերջին տարում շուկայում ներկայացված պորտատիվ համակարգիչների 80%-ին։ Նման սարքավորումներից 90%-ի դեպքում տեղադրված է առավել թույլ GPU:

iPad Pro պլանշետը հեշտությամբ իրականացնում է ինչպես 4K-տեսանյութերի մոնտաժ, այնպես էլ RAW-լուսանկարների մշակում։ 12,9" Retina դիսփլեյի խտությունը կազմում է 2732x2048, իսկ դա 5,6 մլն պիքսել է։ Առաջին անգամ Apple-ը կիրառել է էկրանի թարմացման փոփոխական հաճախականության տեխնոլոգիան (փոփոխվում է վայրկյանում 30-ից 60 կադր միջակայքում), ինչը թույլ է տալիս խնայել մատկոցի լիցքը։ Ներդրված մարտկոցը թույլ ապահովում է մինչև 10 ժամ ավտոնոմ աշխատանքի հնարավորություն, իսկ որպես լրացուցիչ նորույթ առաջարկվում է 4G LTE ցանցերի աջակցությունը։

Չորս ձայնարկիչներով ներդրված աուդիոհամակարգը ավտոմատ կերպով ուղղորդում է ձայնի ուղղվածությունը՝ կախված տարածությունում պլանշետի դիրքից՝ դրանով ապահովելով ցանկացած պայմաններում բալանսավորված ձայն։ Նորույթն աշխատում է iOS 9 օպերացիոն համակարգով, որը նաև ապահովում է բազմապակի ռեժիմ։

Նկարելու և ձեռագիր գրելու համար կարելի է օգտագործել Apple Pencil սթիլուսը, որը լիցքավորվում է անմիջապես պլանշետից՝ Lightning ներդրված կոնեկտորի միջոցով։ Չնայած ցանցային աղբյուրների բազմաթիվ տեղեկություններին, iPad Pro-ում չկա USB Type-C վարդակ։ Սակայն ալյումինե կորպուսի վրա կան կոնտակտային դաշտեր՝ ֆիրմային Smart Keyboard ստեղնաշար-պատյանի միացման համար։

iPad Pro-ն ունի «Home» մեխանիկական կոճակ՝ մատնահետքերի Touch ID ներդրված սքաներով։ Ներքին հիշողության ծավալը կազմում է 32 կամ 128 ԳԲ։ Բացի հիմնական 8 մեգապիքսել ֆոտոխցիկից նախատեսված է նաև դիմային FaceTime ֆոտոխցիկ՝ 1080p խտությամբ։ 6,9 մմ հաստության պարագայում համակարգչի քաշը կազմում է 713 գրամ։ iPad Pro-ի վաճառքները կմեկնարկեն 2015թ-ի նոյեմբերին, պլանշետի արժեքը սկսվում է $700-ից (մոտ 400.000 դրամ)։ Apple Pencil փետուրը հնարավոր կլինի գնել $100-ով (մոտ 49.000 դրամ), իսկ ստեղնաշարի արժեքը կազմում է $170 (մոտ 82․000 դրամ):

Apple iPad mini 4 պլանշետ

Apple-ի շնորհանդեսի ընթացքում նոր Apple iPad mini 4 պլանշետի ներկայացումը տևեց ընդամենը 30 վայրկյան։ Ընկերությունում տեղեկացրին միայն սարքի արտադրողականության աճի մասին՝ մինչև iPad Air 2-ի մակարդակ և iPad mini 2 գնի նվազման մասին։

Պլանշետը ստացել է առավել արտադրողական Apple A8 չիփսեթ։ Այն 30%-ով հզոր է iPad mini 3-ում տեղադրված A7 պրոցեսորից, իսկ նոր գրաֆիկան աշխատում է նախորդ սերնդի GPU-ից 60% արագ։ Օպերատիվ հիշողության ծավալը, նախկինի նման կազմում է 1 ԳԲ, 7,9-դյույմ IPS-էկրանի խտությունը չի փոփոխվել՝ կազմելով 2048x1536 պիքսել։

iPad mini 4 հետին մասում տեղադրված է նոր 8 մեգապիքսել iSight ֆոտոխցիկը, իսկ դիմային FaceTime HD-ֆոտոխցիկի բարելավված մատրիցան թույլ է տալիս վատ լուսավորության պայմաններում բարձրացնել լուսանկարների որակը։ «Home» կոճակը՝ մատնահետքերի Touch ID սքաներով, իր տեղում է։ Պլանշետային համակարգիչը նախորդից 18% բարակ է և 6,1 մմ հաստության պաևագայում քաշը կազմում է 299 գրամ։ Մարտկոցն ապահովում է մինչև 10 ժամ աշխատանք՝ առանց լիցքավորման։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---