Համապատասխանելով համաշխարհային ամենաբարձր չափանիշներին. Հայկական ՏՏ ոլորտի ներուժն ու խնդիրները

Համապատասխանելով համաշխարհային ամենաբարձր չափանիշներին. Հայկական ՏՏ ոլորտի ներուժն ու խնդիրները

Հայաստանում գերազանց աշխատում է հետևյալ մոդելը` հայկական թիմերը սեփական արտադրանք են ստեղծում և վաճառում արտերկրի ընկերություններին

Հայաստանն ամենաարագ զարգացող երկրներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Երկիրը համառորեն ներխուժում է մի նոր ոլորտ` փորձելով աշխարհին առաջարկել սեփական արտադրանքն ու լուծումները: Այսօր աշխարհում մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետները, այլ նաև ստեղծագործական թիմերն ու մարդիկ, որոնք կարող են տարբեր խնդիրների հետաքրքիր լուծումներ առաջարկել: Այդ տեսակետից հայկական շուկան մեծ ներուժ ունի, Հայաստանում հիանալի աշխատում է հետևյալ մոդելը` հայկական թիմերը սեփական արտադրանք են ստեղծում և վաճառում արտերկրի ընկերություններին:

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը հասել է մի հանգրվանի, երբ կան հաջող նախաձեռնություններ շղթայի բոլոր օղակներում: Հիմա պետք է անել հաջորդ քայլը` մասշտաբայնացնել նվաճումները, ինչը ոչ միայն կկրկնապատկի, այլ նաև բազմակի անգամ կավելացնի շահույթը, նոր աշխատատեղեր ու հնարավորություններ կբացի:

Այս առումով հատկապես կարևոր են սկսնակ թիմերը, կամ ստարտափերը, որոնք աջակցության կարիք ունեն սկզբնական փուլում օգտատերերին իրենց գաղափարները հասցնելու և մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Այդ նպատակով դեռևս 2002 թ. Հայաստանում ստեղծվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որն ամենամեծ բիզնես-ինկուբատորն ու խորհրդատվական ընկերությունն է տարածաշրջանում: 13 տարի է հիմնադրամը նպաստում է ՏՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում` բարենպաստ պայմաններ ստեղծելով նորարարությունների զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: Հարկ է նշել, որ բոլոր թվարկված կետերը հիմնադրամի կողմից լուծվող խնդիրների մի փոքր մասն է միայն:

ՏՏ ոլորտի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթ է անցկացնում տեխնոլոգիաների ոլորտում: Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր նախագծի համար նախատեսված դրամաշնորհը $10.000-$50.000-ի սահմանում է, իսկ ներկայացված ծրագրի առավելագույն տևողությունը` 1 տարի:

«Մրցույթը ներառում է նորարարությունների զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ, որի շրջանակում ֆինանսական աջակցություն է հատկացվում այն թիմերին, ընկերություններին, որոնք վերջերս են ստեղծվել կամ գործում են 3 տարուց ոչ ավելի, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկություններին: Համաֆինանսավորումը 50% է, այն տրամադրվում է նորարարական արտադրանքի ստեղծման և շուկայում դրա առաջխաղացման համար»,-ասել է նա:

Ըստ Բարսեղյանի, հատկապես կարևորվում են մարզերում աշխատող ստարտափերը: Նպատակ ունենալով զարգացնել նորարարության ոլորտը նաև մարզերում` հիմնադրամն առաջարկում է համաֆինանսավորվող դրամաշնորհներ, որոնց օգնությամբ ֆինանսական աջակցություն են ստանում Գյումրիում և Վանաձորում աշխատող ստարտափերը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը նպաստում են նոր լուծումների, արտադրանքի ու ծառայությունների ադապտացմանը, կատարելագործմանն ու զարգացմանը: Դա իր հերթին նպաստում է մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներմուծմանն ու կիրառմանը, դրանց փոխանցմանը, ինչպես նաև նորարարությունների զարգացմանը ու առևտրայնացմանը: Գլխավոր նպատակն է Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել ընկերություններ, որոնք օգտագործում են նորարար տեխնոլոգիաներ: Դա հատկապես վերաբերոմ է կենսունակ ընկերությունների ստեղծմանը Գյումրիում և Վանաձորում: Այս պահի դրությամբ մրցույթի հաղթող է համարվել արդեն 33 ստարտափ ընկերություն:

Ըստ 2014-ին անցկացված հետազոտության, ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունների թիվը Հայաստանում հասնում էր 400-ի, ինչը 4%-ով ավելի է, քան 2013-ին: 2004-2014 թթ. տարեկան միջինը ստեղծվել է ՏՏ ոլորտում աշխատող 24 ընկերություն: Համեմատության համար` 1990-ականների այդ ցուցանիշը տարեկան 5-6 ընկերություն էր:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը նաև հարցում է անցկացրել` պարզելու համար ՏՏ ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները: Հարցման մասնակիցների մոտ կեսը նշել է բարձրորակ աշխատակիցների ներգրավման խնդիրը: Հարցմանը մասնակցած ընկերությունների ղեկավարների 58% որպես զարգացման հիմնական խոչընդոտ նշել է բարձրորակ մասնագետների պակասը, ինչը վկայում է, որ բարձրորակ և փորձառու մասնագետների պահանջարկն աճել է: Պահանջարկն, իր հերթին, հանգեցնում է նրանց վարձատրության ավելացմանը: Ավելին, ըստ ընկերությունների 41%-ի, այս իրավիճակի հիմնական պատճառն «ուղեղների արտահոսքն» է:

Հարցման մասնակիցների մոտ 20%-ը նշել է համաշխարհային շուկա դուրս գալու բարդությունները: Խնդրի հիմքում այն հանգամանքն է, որ միջազգային ընկերություններից շատերը չգիտեն Հայաստանի մասին կամ չեն վստահում ցածր ու միջին եկամուտներով երկրի ներկայացուցիչներին:

Ամփոփելով` կարելի է վստահաբար ասել, որ հայաստանյան ՏՏ ոլորտն արտահանման մեծ ներուժ ունի և կարող է մեծ ավանդ ունենալ էկոնոմիկայի զարգացման ու աճի մեջ: Այսօրվա դրությամբ հայկական ընկերությունները կարող են առաջարկել համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող արտադրանք և ծառայություններ: Սակայն, դեռևս, կան որոշ խնդիրներ, կապված համաշխարհային շուկա դուրս գալու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ նախապատրաստելու հետ:

Ամեն տարի ոլորտում ստեղծվում է մոտ 1700 բարձր վարձատրվող աշխատատեղ տեխնիկական մասնագետների համար: Մյուս կողմից, երկրի բուհերն ամեն տարի 2000 մասնագետ են պատրաստում, որոնցից լավագույնները, որոշ վերապատրաստում անցնելով ընկերություններում, գտնում են իրենց աշխատատեղերը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---