12  05.12.15 - «Կինոպարկ» կինոթատրոնի բացումը «Երևան Մոլ»-ում
Կինո բոլորի և յուրաքանչյուրի համար. Վերջին նորամուծությունները կինոթատրոնային մշակույթում

Կինո բոլորի և յուրաքանչյուրի համար. Վերջին նորամուծությունները կինոթատրոնային մշակույթում

Օրերս Երևանում բացված Kino Park-ը համադրում է նորագույն տեխնոլոգիաներն ու ոչ ստանդարտ մոտեցումը

Իր գոյության ամբողջ ընթացքում կինոն սերտորեն կապված է եղել տեխնոլոգիաների հետ, որոնց զարգացումը թույլ է տվել ընդլայնել երևակայության սահմաններն ու որքան հնարավոր է ավելի համոզիչ դարձնել կինոպատմությունը: 21-րդ դարի կինոն ոչ միայն արվեստ է, այլ նաև բարձր տեխնոլոգիաներ: Նորարարությունների շնորհիվ ռեժիսորները նոր մոտեցումներ են մշակում կինոյի ստեղծման գործում` ցուցադրելու համար սեփական հեղինակային մոտեցումը: Կինոն ավելի մոտ է դառնում հանդիսատեսին ոչ վերջին հերթին կինոթատրոններում նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: Ժամանակակից կինոթատրոնը պետք է հագեցած լինի նորագույն տեխնիկայով, որպեսզի «մեծ էկրան» կոչվելու իրավունքի համար պայքարում չպարտվի տնային «նմանակներին»:

PanARMENIAN.Net - Օրերս Երևանում բացված Kino Park-ը համադրում է նորագույն տեխնոլոգիաներն ու ոչ ստանդարտ մոտեցումը: Կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմել է նոր կինոթատրոնի առանձնահատկությունների և կիրառվող տեխնոլոգիաների մասին:

Առանձնահատկությունների մասին

Երևանյան մյուս կինոթատրոններից տարբերությունները կարելի է դիտարկել տարբեր տեսակետներից: Առաջինն, անշուշտ, վերաբերում է տեխնոլոգիական կողմին: Կինոթատրոնը բաղկացած է 6 հարմարավետ կինոդահլիճից, որոնցից 5-ը բավականին խոշոր են` չորսն ունի 119 տեղ, մեկը` 125: Կա նաև 30-տեղանոց VIP-դահլիճ: Բոլոր վեց կինոդահլիճներում ֆիլմերը կարող են ցուցադրվել ինչպես երկչափ, այնպես էլ եռաչափ ձևաչափով: Այսինքն, զուտ տեսականորեն, եթե ամիսն աչքի է ընկնում պրեմիերաների առատությամբ, բոլոր ֆիլմերը կարող են ցուցադրվել 3D ձևաչափով:

Գլխավոր առանձնահատկությունը` բոլոր պրոեկտորները 4K թողունակությամբ վիդեո կարող են ցուցադրել:

4K թողունակություն նշումը թվային կինոյում և համակարգչային գրաֆիկայում համապատասխանում է մոտ 4000 պիքսելի` հորիզոնական կտրվածքով: Ի տարբերություն հեռուստատեսության, որտեղ թողունակությունը որոշելու համար որպես հիմք է վերցված տողերի քանակը և, համապատասխանաբար, պատկերի տարրերի քանակն ուղղահայաց կտրվածքով, կինոյում թողունակությունը հաշվարկվում է կադրի երկար կողմով: Այս սկզբունքն ընտրվել է այն պատճառով, որ թվային կինոյում, ի տարբերություն բարձր հստակության հեռուստատեսության, գոյություն ունեն էկրանի կողմերի հարաբերակցության տարբեր ստանդարտներ: Այդ դեպքում ավելի հարմար է որպես հիմք ընդունել հորիզոնական թողունակությունը, որը մնում է մշտական, այն դեպքում, երբ ուղղահայացը փոխվում է ըստ կադրի բարձրության:

Անշուշտ, եթե ֆիլմը չի նկարահանվել տվյալ թողունակությամբ, տեսանելի տարբերությունները քիչ կլինեն: Սակայն, ինչպես հայտնի է, այսօր միտում կա ավելի շատ մեծ ֆիլմեր նկարահանել այդ ձևաչափով: Նույն «Աստղային պատերազմները» (Սագայի «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» նոր մասի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 17-ին), կամ «Քունգ ֆու Պանդա 3» անիմացիոն ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Հանդիսատեսը, չլինելով մասնագետ, հեշտությամբ կարող է տարբերակել պատկերի հստակությունն ու որակը: Բացի այդ, կինոթատրոնը հետ չի մնում մյուսներից նաև ձայնի առումով. Ամենամեծ`125-տեղանոց դահլիճը հագեցած է Dolby Atmos համակարգով:

Dolby Atmos-ը այլ հարթակ է բարձրացնում ձայնային էֆեկտները, թույլ տալով հանդիսատեսին զգալ ոչ միայն ձայնի ուղղությունը, այլ նաև ձայնի աղբյուրի ուղղահայաց դիրքը: Այդպիսով, անձրևի աղմուկն իրոք վերևից է լսվում, իսկ մոտեցող գնացքից հատակը դողում է: Ձայնը կարող է առաջանալ կինոդահլիճի ցանկացած կետից` առավելագույն իրական պատկեր ստեղծելով:

Այս ամենն օբյեկտիվ առանձնահատկություններն են: Ինչ վերաբերում է սուբյեկտիվներին, ապա կա հարմարավետության գործոնը: Տեղադրվել են վերջին սերնդի աթոռներ և բազկաթոռներ, որտեղ հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք: Կարելի է ասել, որ դա վերջին խոսքն է կինոթատրոնների ասպարեզում: Տեղադրվել են մեծ, կինոթատրոնների համար նախատեսված վերջին սերնդի էկրաններ:

Գնային քաղաքականության մասին

Չնայած մեծ ներդրումներին, KinoPark-ի տոմսերն ամենաթանկը չեն: Գնագոյացումը կախված է ֆիլմից, նրա ձևաչափից, օրվա ժամից և շաբաթվա օրից: Սակայն, տնօրինությունը ձգտել է այնպես անել, որ տոմսերը մատչելի լինեն յուրաքանչյուրի համար: VIP-դահլիճի տոմսերի գները նույնպես մյուս կինոթատրոնների տոմսերից թանկ չեն:

Նորարարությունների մասին

Սարքավորումները տեղադրող գերմանացի գործընկերները հավաստիացրել են, որ ամբողջ հերթափոխը կարող է 1 կինոմեխանիկ սպասարկել: Սկզբից դա զարմացրեց` չէ որ 6 դահլիճ ունենք, մի դահլիճում եռաչափ ֆիլմեր են ցուցադրվում, մյուսներում` 2D: Պարզվել է, որ կինոթատրոնների համար նախատեսված նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջությամբ ավտոմատացնել ամբողջ գործընթացը: Այն բանից հետո, երբ տեխնիկը մուտքագրում է սեանսների ժամանակացույցի տվյալները, հատուկ ծրագիրը ինքն է բաշիում ֆիլմերն ըստ կինոդահլիճների: Ֆիլմը հայտնվում է անհրաժեշտ պրոեկտորում, որն ինքնուրույն է պարզում կինոնկարի ձևաչափը` եթե դա 3D է, ապա ավտոմատ կերպով միանում է համապատասխան ոսպնյակը և այլն: Մարդկային գործոնը հասցված է նվազագույնի: Միայն գրագետ մարդ է պետք, որը կկարողանա մուտքագրել տվյալներն ու հետևել ընթացքին: Իրականում, դա բարդ չէ անել, թեև մեծ պատասխանատվություն է պահանջում: Եթե դահլիճում հանդիսատես չկա, ֆիլմի ցուցադրությունը դադարեցվում է 30 րոպեից, քանի որ քիչ չեն մարդիկ, որոնք ուշացումով են սկսում դիտել ֆիլմը:

Դիստրիբուցիայի մասին

Դիստրիբյուտորների հետ աշխատանքում փորձի պակաս է զգացվում: Կա միայն մեկ կինոթատրոն, որը ֆիլմերն անմիջապես Ռուսաստանից է ստանում, քանի որ ռուսական ցանցի մաս է կազմում (Cinema Star ): Կապեր հաստատելը դիստրիբյուտորների հետ 6 կինոդահլիճ ունեցող հայկական կինոթատրոնի համար միանգամայն նոր բան է: Սակայն մենք արդեն սկսել ենք համագործակցել շուկայի հիմնական դեմքերի հետ: Մոսկովյան կինոշուկայի ժամանակ ծանոթացել ենք փոքր դիստրիբյուտորների հետ, որոնց մասին, հավանաբար, Հայաստանոմ շատ քչերը գիտեն: Ներկա էին դիստրիբյուտորներ, որոնք ներկայացված չեն բաց աղբյուրներում ու ովքեր մասսայական հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմերի հետ չեն աշխատում:

Ոչ ստանդարտ մոտեցման մասին

Հասկանալի է, որ կինոֆիլմերի մեծ մասը բոլոր կինոթատրոններում է ցուցադրվելու` հատկապես խոշոր բլոկբասթերների դեպքում: Սակայն, դրա հետ մեկտեղ, մենք մտադիր ենք որակային տարբերություն ապահովել` ցուցադրելով կինո, որի հանդեպ անտարբեր է շարքային հանդիսատեսը, որը, սակայն, կգնահատեն իսկական գիտակները: Դրա վառ օրինակն է «Մակբեթը»` թեև կինոդահլիճները լեցուն չէին, շատ հաճելի էր, երբ կինոդիտումից հետո մարդիկ մոտենում և շնորհակալություն էին հայտնում ընձեռված հնարավորության համար:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---