Ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ հարթակ. Հեղինակները հայերն են

Ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ հարթակ. Հեղինակները հայերն են

Ծրագրավորման մասին ոչ մի պատկերացում չունեցող օգտատերը կարող է զրոյից ծրագրավորում սովորել SoloLearn-ի օգնությամբ

Անցած շաբաթ հայ-ամերիկյան SoloLearn սկսնակ ընկերությունը ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև $10 ֆինանսավորմամբ ամենաարագ զարգացող 10 ստարտափներից մեկը: Վարկանիշը կազմել է Mattermark ընկերությունը, որը զբաղվում է սկսնակ ընկերությունների ուսումնասիրությամբ: Ավելի վաղ SoloLearn-ը Հնդկաստանում ընդգրկվել էր 2015-ի լավագույն Android-հավելվածների ցանկում: Հաշվի առնելով հսկայական մրցակցությունը ծրագրավորման ուսուցման շուկայում, SoloLearn-ին հաջողվել է բավականին սեղմ ժամկետում գրեթե անհնարինի հասնել` իր ասպարեզում առաջատար դառնալով աշխարհում:

PanARMENIAN.Net - Հետաքրքիր խաղի տեսքով ուսուցման ձևի և ժամանակակից հասարակությունում ծրագրավորման հմտությունների կարևորության մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պատմել են ընկերության հիմնադիրները:

Եվա Հյուսյան` ընկերության համահիմնադիր

SoloLearn-ը ներկայացնում է բջջային հավելվածների մի ամբողջ շարք, որոնք օգտատերին ծրագրավորել են սովորեցնում հատուկ խաղերի օգնությամբ: Ըստ էության, խաղացողը, կամ ավելի ճիշտ, ուսանողը, անցնում է խաղի նոր մակարդակին միայն յուրացնելով նախորդ դասը: Ընթացքում նա միավորներ է հավաքում, որոշակի վարկանիշ է ստանում, և գլխավորը, ծրագրավորման հմտություններ և գիտելիքներ է ձեռք բերում:

SoloLearn-ն հասանելի է անվճար բոլոր հարթակներում` iOS, Android, Windows Mobile և վեբ-տարբերակով սեղանի համակարգիչների համար: Ստարտափը սկսել է իր գործունեությունը 2 տարի առաջ, սակայն իրական, վերջնական պրոդուկտը, որը սկսել է ընդլայնվել և հաջողությունների է հասել շուկայում, հայտնվել է 2014-ի սեպտեմբերին: Այն բաղկացած է 2 բլոկից` ուսուցում և խաղ, որի օգնությամբ օգտատերը կարող է մրցել ընկերների հետ, ծրագրավորման խնդիրներ լուծել: Արդյունքւմ, նրա մակարդակը, որպես ծրագրավորողի, մշտապես աճում է:

SoloLearn-ը օգտատերեր ունի ամբողջ աշխարհում, որոնց մոտ 40 տոկոսը` ԱՄՆ-ում է: Թիմը գրեթե ամեն շաբաթ թարմացումներ և լրացումներ է ներկայացնում, ինչը թույլ է տալիս ավելացնել ինտերակտիվությունը: Մեզ համար չափազանց կարևոր է ընկերակցության ստեղծումը, քանի որ «ծրագրավորման ուսուցում» բուն հասկացությունն արմատապես փոխվել է: «Ուսանողը յուրացնում է այն, ինչ մատուցում է դասախոսը» ձևաչափը հնացել է նոր սերնդի տեսակետից, որի համար չափազանց կարևոր է, որ ուսուցումը լինի հետաքրքիր և հաճելի: Ոչ պակաս կարևոր է մեր ընձեռած հնարավորությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող են միմյանց սովորեցնել, իրարից սովորել: Նոր սերունդը շատ մրցունակ է, իսկ մեր ստեղծած միջավայրը լրացուցիչ խթան է հանդիսանում, որպեսզի նրանք ավելի շատ աշխատեն ու հաջողության հասնեն:

Ծրագրավորման ուսուցման ժամանակակից շուկան սահմանափակումներ չունի: ԱՄՆ և մյուս երկրների դպրոցներում իրականացվում են փորձնական և պետական ծրագրեր, որոնց նպատակն է ծրագրավորում սովորեցնել վաղ մանկությունից: Մեր օրերում ծրագրավորման հմտությունները հարկավոր են ոչ միայն այդ ոլորտի մասնագետներին: Ժամանակակից աշխարհը պահանջում է ծրագրավորման նվազագույն գիտելիքներ ունենալ ցանկացած ոլորտում` լինի դա բժշկության մեջ, արվեստում թե այլ ոլորտներում: Ուստի, հսկայական մրցակցություն գոյություն ունի, մշակվում են տարբեր կրթական մեթոդներ: Սակայն, հաշվի առնելով մեր աճի տեմպերը, կարելի է ասել, որ այսօր SoloLearn-ը ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ հարթակն է բջջային հավելվածների միջոցով: Մենք ավելի քան 3 մլն 600 հազար ուսանող ունենք, ամեն ամիս նրանց թիվն աճում է միջինը կես միլիոնով: Պահանջարկը շուկայում հսկայական է, ուստի շատ մեծ տեղ կա աճելու համար:

Ծրագրավորման ամբողջ տերմինաբանությունն անգլերեն է, այդ պատճառով հավելվածների հիմքում այդ լեզուն է: Մենք փորձնական ծրագրեր ենք պատրաստում նաև իսպաներեն և ռուսերեն, եթե մեզ մոտ ստացվի, կմտածենք նաև այլ լեզուների մասին: Սակայն, ավելի ճիշտ է ծրագրավորում սովորել հենց անգլերեն:

Դավիթ Քոչարյան` ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն

Աշխարհում ծրագրավորման ուսուցմամբ զբաղվող հսկայական քանակությամբ ընկերություններ կան: SoloLearn-ը տարբերվում է իր մրցակիցներից 2 բաղադրիչով: Առաջինը` մեր կոնտենտը ներկայացվում է բավականին սեղմ ու հաճելի մեթոդաբանությամբ: Եթե մյուս ծառայություններում հերթական դասը յուրացնելու համար հարկավոր է 1 ժամ տևողությամբ տեսանյութ դիտել, մեր պարագայում մի քանի րոպեում հնարավոր է յուրացնել միանգամից մի քանի թեմա: Երկրորդը` մենք կարողացել ենք համատեղել ուսուցման տեսական ու գործնական մասերը: Օրինակ, համալսարաններում շատ լավ են տեսություն սովորեցնում, բայց գործնականը կաղում է: Մեր դեպքում, տեսական մասին անմիջապես հաջորդում են գործնական վարժությունները, որոնց ընթացքում ուսանողը կոդ է գրում, ծրագրավորում է և առաջ է շարժվում:

Ծրագրավորման մասին պատկերացում չունեցող օգտատերը SoloLearn-ի օգնությամբ կարող է զրոյից ծրագրավորում սովորել: Ցանկալի է, բայց ոչ պարտադիր, դպրոցի մակարդակով գիտելիքներ ունենալ մաթեմատիկայից, քանի որ գոնե թվաբանության տարրական գիտելիքների պակասը կդժվարացնի հետագա ուսուցումը: Խաղը բաղկացած է մակարդակներից` ամենապարզից մինչև բարդը: Յուրաքանչյուր մոդուլը բաղկացած է խաղային դասերից, ընդ որում հաջորդ մակարդակները բացվում են նախորդներն անցնելուց հետո միայն` փուլ առ փուլ: Խաղը սկսվում է ամենապարզ խնդիրներից, պարզաբանող թեստերի ձևով` բարդանալով հետագայում, երբ հայտնվում են կոդեր գրելու պահանջով վարժությունները:

Առաջ շարժվելով օգտատերը միավորներ է հավաքում, որոնց օգնությամբ կարող է բացել հատուկ նվաճումներ` օրինակ, բացել իր համար բարդ խնդրի լուծումը: Գոյություն ունի նաև ֆորում, որտեղ բավականին ակտիվ քննարկվում է այս կամ այն դասը: Յուրաքանչյուր օգտատեր ունի սեփական պրոֆիլը, որտեղ արտացոլված են նրա անցած մակարդակները, միավորները, նվաճումները և այլն: Ավարտին ուսանողը հատուկ հավաստագիր է ստանում:

SoloLearn-ը առաջարկում է ծրագրավորման տաբեր մակարդակներով 9 դասընթաց: Օրինակ, C++ լեզվի ուսուցումը բավականին խորացված է և երկար, բաղկացած է գրեթե 90 դասից` 400 վարժությունով: Ուսուցման ավարտին օգտատերն ավելի շատ գիտելիք է ձեռք բերում, քան ծրագրավորման համալսարանական դասընթացից հետո:

Ծրագրավորման գիտելիքները խորացնելու համար մշտական պրակտիկա է պետք: Որոշ ժամանակ առաջ ավելացվեց նոր խաղային գործառույթ, որը թույլ է տալիս «մարտահրավեր» նետել մյուս խաղացողներին հատուկ մրցության ժամանակ: Մրցության ժամանակ երկու խաղացող սահմանափակ ժամկետում պետք է բավականին բարդ հարցերի պատասխանի, իսկ հաղթողը լրացուցիչ միավորներ է վաստակում և նոր մակարդակներ բացում: Այսինքն, ուսանողը կարող է մշտապես կատարելագործել իր գիտելիքները, իսկ մենք փորձում ենք նոր բովանդակություն ավելացնել, նոր հարցեր ու նոր թեմաներ:

SoloLearn թիմը շահել է 50 տոկոսով համաֆինանսավորման դրամաշնորհ, որը տրամադրվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների մրցույթի շրջանակում, որն անցկացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---