Ուժի վայրերը և գեոպաթոգեն գոտիները. Հին ժամանակների գիտելիքներն ու գիտնականների եզրակացությունը

Ուժի վայրերը և գեոպաթոգեն գոտիները. Հին ժամանակների գիտելիքներն ու գիտնականների եզրակացությունը



Երկիր մոլորակի վրա լոկալ անոմալ հատվածների գոյության մասին վաղուց է հայտնի, հնարավոր է, ավելի քան 10 000 տարուց ի վեր: Հնում բացասական էներգիայով վայրերն անվանում էին «խորքային չարքեր»` մարդու վրա բացասական ազդեցությունը կապելով չարքերի ազդեցության հետ: Բացի այդ մեր նախնիները շատ ուշադիր են զննել ու ընտրել կառուցման համար նախատեսված վայրերը: Այդ վայրերը որոշվում են կենսատեղաբաշխման օգնությամբ, այդ թվում նաև ջրուղիների որոնման:

PanARMENIAN.Net - Ջրուղիների որոնումը լայնորեն տարածված է եղել Հին Հայաստանում, Եգիպտոսում, Չինաստանում և Արևելքի մյուս երկրներում: Իսկ միջնադարում այն լայն կիրառում ստացավ նաև Եվրոպայում: Կենսատեղաբաշխումն օգտագործվել է որպես օգտակար հանածոների, ջրուղիների որոնման միջոց: Քրիստոնեության ընդունման հետ Հայաստանում հաճախ այդ մեթոդի օգնությամբ են որոշել եկեղեցիների կառուցման վայրը:

Հնում կարծում էին, որ Երկրի վրա և տիեզերքում իշխող ուժերը կարող են մի վայրում ներդաշնակ լինել, իսկ մեկ այլ վայրում` քաոսային վիճակում: Այդ գիտելիքն այսօր հաստատում են գիտնականները: Բնության ուժերի ներդաշնակ համադրությունն առաջացնում է այսպես կոչված ուժի վայրեր: Այդ տարածքներում գերակշռում է դրական էներգիան, որը հզոր վերականգնման ներուժ ունի:

Ուժի վայրեր կան ամբողջ աշխարհում: Դրանք սուրբ վայրեր են համարվել շրջակա միջավայրի վրա հզոր ազդեցության պատճառով: Նման վայրերում են գտնվում սրբավայրերից շատերը: Հետաքրքրականն այն է, որ եթե հետևենք պատմագրությանը, ապա կտեսնենք, որ մշակույթների և կրոնների փոփոխության հետ այդպիսի վայրերն անփոփոխ էին մնում: Նոր տաճարը կառուցում էին հենց նույն վայրում:

Հայաստանում այդպիսի վայրերից է Տաթևի վանքի տարածքը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 12 կմ շառավիղով բացակայում են գեոպաթոգեն գոտիները (ԳՊԳ):

Բարենպաստ գոտիները յուրահատուկ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի և էներգատեղեկատվական դաշտի վրա: Այդ ազդեցությունը հզորացնում է մարդու ներքին ռեսուրսները: Ուժի վայրեր այցելելուց հետո Կիրլյան մեթոդն ի հայտ է բերում մարդու կենսադաշտի էներգետիկ կարգավիճակի փոփոխությունը, որի ժամանակ օրգանիզմը սկսում է արագ վերականգնվել կամ ապաքինվել, ակտիվանում են խորքային, սովորական վիճակում անհասանելի հոգեկան շերտերը, զգալիորեն բարելավվում է գլխուղեղի աշխատանքը:

Բարենպաստ գոտիների հետ մեկտեղ գոյություն ունեն նաև այլ յուրահատուկ աշխարհագրական` գեոպաթոգեն գոտիներ: Դրանք մոլորակի անոմալ վայրերն են , որտեղ ի տարբերություն բարենպաստ գոտիների, նկատվում է բացասական ազդեցություն մարդու, կենդանիների և բույսերի վրա: Հետաքրքիր է, որ որոշ դեպքերում ԳՊԳ-ները կարող են բարենպաստ ազդել մարդու վրա` բուժիչ ազդեցություն ունենալով:

Գեոպաթոգեն գոտիները լոկալ անոմալ վայրեր են Երկրի մակերեսի վրա, որտեղ գրանցվում է քիմիական և/կամ ֆիզիկական դաշտերի բարձր ակտիվություն, որոնք համալիր բացասական ազդեցություն են ունենում մարդու և նրա կենսոլորտի վրա:

Պարզվել է, որ մարդու առողջության վրա հատկապես ուժեղ է ազդում ոչ թե գեոպաթոգեն գոտու ամբողջ մակերեսը, այլ դրացք հատումները, այսպես կոչված գեոպաթոգեն «հանգույցները»: Հատկապես վնասակար է այդպիսի հանգույցների առկայությունն այն վայրերում, որտեղ գտնվում է մահճակալի գլխամասը, աթոռի նստատեղը և այլն, որտեղ մարդ բավականին երկար ժամանակ է անցկացնում»: Գեոպաթոգեն ճառագայթման վայրում մարդու երկարատև մնալու դեպքւմ ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները` անքնություն, գիշերային մղձավանջներ, հանգստացած լինելու զգացողության բացակայություն քնից հետո, ընկճախտ, բուժման անարդյունավետություն:

Օրինակ, Հայաստանի նոոսֆերայի և ուռուցքաբանության ինստիտուտների համատեղ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է գեոպաթոգեն գոտու բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Վերցվել է առնետի առողջ թոքային հյուսվածք և տեղադրվել է գեոպաթոգեն «հանգույցում»: Արդյունքում, կարճ ժամանակում բջիջները վերածվել են քաղցկեղային բջիջների:

Բնության մեջ կանոնավոր պաթոգեն գոտիները գլոբալ ցանց են կազմում: Դրանք տեղաբաշխված են ինչպես մերիդիանները գլոբուսի վրա: Իսկ փակ տարածքներում տեղի է ունենում կողմնորոշիչ տարածում պատերին զուգահեռ: Համապատասխանաբար պատերի մոտ գեոպաթոգեն գոտիներն ավելի թանձր են, կենտրոնին մոտ` ավելի նոսր: Ինչով է դա բացատրվում հայտնի չէ: Բացի այդ, գոյություն ունեն լոկալ պաթոգեն հատվածներ, պայմանավորված տեկտոնիկ խզվածքների առկայությամբ, ստորգետնյա փոսերով, գետերի չորացած հունով և այլ գործոններով:

Երկրի վրա չկա այնպիսի վայր, որտեղ ի հայտ չեն գալիս գեոպաթոգեն գոտիներ, դրանք սարդոստայնի նման գոտեվորում են ամբողջ մոլորակը: Ներկայում հայտնի է այդպիսի 2 գլոբալ ցանց` այսպես կոչված Հարթմանի ցանցը, որի վանդակների չափերը 2х2 մ են, և Քարիի ցանց, որի վանդակների կամ բջիջների չափը 6х6 մ է, այն 45 աստիճանի տակ է գտնվում Հարթմանի ցանցի նկատմամբ:

Առավել հաճախ գեոպաթոգեն գոտիներում առկա է ռոդոնի և ռենտգենի պարունակություն: Պաթոգեն գոտիների մեկ այլ տեսակ կապված է առավելապես ֆիզիկական դաշտերի համալիր ազդեցության հետ: Ֆիզիկական պաթոգեն գոտիների տեղում բարձրանում է էլեկտրամագնիսային ճառագայթման մակարդակը:

Կենսատեղաբաշխումը, ինչպես հազարամյակներ առաջ, այսօր ևս «ստորգետնյա չարքերին» հայտնաբերելու բավականին գործուն միջոց է: Սակայն, դրա հետ մեկտեղ արդի գիտությունն ունի տեխնիկական միջոցների ամբողջ անհրաժեշտ արսենալը` հայտնաբերելու համար անոմալ վայրերը: Դա ռադիոչափման մեթոդն է,. կենսաերկրաֆիզիկաքիմիական և երկրաէլեկտրաքիմական քարտեզագրումը:

Մի քանի տարի առաջ հայ գիտնականներին հաջողվեց լուսանկարել «ստորգետնյա չարքերին» հատուկ «լուսանկարչական սարքի» միջոցով: Դա հատուկ սարք է, որի մեջ հատուկ ժապավեն է դրվում, որը հատուկ դիրքով տեղադրվում է գեոպաթոգեն «հանգույցի» մեջ և լուսանկար ստանալ:

Ֆոտո-ինդիկացիայի մեթոդը թույլ է տալիս աչքով տեսնել գեոպաթոգեն հատվածները, դրանց ազդեցության ուղղվածությունը, տարբեր մասերի ինտենսիվությունը, այդ հատվածների արձագանքն արտաքին ազդեցության վրա, օրինակ, արևի ակտիվության, որի ազդեցության դեպքում այդ հատվածներն առավել ագրեսիվ են դառնում»: Այլ կերպ ասած, ֆոտոինդուկցիայի մեթոդն առավել հստակ պատկերացում է տալիս այդպիսի գոտիների մասին:

Գեոպաթոգեն հատվածների լուսանկարները շատ տպավորիչ են և հիշեցնում են գերնոր աստղերի բռնկում կամ գալակտիկ միգամածությունների կուտակումներ: Ահա վառ դեղին գույնի բիծը, որից տարբեր կողմեր են գնում կարմիր ճառագայթները` դա գեոպաթոգեն հանգույց է, որտեղ գերիշխում է ռենտգեն ճառագայթումը: Մուգ կապույտ գույնի ֆիզիկական դաշտերի լուսանկարները սպիատակվուն բծեր ունեն:

Սակայն չնայած նոր տեխնոլոգիաներին, շատ բան մնում է անհայտ: Օրինակ, հայտնի է, որ այդ հատվածներին բնորոշ է ֆիզիկական կամ քիմիական դաշտերի բարձր ֆոնը: Սակայն բոլոր այդ օբյեկտիվ բաղադրիչների առկայությամբ, միևնույն է անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է այդ անոմալ դաշտը չեզոքացվել որոշ գործողությունների դեպքում: Օրինակ, պաթոգեն հատվածը մարում է, եթե նրա վերևում մետաղյա օղակ կախել, կամ շատ կթուլանա, եթե գեոպաթոգեն հանգույցի տեղում ռափանի խխունջ տեղադրել, բուրգի փոքր մոդել և այլն: Այս հարցերը դեռ պատասխան չունեն:

Ակամայից հիշում ես մարդուն ու նրա բնակավայրը մութ ուժերից պաշտպանելու հին սովորույթները, հնում այդ նպատակով տարբեր խորհրդանիշների օգտագործումը: Նույնիսկ հայկական ազգային տարազի տարրերից շատերը, էսթետիկ և սոցիալ-կենցաղային ասպեկտներից բացի, նաև կոդավորված տեղեկություններ են պարունակում այդպիսի պաշտպանության վերաբերյալ: Հնարավոր է, որ գոտիների, գլխաշորերի, գորգերի, հատկապես գորգերի, նախշերում շրջանների, խաչերի, աստղերի, պարույրների առկայությունն ոչ այլ ինչ է, քան հզոր հմայիլ:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---