Ինչպե՞ս պայքարել մահաբեր անօդաչուների դեմ

Ինչպե՞ս պայքարել մահաբեր անօդաչուների դեմ

ՏՏ ոլորտն առաջարկում է իր մեթոդները

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդն ակտիվորեն կիրառեց նաև իսրայելական արտադրության IAI Harop անօդաչու թռչող սարքեր։ Պայթուցիկով համալրված «կամիկաձե» դրոնների մեծ քանակություն ոչնչացվել էր պաշտպանության բանակի կողմից, սակայն զինատեսակը նաև որոշակի վնաս հասցրեց հայկական կողմին։ Մասնավորապես, ապրիլի 4-ին Սիսիանից ռազմաճակատ մեկնող կամավորական խմբի ավտոբուսի վրա հարձակման արդյունքում զոհվեցին ազատամարտիկներ։

PanARMENIAN.Net - Ժամանակակից մարտական անօդաչու թռչող սարքերի դեմ հնարավոր է պայքարել ոչ միայն հակաօդային պաշտպանության միջոցներով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամեն օր ստեղծվում են նոր միջոցներ, որոնք թույլ են տալիս ոչ միայն զրկել դրոնին օպերատորի հետ կապից, այլև անվտանգ կերպով ապահովել սարքի վայրէջքն ու ոչնչացումը կենդանի ուժից մեծ հեռավորության վրա։ Հայաստանի ՏՏ ոլորտը զարգացման բավականին մեծ տեմպերով ի զորու է առաջարկել բանակին սեփական լուծումները, սակայն դրա համար անհրաժեշտ է ոչ միայն հստակ մշակված համատեղ նախագծեր, այլև ամուր հիմքերի վրա դրված համագործակցություն զինված ուժերի հետ։

ՏՏ ոլորտում աշխատող Reflexive Labs ընկերության տնօրեն Գևորգ Կոպալյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեսանկյունից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը բավականին բարդ, սակայն լուծումներ ունեցող խնդիր է։ Կենտրոնական գաղափարն այստեղ այն է, որ ցանկացած հեռակառավարվող սարք ունի օպերատորի հետ հաղորդակցության ճանապարհներ, որոնք կարելի է կամ ուղղակի կտրել, կամ որսալ։

IAI Harop անօդաչու թռչող սարք

«Առաջինը՝ կարելի է ուղղակի փակել ռադիոազդանշանները։ Այդ դեպքում անօդաչուն ուղղակի «կուրանում» է՝ զրկվելով կառավարվող լինելու հնարավորությունից։ Պատճառն այն է, որ սարքը թիրախի կոորդինատները ստանում է GPS-ի միջոցով, և տարբեր արհեստական խոտանների շնորհիվ ռադիոազդանշաններում «աղմուկի» քանակի ավելացումը թույլ է տալիս կասեցնել ուղղակի կապը սարքի և այն կառավարող օպերատորի, կամ ավտոմատ համակարգի միջև։ Այդ նպատակով կիրառվում են տարբեր տեսակի սարքավորումներ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նմանատիպ միջոցներից մեկն է «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայանը։ Այն բաղկացած է հայտնաբերման և թիրախավորման համակարգի 4 ընդունող դիրքից: Համակարգի զգայուն ցուցիչները որսում են թռչող սարքերի ճառագայթումը, ուղարկում են կենտրոնական դիրք, որտեղ դրանք մշակվում են, որից հետո մեծ համակարգչի էկրանին է հայտնվում օդում ստեղծված ամբողջական իրավիճակը: 400 կմ շառավիղով պարզ է դառնում, թե ով, ուր և նույնիսկ ինչ նպատակով է թռչում: Ռուսաստանից վերցված $200 մլն վարկի շրջանակներում նախատեսված է նաև նմանատիպ համակարգերի գնում, սակայն Կոպալյանի համոզմամբ՝ հայաստանյան ՏՏ ընկերությունները լիովին կարող են արտադրել թեև ավելի պարզ ու փոքր, սակայն անօդաչուների դեմ արդյունավետ պայքար մղող այլ սարքավորումներ։ Սակայն այստեղ միայն ՏՏ-ն քիչ է, անհրաժեշտ է նաև ռադիոէլեկտրոնային ոլորտի բարձրակարգ մասնագետների ներգրավվածությունը։

«Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայան

«Երկրորդ միջոցն առավել բարդ է ու կայանում է անօդաչու սարքի և օպերատորի միջև ուղղակի հաղորդակցության միջոցները «կոտրելու» մեջ։ Այս դեպքում ստացվում է լիակատար վերահսկողություն դրոնի նկատմամբ։ Սա բավականին ռեսուրսատար խնդիր է ու պահանջում է ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցություն, սակայն իրագործելի է։ Կան դեպքեր, երբ Իրանի, կամ մեկ այլ երկրի հաքերները կարողացել են հաջողությամբ իրագործել դա։ Կարծում եմ, մեր ՏՏ ոլորտը բավականին ուժեղ է, ունի նման հնարավորություններ ու մասնագետներ։ Մեր պարագայում գործ ունենք իսրայելական արտադրության սարքերի հետ, որոնք ունեն անվտանգության լրացուցիչ համակարգեր․ հետևաբար՝ անհրաժեշտ կլինի կենտրոնացնել ռեսուրսները»,- հավելեց Կոպալյանը։

Ներկայումս Reflexive Labs-ը և մի շարք այլ հայաստանյան ՏՏ ընկերություններ կապեր են հաստատում մյուսների հետ՝ ռեսուրսները կենտրոնացնելու և համագործակցության մեխանիզմներ մշակելու նպատակով՝ հեռանկարում նախանշելով նաև ակտիվ համագործակցություն զինված ուժերի հետ։ Եկել է դրա ժամանակը։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչով փոխարինել հայտնի հավելվածը
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Ինչպես հայ գիտականը ստեղծեց կրիպտոարժույթը պաշտպանող ալգորիթմը
 Ուշադրության կենտրոնում
$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում

$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է

 Բաժնի այլ նյութերը
Միլիոնավոր դոլարների ներդրում և ՀՀ տնտեսության խթանում Հայկական 3 ստարտափ՝ միաեղջյուր դառնալու ճանապարհին
Կորոնավիրուսը՝ համակարգչի «աչքերով» Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում
Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է