Ֆիզիկոսներին խանգարող խայտաքիսը և կյանքի առաջացման առեղծվածը

Ֆիզիկոսներին խանգարող խայտաքիսը և կյանքի առաջացման առեղծվածը

Ապրիլի գլխավոր գիտական իրադարձությունները

Գիտությունն ամեն օր նոր բացահայտումներ է կատարում և դրանց կիրառման նորանոր հնարավորություններ առաջարկում: Սա հավանաբար մարդու գործունեության միակ ոլորտն է, որը չի ճանաչում սահման ու քաղաքականություն` այն պահանջում է միջագային համախմբում և համատեղ աշխատանք: Օրեցօր գիտությունն աշխարհը մի փոքր ավելի լավն է դարձնում` փոփոխելով այն և նոր հնարավորություններ ստեղծելով այս աշխարհը ճանաչելու համար:

PanARMENIAN.Net - Ինչպե՞ս խայտաքիսը խանգարեց ֆիզիկոսների աշխատանքին, և կարո՞ղ է արդյոք եռաչափ տպիչը նկարել Ռեմբրանդտի նման: PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2016-ի ապրիլի առավել ականավոր գիտական իրադարձությունները:

Ֆիզիկա

Ապրիլի վերջը բավականին բարդ էր աշխարհի խոշորագույն գիտական ինստիտուտի`Մեծ ադրոնային կոլայդերի համար: Բարձր էներգետիկայով մասնիկների բախումներով փորձերի հերթական սեանսին խանգարեց էլեկտրականության անսպասելի անջատումը: Ավելի ուշ CERN ներկայացուցիչ Արնո Մարսոլիեն հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել խայտաքիսի պատճառով, որը ծամել է տրանսֆորմատորներից մեկը: Կոլայդերը կարգի բերելու համար որոշ ժամանակ կպահանջվի:

Քվանտային համակարգիչը քվանտային երևույթների վրա հիմնված հաշվիչ սարք է, որը հիանալի ուսումնասիրվել է տեսականորեն: Գործնական տեսակետից նման սարքի ստեղծումը բարդ է, թեև այդ ուղղությամբ հետազոտական խմբերի հսկայական քանակ է աշխատում: Լիարժեք քվանտային համակարգիչը կարող է կատարել գործողություններ, որոնք անհասանելի են ցանկացած այլ հաշվիչ սարքերի համար: Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ներկայացրել են քվանտային պրոցեսորի իրենց տարբերակը, որը կարող է տեղեկատվությունը փոխանցել տարբեր ուղղություններով: Այդ սարքը կարևոր քայլ է քվանտային համակարգչի տվյալների շինայի ստեղծման ճանապարհին, որն, իր հերթին, դասական կառուցվածքի և քվանտային հաշվարկների համադրման հերթական մեխանիզմ է:

Գիտնականների միջազգային խումբը փորձնական ճանապարհով հաստատել է 40 տարի առաջ կանխատեսված նյութի նոր վիճակի գոյությունը, որը հայտնի է որպես քվանտային սպինային հեղուկ: Սովորական մագնիսային նյութում սպիները, որոնք առանձին մասնիկների մագնիսային հատվածներն են, պահում են իրենց ինչպես փոքր մագնիսներ և ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում կանոնակարգված տեսք են ստանում` մի կողմի ուղղությամբ: Միանգամայն այլ կերպ է իրեն դրսևորում քվանտային սպինային հեղուկը, որն այդպես է կոչվում, քանի որ նրանում էլեկտրոնների սպիները «հեղուկ» վիճակում են մնում, այսինքն կանոնակարգված տեսք չեն ստանում նույնիսկ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Տիեզերագնացություն

Աէրոտիեզերական SpaceX ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, սենսացիոն հայտարարություն է արել. ընկերությունը մտադիր է 2018-ին անօդաչու հետազոտական առաքելություն գործուղել Մարս ի դեմս Dragon տիեզերանավի: Red Dragon առաքելությունը ենթադրում է Falcon Heavy կրող հրթիռի և SpaceX Dragon մոդիֆիկացված կապսուլայի կիրառում: Գիտական առաքելությունը պետք է նմուշառում կատարի Մարսի մակերեսից և հասցնի դրանք Երկիր հետազոտման համար:

Առավել հավակնոտ հայտարարություն հնչեցրին միլիարդատեր Յուրի Միլները և ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Նրանք հայտարարել են Breakthrough Starshot նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է տիեզերական սարք ուղարկել դեպի աստղեր 160 մլն կմ/ժ արագությամբ: Ենթադրվում է, որ առաքելությունը կարող է իրականացվել մեկ սերնդի կյանքի տևողության ընթացքում: Հետազոտման և մշակման ծրագրի իրագործման համար, որը կոչված է հաստատելու մի քանի գրամ քաշով նանոապարատին լույսի արագության 20 տոկոսի չափով արագություն հաղորդելու համար լուսային ճառագայթի իմպուլսի կիրառման հայեցակարգը, կներդրվի 100 մլն դոլար: Այդ արագությունով թռիչքը թույլ կտա գործարկումից մոտ 20 տարի անց հասնել Ալֆա Ցենտավրա:

Եվ եթե վերոնշյալ նախագծերը վերաբերում են մոտ ապագային, ապա ապրիլի 9-ի իրադարձությունը համարձակորեն կարելի է հեղափոխություն համարել տիեզերագնացության մեջ: Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը բազում անհաջողություններից հետո առաջին անգամ վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակի վրա:

Կենսաբանություն

Կյանքի առաջացումը Երկրի վրա դարեր շարունակ գիտնականների հետազոտությունների առարկան է: Թեև մոտավոր ընկալում կա, թե որ հանգամանքներն են հանգեցրել առաջին բարդ սպիտակուցների առաջացմանը, ճշգրիտ մեխանիզմը մինչ օրս անհայտ է: Ըստ վերջերս հրատարակված աշխատության, գիտնականների խմբին հաջողվել է լաբորատոր պայմաններում վերարտադրել ռեակցիան, որի արդյունքում հասարակ մոլեկուլները ձևավորել են առավել բարդ կազմավորումներ` «նախա-ՌՆԹ»-ներ: Բանն այն է, որ ժամանակակից գիտական պատկերացումների շրջանակում, կենդանի օրգանիզմները, որոնք այժմ օգտագործում են ԴՆԹ-ն գենետիկ տեղեկատվության պահպանման և փոխանցման համար, նախկինում այդ նպատակով օգտագործել են ՌՆԹ` ռիբոնուկլեինաթթու: ՌՆԹ-ն կարող էր նախատիպ ունենալ, որը կոչվում է ուղղակի «նախա-ՌՆԹ», որն էլ կարող էր դառնալ կյանքի առաջին «աղյուսը»:

Հնէաբանություն

Երկար ժամանակ համարվում էր, որ դինոզավրերի անհետացման պատճառը գլոբալ աղետն է եղել. ամենատարածված տարբերակը Երկիր մոլորակի բախումն է հսկայական երկնաքարի հետ: Ռիդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դինոզավրերի զանգվածային ոչնչացումը սկսվել էր երկնաքարի անկումից շատ տարիներ առաջ և դրա պատճառը ջրի մակարդակի բարձրացումն էր ծովերում և օվկիանոսներում: Դրա արդյունքում տրոհվեց մեծ գերմայրցամաքը, որը ներառում էր Երկրի ամբողջ մայրցամաքային երկրակեղևը, որի հետևանքով առանձնյակները հայտնվեցին մեկուսացման մեջ: Այդ գործընթացների արդյունքում դինոզավրերը մեկուսացան իրարից և չէին կարող բազմանալ նույն տեմպերով:

Բժշկություն

Մինչ օրս կապը Զիկա վիրուսով տառապող հղիների և նորածինների մոտ միկրոցեֆալիայի առկայության միջև, որն արտահայտվում է գանգի և հետևաբար գլխուղեղի չափազանց փոքր չափերով, միայն ենթադրություն էր: ԱՄՆ գիտնականներին հաջողվեց հաստատել, որ միկրոցեֆալիայով կամ գլխուղեղի այլ պաթոլոգիայով երեխայի ծնունդը կապ ունի հղի կնոջ մոտ Զիկա վիրուսի առկայության հետ: «Այժմ դա հաստատ է, CDC-ն պարզել է, որ Զիկա վիրուսն իրոք միկրոցեֆալիայի պատճառ է»,-ասել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և CDC-ի ղեկավար Թոմ Ֆրիդենը:

Տեխնոլոգիաներ

Շատերը կարծում են, թե արհեստական ինտելեկտը, որքան էլ զարգացած լինի, ունակ չէ ստեղծագործելու ինչպես մարդը: Microsoft-ի, Դելֆտի համալսարանի, Մաուրիխցեյսի թագավորական պատկերասրահի և Ամստերդամում Ռեմբրանդտի տուն-թանգարանի մասնագետները ինչ-որ չափով հերքեցին այդ պնդումը: Մեքենայացված ուսուցման հատուկ ալգորիթմը հետազոտել է Ռեմբրանդտի վրձնին պատկանող դիմանկարները` կազմելով «միջինացված տիպիկ դիմանկար»: Բարձր թողունակության եռաչափ տպիչի օգնությամբ հետազոտողները տպել են ստացված դիմանկարը` հաշվի առնելով ներկի շերտերի հաստությունը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---