Հայաստան ջան

Հայաստան ջան

Անկախության տարիներին ստեղծված լավագույն 5 ֆիլմը

Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում հայկական կինոն մի շարք ոչ միանշանակ փոփոխությունների է ենթարկվել: Աստիճանաբար սկսել է ձևավորվել մեյնսթրիմային կինոշուկա, որը, չնայած կինոթատրոններում մեծաքանակ հանդիսատես է հավաքում, այդուհանդերձ, որակական առումով դժվար է այն բարձր գնահատել: Անկախ Հայաստանի կինոն անցնում է վերստին ձևավորման ու կայացման բարդագույն ժամանակահատվածով, սակայն անգամ այս պայմաններում ստեղծվել են իրապես բարձրարվեստ աշխատանքներ:

PanARMENIAN.Net - 25 տարիների ընթացքում մեր երկրում նկարահանված ֆիլմերից PanARMENIAN.Net ն ընտրել է 5 լավագույնը:

«Ուրախ ավտոբուս», 2001թ.

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը հրաշալի ֆիլմեր էր նկարահանում նաև խորհրդային տարիներին: 2001թ-ին էկրաններ բարձրացած «Ուրախ ավտոբուս» մելոդրաման հեղինակի հոգու ճիչն էր` ընդդեմ 1988թ-ից ի վեր Գյումրին, որպես աղետի գոտի, ընկալելուն: Չնայած կտավը պատմում է Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների ու մեծահասակների մասին, այդուհանդերձ, յուրաքանչյուր կադրից ճառագում է այն հույսը, որ մի օր սարսափելի զրկանքների միջով անցած ժողովուրդը կկարողանա հարություն առնել ու արարել սեփական ապագան:

«Տխուր փողոցի լուսաբացը», 2008թ.

2008թ-ին էկրաններ բարձրացած դրամայում Ալբերտ Մկրտչյանը կրկին անդրադառնում է անկախության տարիների փորձություններին` այս անգամ Ղարաբաղյան գոյամարտի կոնտեքստում: Ավերիչ երկրաշարժ տեսած Գյումրիում 90-ականների սկզբներին բավականին ծանր է գոյատևելը. տղամարդիկ մեկնել է ռազմաճակատ, իսկ քաղաքում մնացածները պահպանում են սեփական գոյությունն ` անցնելով հիասթափությունների, երբեմն` տոկունության ճանապարհով` փնտրելով լույս այնտեղ, որտեղ միայն կամքով ուժեղ մարդիկ են կարող այն գտնել:

«Երևան ջան», 2002թ.

Հիվանդացել է Երևանը: Հիվանդացել է այն սիրո պակասից, որն այս քաղաքը քաղաք դարձրեց: Եթե հնարավոր լինի հեռացնել բոլոր ախտերն, ապա Երևանը կմաքրվի, մարդիկ կբարիանան և կսկսեն ստեղծել, կառուցել. սրա մասին է երազում Միքայել Պողոսյանի երաժշտական դրամայի գլխավոր հերոսը` կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հիշատակին նվիրված ֆիլմում: Կտավը պատմում է երևակայական պատմություններ գորշ և անգույն իրականության մասին, որոնք գունավորվում են միայն երաժշտության շնորհիվ, որը կարող է բուժել ցանկացած հիվանդություն:

«Հին հռոմեական ճանապարհին», 2001թ.

Հայաստանի, Նիդեռլանդների ու Գերմանիայի համատեղ արտադրության այս ֆիլմի գլխավոր հերոսը` Լևոնը, կրկին ու կրկին վերապրում է սեփական մանկությունը Թուրքիայում` քաղաքական բռնությունների ու մեծագույն սիրո ֆոնին: Այս ամենը զուգակցվում է ևս մեկ` ժամանակակից պատմությամբ հայ ահաբեկչի ու թուրք գաղտնի գործակալի մասին` վեր հանելով հայ ժողովրդի հարյուրամյա ցավը բռնությամբ լուծելու անհնարինությունն ու արդարությունն այլ ճանապարհներով հաստատելու հրամայականը:

«Թևանիկ», 2014թ.

Ջիվան Ավետիսյանը համարվում է ժամանակակից ամենահեռանկարային երիտասարդ հայ ռեժիսորներից մեկը: Նրա «Թևանիկ» պատերազմական դրաման ջերմորեն ընդունեցին ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի կինոքննադատները: Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ: Ռեժիսորի հակապատերազմական այս մանիֆեստը թարգմանվել է 9 լեզուներով ու ցուցադրվել Երևանում, Հայաստանի մարզերում և քաղաքներում, սահմանամերձ գյուղերում և զինվորական մասերում, ինչպես նաև աշխարհի 20-ից ավելի երկրներում:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---