Երկարակյաց լռակյացը

Երկարակյաց լռակյացը

Նալբանդյանի դիվանագիտությունը մարտի 1-ից մինչև ապրիլյան պատերազմ

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել 2008 թվականի ապրիլի 15-ին: Նա աշխատել է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունների կազմում ու կշարունակի պաշտոնավարել նաև Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ` դառնալով նոր կառավարության ամենաերկարակյաց նախարարը:

PanARMENIAN.Net - PAN-ն ամփոփում է Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման մոտ 8.5 տարվա ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության իրադարձությունները, ձեռքբերումներն ու բացթողումները:

Մարտի 1. 2008-ի մարտի 1-ին Նալբանդյանը դեռ ԱԳ նախարար չէր, բայց ստանալով պաշտոնը՝ հենց նա էր ստիպված «մարսել» դրա ծանր հետևանքները: Դրանցից ամենաբարդը, թերևս, ԵԽԽՎ 2 բանաձևի ընդունումը կասեցնելն էր: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկում էր Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 և 1620 բանաձևերի կատարման հարցը: Նախագծով առաջարկվում էր Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, քանի որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում ասվում էր՝ «հնարավոր է, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ»: Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այդ չարաբաստիկ առաջարկն անվանում էր «Հայաստանի համար ոչ բարենպաստ»։

Այնուամենայնիվ, Նալբանդյանին ու խորհրդարանական դիվանագիտությանը հաջողվեց կասեցնել ՀՀ-ն ձայնից զրկելու գործընթացը:

Հայաստան-Թուրքիա. 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Երևանյան ժամանակով ժամը 20.00-ին նախատեսված արարողությունը տեղի է ունեցել 3 ժամ 16 րոպե ուշացումով։ Ընդ որում, մամուլը գրում էր, որ փաստաթղթի ստորագրումը գրեթե տապալված է եղել, եթե ակտիվորեն չմիջամտեին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները։ Ստորագրման արարողության սկսվելուն սպասող լրագրողների շրջանում լուրեր են տարածվել, որ ստորագրումը ձգձգվում է, քանի որ հայկական կողմը բողոքում է թուրք արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի եզրափակիչ հայտարարության տեքստում ԼՂ վերաբերյալ հիշատակման դեմ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Նալբանդյանը պնդել է, որ Դավուդօղլուի հայտարարության տեքստից դուրս բերվի այն հատվածը, որում նշվում էր, թե Թուրքիայում հայերի ցեղասպանության հիմնախնդրով այսուհետ զբաղվելու է «հատուկ ստեղծված աշխատանքային խումբը»։ Հասկանալով, որ Հայաստանն ու Թուրքիան կանգնած են դիվանագիտական սկանդալի առաջ` Սերգեյ Լավրովը ձեռքն է վերցրել գրիչ, թուղթ ու անգլերեն գրել. «Էդվարդ, համաձայնիր առանց հայտարարությունների արարողության»։ Այդ գրառման տակ, բացի Լավրովից, իրենց ստորագրություններն են դրել նաև Բեռնար Քուշները, Խավիեր Սոլանան և Սամուել Ժբոգարը։ Գրությունը հասցվել է հասցեատիրոջը` Էդվարդ Նալբանդյանին։ Դրանից մեկ ժամ չանցած` ստորագրման արարողությունը տեղի է ունեցել. ԱԳ նախարարները լուռ ստորագրել են և լուռ էլ հեռացել։

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին արդեն նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից:

Հայ-թուրքական հաշտեցման չստացված գործընթացը Նալբանդյանի պաշտոնավարման ամենադինամիկ փուլն էր: Սակայն արդյունքում, թեև՝ ոչ Հայաստանի մեղքով, հարաբերությունները կրկին այնտեղ են, որտեղ էին 8 տարի առաջ, եթե ոչ ավելի խորը հետընթաց են ապրել:

Հայաստան-Հունգարիա. Սաֆարովի արտահանձնումը. 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը 2012-ի օգոստոսի 31-ին արտահանձնվեց Բաքու, որտեղ Իլհամ Ալիևի կողմից ներման և նոր զինվորական կոչման արժանացավ: Նույն օրը ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:

ԱԳՆ-ին մեղադրեցին անգործության մեջ. մասնավորապես, հունգարիայի հայ համայնքից հայտարարություններ հնչեցին, որ ԱԳՆ-ին դեռևս շաբաթներ առաջ նախազգուշացնում էին Սաֆարովի արտահանձնման հնարավորության մասին, սակայն ահազանգներն անարձագանք են մնացել:

«Եթե խոսքը գնում է ճառ ասել, թե զանգ կախել, ես նախընտրում եմ երկրորդը»

2013-ի ապրիլի 17-ին ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում Նալբանդյանը նշել էր, սակայն, որ Հունգարիան այդ ուղղությամբ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Ավելի վաղ հունգարական կողմն էլ շահագրգռություն էր հայտնել դադարեցնելու ՀՀ կողմից միակողմանի կարգով դիվանագիտական հարաբերությունների առկախումը՝ առանց նախապայմանների: Անցել է ավելի քան 3 տարի, սակայն 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերություններն այդպես էլ չեն վերականգնվել:

ԵՄ/ԵՏՄ. 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

2014-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ պայմանագրի, Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ 2015-ի հունվարից:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. նախատեսվում էր, որ 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում էր Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով:

Մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտատարեց, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:

«Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից: Սա քննարկման համար»,- ասել էր Նազարբաևը: Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան են թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք է տվել ԶԼՄ-ներում. անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել:

Եվ կրկին անգամ Էդվարդ Նալբանդյանին ու նրա ղեկավարած գերատեսչությունը մեղադրեցին անգործության մեջ:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նույն տարում հոկտեմբերի վերջին հայտարարեց, թե ԵՏՄ–ին անդամակցելով Հայաստանը չի դադարեցնում գործընկերությունը ԵՄ–ի հետ։

«Ճիշտ հակառակը, ես գտնում եմ, որ այն, ինչի վերաբերյալ մենք համաձայնության ենք եկել Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, այսօր էլ մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում»,– ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն պետք է շարունակեն իրականացնել այն, ինչի մասին պայմանավորվել են Վիլնյուսում:

Հայոց ցեղասպանության ճանաչում և ցեղասպանությունների դեմ պայքար. այն ՀՀ ԱԳՆ քաղաքականության առանցքային հենասյուներից մեկն է: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 10-ից ավելի պետության խորհրդարան, եվրոպական ու ամերիկյան բազմաթիվ քաղաքներ ու նահանգներ հանդես եկան համապատասխան հայտարարութուններով և բանաձևերով, ինչում, բնականաբար, մեծ էր նաև ՀՀ ԱԳՆ իրականացրած հսկայածավալ աշխատանքի դերը: Հիշարժան է նաև 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի հայտարարությունը: Արդյունքում Ցեղասպանությունը ճանաչած պետությունների թիվը 2008-ի 19-ից հասել է 24-ի:

Էդվարդ Նալբանդյանի օրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 9 պետություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը շարունակում է մնալ չլուծված: Այստեղ, ի տարբերության Ցեղասպանության ճանաչման, մենք ոչ միայն առաջ չենք գնացել, այլև գրանցվել է զգալի հետընթաց: Ընդ որում, այն զգալի է գրեթե բոլոր առումներով՝ սկսած տարածքային կորուստներից (Քառօրյա պատերազմի արդյունքում ԼՂՀ տարածքից հայկական կողմը կորցրեց մոտ 800 հա) մինչև դիվանագիտական տարբեր հարթակներ: Օրինակ՝ ԵԽԽՎ-ում քննարկված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ակնհայտ հակահայկական երկու որոշման նախագծերի քննարկումը՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Արդյունքում դրանցից մեկը (Սարսանգի ջրամբարի վերաբերյալ) ընդունվեց: Թեև սա ԱԺ լիազորությունների մեջ մտնող հարց է, ուղղակիորեն առնչվում է նաև ԱԳՆ գործունեությանը կամ, ավելի ճիշտ, անգործությանը: Առաջընթաց չկա նաև Մինսկի խմբի ձևաչափում: Ընդհակառակը, ավելի շատ ու բացահայտ է սկսել շրջանռվել «տարածքների զիջում կարգավիճակի դիմաց» թեզը: Օրերս էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե ԼՂՀ կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը:

Դեսպանատներ

2011 թվականի մարտին Երևանում բացվեց Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը: Մինչև այդ Շվեյցարիայի դիվանագիտական ներկայությունը Հայաստանում ապահովում էր դեսպանության գրասենյակը: Ի դեպ, հենց Նալբանդյանի ժամանակ Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նույն թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության դեսպանատները բացվեցին Կոպենհագենում ու Վիլնյուսում:

2014-ի հունիսին Երևանում բացվեց նաև Շվեդիայի դեսպանատունը:

Ֆրանկոֆոնիա

2004թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դարձել է ՖՄԿ ասոցիացված անդամ։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 3 ասոցիացված և 20 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։

Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Այս կարգավիճակը ձեռք բերելուց անմիջապես հետո` ՀՀ ԱԳ նախարարը նշանակել է Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական` համակարգելու համար Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները: Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարն ակտիվորեն մասնակցություն է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներին, ինչպես նաև Հայաստանի ներկայությունն է ապահովել ֆրանկոֆոն տարբեր խորհրդակցություններին: 2012թ-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որին մասնակցել է ԱԳ նախարար պարոնՆալբանդյանը, Հայաստանը միաձայն կերպով դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը:

ԱԳՆ բյուջեն. 2016-ի համար ՀՀ պետբյուջեից ԱԳՆ-ին հատկացվել է 14.715 մլրդ դրամ, որից 9.5 մլրդ-ն ուղղվում է դեսպանատների և ներկայացուցչությունների պահպանմանը: 2008-ին ԱԳՆ բյուջեն կազմել է ընդամենը 7.9 մլրդ դրամ:

ՀՀ ԱԳՆ բյուջեն 2008-ից 2016 թթ. աճել է 6.7 մլրդ դրամով

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---