Դեմ առ դեմ

Դեմ առ դեմ

Հայերը համաշխարհային ՏՏ ոլորտում

Ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սրընթաց զարգացման մեջ իրենց խոշոր ներդրումն ունեն նաև մեր հայրենակիցները։ Մասնավորապես, «Սիլիկոնյան հովտում» աշխատող բազմաթիվ ընկերություններում ներկայացված են հայազգի աշխատակիցներ, որոնք կարևոր մասնակցություն են ունենում նոր տեխնոլոգիական թրենդների ձևավորման ու զարգացման գործում։

PanARMENIAN.Net - Նրանցից շատերի մասին հայտնի է միայն ոլորտում աշխատող նեղ շրջանակների ներկայացուցիչներին։ Այդ բացը լրացնելու համար PanARMENIAN.Net ը ներկայացնում է համաշխարհային ՏՏ ոլորտում աշխատող, այն զարգացնող հայտնի հայերին։

Նուբար Աֆեյան

Ամերիկահայ վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը Միացյալ Նահանգներում խոշոր ստարտափերի ամենահայտնի հիմնադիրներից մեկն է։ Նրա ղեկավարած Flagship Ventures վենչուրային կազմակերպության միջոցով հիմնադրվել ու կայացել են ավելի քան երեք տասնյակ ընկերություններ, հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատություններ։

Դրանց թվում են կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը, Applera-ն և Celera Genomics-ը։ Աֆեյանը նաև ղեկավարում է Flagship Ventures-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունները։

Տիգրան Սլոյան և Արամ Շատախցյան

Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած CodeFights հարթակի հիմնադիրներն են։ Հարթակը թույլ է տալիս ստուգել ծրագրավորման մասին սեփական գիտելիքներն ու զարգացնել դրանք խաղի միջոցով՝ հակամարտելով այլ խաղացողների հետ ու հղկելով սեփական կարողությունները։

Հաշվի առնելով այն, որ ծրագրավորումը ներկայումս ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, իսկ երիտասարդների ստեղծած հարթակը թույլ է տալիս դեմ առ դեմ մրցակցելով խորացնել սեփական գիտելիքները, CodeFights-ը շատ կարճ ժամանակում դարձավ հանրահռչակ՝ «ձեռնոց նետելով» ոլորտի մյուս հսկաներին։

Վահե Թորոսյան

Microsoft համաշխարհային հսկայի կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանում ընկերության ներկայացվածության ու իրականացվող բազմաբնույթ ծրագրերի հարցում։ 2016թ-ի սեպտեմբերին Թորոսյանը նշանակվեց Microsoft France ընկերության նախագահ՝ դառնալով Եվրոպայում ընկերության իրականացրած քաղաքականությունը կանխորոշող գործիչներից մեկը։

Կարեն Գյուլբուդաղյան

Yahoo! ընկերության ռազմավարական գործընկերության ու բիզնես խթանման հարցերով տնօրեն։ Ընկերությունը Google-ից և Bing-ից հետո ամենահայտնի որոնողական համակարգի սեփականատերն է, իսկ ողջ համացանցում այցելությունների քանակով yahoo.com-ը հինգերորդ վեբ-կայքն է։

2016թ-ի ամռանն ընկերության տնօրենների խորհուրդն ընդունեց ԱՄՆ խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկի՝ Verizon Communications-ի առաջարկը՝ որոնողական և գովազդային բիզնեսը 2017թ-ի առաջին կիսամյակում $4.8 միլիարդով վաճառելու մասին։

Րաֆֆի Գրիգորյան

Հռչակավոր Twitter կարճ հաղորդագրությունների սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը ղեկավարել է ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը:

Այսօր նա ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար: Նախքան Twitter-ին միանալը, Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերությունը, որը Business Week ամսագիրն անվանել էր 2008թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաև O'Reilly Media-ի հրատարակած «TiVo Hacks» գրքի հեղինակն է և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա լաբ»-ի նախկին անդամը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---