Որքանով են կատարվել ՀՀԿ-ի խոստումները

Որքանով են կատարվել ՀՀԿ-ի խոստումները

Թվապատում

2012 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթանակ տարավ հերթական խորհրդարանական ընտրություններում՝ կայուն մեծամասնություն ձևավորելով հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Մի ամիս անց կուսակցության ձևավորած կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ծրագիրը, որն, ինչպես ենթադրվում էր, պիտի դառնար երկրի զարգացման փաստաթուղթը 2013- 2017 թվականներին:

PanARMENIAN.Net - Հիմնականում աբստրակտ ձևակերպումներով հարուստ փաստաթղթում կային նաև կոնկրետ թվերով արտացոլված որոշ տեսլականներ: PAN-ը հաշվել է՝ որքանով է ՀՀԿ-ն կատարել իր խոստումներն ծրագրից մի քանի՝ առավել չափելի նպատակների օրինակով:

ՀՆԱ տարեկան աճ՝ 5-7%-ի չափով

Եթե 2013-16 թվականներին ՀՀ տնտեսությունն աճեր ՀՀԿ խոստացած նվազագույն 5%-ով, 2016-ի համախառն ներքին ծավալը կավելանար 2012-ի համեմատ 21.5%-ով: Խոստացված առավելագույն 7%-անոց աճի դեպքում 2016-ի ավարտին հայկական տնտեսությունը կգերազանցեր 2012-ի ցուցանիշը 29.5%-ով: Փոխարենը՝ 2013-2016 թվականներին տնտեսական աճը կազմել է համապատասխանաբար 3.5%, 3.4%, 3% և 0.5% (2016-ի տվյալները նախնական են): Այսպիսով ՀՀ տնտեսությունը 4 տարում աճել է 10.8%-ով: Դա մոտ 2 անգամ պակաս է ՀՀԿ խոստացած աճի վատագույն ծավալներից ու մոտ 2.7 ագնամ պակաս առավել լավատեսական կանխատեսումից: Համեմատելով «հօգուտ» ՀՀԿ-ի՝ խոստացած նվազագույն աճի տեմպերի հետ, կարելի է եզրակացնել, որ իշխող կուսակցությունը տնտեսական աճի խոստումը կատարվել է ընդամենը 50%-ով:

Օբյեկտիվ պատճառներից մեկը 2014-ին ՌԴ-ում սկսված տնտեսական խնդիրներն են, որոնք բումերանգով հարվածեցին նաև հայկական տնտեսությանը: Սակայն նույնիսկ «նախաճգնաժամային» 2013-ին իշխանությունը չէր կարողացել հասնել խոստացած նվազագույն 5% տնտեսական աճին:

Ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում

ՀՀԿ-ն խոստանում էր, որ 2013-2017 թվականներին արտահանումն աճելու էր ավելի մեծ տեմպերով, քան ներմուծումը. նպատակն արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի կրճատումն էր: Խնդիրը հաջողվել է, սակայն մասամբ: 2012-14 թվականներին առևտրի բացասական հաշվեկշիռը գրեթե անփոփոխ էր մնում՝ տատանվելով 2.83-3 մլրդ միջակայքում, իսկ հաջորդ 2 տարիներին կրճատվեց մինչև 1.509 մլրդ:

Առաջին հայացքից ուրախալի փոփոխության տակ, սակայն, խնդիրներ են թաքնված. մի կողմից, բացասական հաշվեկշիռը կրճատվել է 2016-ին ռեկորդային՝ 1.782 մլրդ արտահանման շնորհիվ: Սակայն նման կրճատման գլխավոր պատճառը 2014-2015 թվականներին ռուսական տնտեսության ցնցումների հետևանքով խոպանից եկող տրանսֆերտների կրճատմումն ու, որպես հետևանք, բնակչության գնողունակության և ներմուծման 20%-անոց անկումն է:

2016-ի արդյունքներով ներմուծումը կազմել է 3.292 մլրդ 2012-ի 4.266 մլրդ դիմաց (22% անկում), արտահանումը նույն տարիներին աճել է 1.428-ից մինչև 1.782 մլրդ՝ 24.8%-ով: Դեկլարատիվ առումով ՀՀԿ խոստումն իրականացել է, սակայն միանշանակ ոչ ՀՀԿ «շնորհիվ» ու ոչ այնպես, ինչպես իշխանությունը կցանկանար: Թերևս, ՀՀԿ-ն ինքն էլ ուրախ կլիներ, եթե իր այդ խոստումն անկատար մնար:

Նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում

2012 թվականին նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 32.500 դրամ, 2016-ին՝ 55.000 դրամ:

Պահանջը չի կատարվել՝ կրկնապատկվելու փոխարեն աշխատավարձն աճել է 69%-ով:

Նվազագույն աշխատավարձը պիտի կազմի աղքատության գծի առնվազն 140%-ը, միջին թոշակը՝ 125%-ը

Աղքատության վերին գիծը Հայաստանում 2015-ին կազմել է 41.698 դրամ, միջին աշխատավարձը՝ 55.000 դրամ կամ աղքատության վերին գծի 132%-ը: Պայմանական շեմը հաղթահարելու համար կպահանջվեր սահմանել 58.377 դրամ նվազագույն աշխատավարձ:

Իսկ միջին կենսաթոշակն անգամ զիջում է աղքատության շեմին՝ 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 40.422 դրամ:

Աղքատության կրճատում 8-10%-ով

2012-ին աղքատ էր ՀՀ բնակչության 32.4%-ը, 2015-ին 29.8%-ը: Նրանցից 10.4%-ը շատ աղքատ են, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ: Խոստումն իրականանալու դեպքում աղքատությունը ՀՀ-ում կկազմեր 22.4-24.4%:

Ի դեպ, ամենացածր աղքատությունը ՀՀ-ում գրանցվել է 2007 թվականին՝ 26.4%:

Առնվազն 100.000 նոր աշխատատեղ

ՀՀ-ում գործազուրկների թիվն, ըստ ԱՎԾ-ի, 2012 թվականի երկրորդ եռամսյակին գրանցված 247.400-ից նվազել է մինչև 226.600՝ 2016-ի երկրորդ եռամսյակում, կրճատվելով 21.000-ով:

Եթե անգամ ենթադրել, որ գործազուրկները չեն արտագաղթել կամ չեն զբաղեցրել արտագաղթածների աշխատատեղերը ու ընդունվել են բացառապես նոր բացված աշխատատեղերի, կստացվի, որ 4 տարում ստեղծվել է 21.000 աշխատատեղեր: Համեմատության համար՝ Վրաստանում 2014 թվականին ստեղծվել է 33.100 աշխատատեղ:

Կարդացեք նաև. Որքան կարժենան «Ծառուկյան» դաշինքի նախընտրական խոստումները

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---