Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

Քլինթոն-Լևինսկի սկանդալը

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

PanARMENIAN.Net - Լուսանկարիչներ Ռոբերտ Բուկատին և Դեն Լոն Պուլիցերյան մրցանակի են արժանացել 1999-ին Associated Press-ում աշխատելիս: Նրանք մրցանակի են արժանացել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և հայցորդ Մոնիկա Լևինսկու սիրավեպի ժամանակաշրջանում արված առանցքային դեմքերի և իրադարձությունների լուսանկարների շարքի համար: Քլինթոն-Լևինսկի սկանդալը ծագեց 1998-ին, երբ հայտնի դարձավ ԱՄՆ 49-ամյա նախագահ Բիլ Քլինթոնի և Սպիտակ տան 22-ամյա աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու միջև սեռական հարաբերությունների մասին: Նրանց հարաբերությունները տևել են 1995-ի նոյեմբերից մինչև 1997-ի մարտ: 1996-ի ապրիլին Լևինսկուն Սպիտակ տնից տեղափոխեցին Պենտագոն, քանի որ նրա վերադասը սկսեց հասկանալ, որ Մոնիկան չափազանց շատ ժամանակ է անցկացնում նախագահի հետ:

© J. Scott Applewhite / Associated Press

Նախագահի հետ հարաբերությունների մասին Մոնիկան պատմել է իր ընկերուհի և աշխատակցուհի Լինդա Թրիփին, իսկ 1997-ի սեպտեմբերից Թրիփը գաղտնի ձայնագրել է Մոնիկայի հետ հեռախոսազրույցները, որոնք առնչվում էին Քլինթոնի հետ սիրավեպին: Ավելի ուշ նա այդ ձայնագրությունները փոխանցել է Քենեթ Սթարին, որը հետաքննում էր այդ գործի հանգամանքները:

Սկզբից և Լևինսկին, և Քլինթոնը ժխտում էին իրենց կապը, թեև երդում էին տվել ճշմարտությունն ասելու, հետո ընդունեցին մեղքն անհերքելի ապացույցների ճնշման տակ, ինչն առիթ տվեց մեղադրելու Քլինթոնին կեղծ վկայություն տալու մեջ և արդյունքում հասցրեց իմփիչմենթի:

Հիլարի Քլինթոնն աջակցում էր ամուսնուն ամբողջ սկանդալային պատմության ընթացքում: Հունվարի 27-ին , NBC-ի Today ծրագրում նա ասել է. «Այստեղ ամեն ցանկացողի համար մեծ պատմություն կա՝ գտնելու, գրելու և բացատրելու այն մեծ աջակողմյան դավադրութունը, որը կար ամուսնուս դեմ այն օրվանից ի վեր, երբ նա հայտարարեց, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին»:

© Susan Walsh / Associated Press

1999-ի հունվարից փետրվարի ընթացքում Քլինթոնի իմփիչմենթի գործը քննարկել է ԱՄՆ Սենատը: Նախագահի հրաժարականի համար պահանջվում էր սենատորների 2/3-ի ձայները (100-ից 67-ի), սակայն կեղծ վկայություն տալու մեղադրանքը մերժվեց 55 ձայնով 45-ի դեմ: Այդպիսով, իմփիչմենթը մերժվեց, Քլինթոնը շարունակեց պաշտոնավարել մինչև նախագահության ժամկետի ավարտը՝ 2001-ի հունվարի 29-ը:

Հայտնվելով քաղաքական սկանդալի կենտրոնում, Մոնիկան բազմաթիվ հարցազրույցներ է տվել, որոնք 70 մլն ամերիկացի է դիտել, իսկ 1999-ին նա հրատարակեց իր կենսագրությունը՝ Monica's Story-ն: Ընդհանուր առմամբ նա մոտ 1.5 մլն դոլար վաստակեց, որի մեծ մասը գնաց իրավաբանական ծառայությունների դիմաց վճարներին:

Մոնիկայի խոստովանությամբ, իր անձի հանդեպ մամուլի սևեռուն ուշադրության շրջանը նա կարողացել է վերապրել գործելու շնորհիվ:

2005-ին, տեսնելով, որ նա դեռ երկար չի կարողանա հանգիստ կյանքով ապրել ԱՄՆ-ում, Մոնիկան տեղափոխվում է Լոնդոն և սովորում Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում՝ հաջողությամբ ատենախոսություն պաշտպանելով 2006-ի դեկտեմբերին: 2014-ի մայիսին, 10 տարի լռելուց հետո, Մոնիկան էսսե է հրապարակում Vanity Fair ամսագրում, որը վերնագրված էր «Ամոթն ու վերապրումը»: Էսսեում նա խոստովանել է, որ խորապես ափսոսում է իր և նախագահի միջև կատարվածի համար:

© Roberto Borea / Associated Press

Լևինսկին նշել է, որ պահեր են եղել, երբ իրեն թվացել է, թե իր հասցեին ծաղրանքները կասեցնելու միակ միջոցը ինքնասպանությունն է: Սակայն, նա իր մեջ ուժ է գտել ապրելու: Մոնիկա Լևինսկին կոչ է արել բոլորին չմասնակցել համացանցային հալածանքներին՝ կարեկից լինելով այլոց հանդեպ:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---