«Եթե այս սերնդի գործերը մնան անավարտ՝ որպես ազգ ու պետություն չենք հաջողելու»

«Եթե այս սերնդի գործերը մնան անավարտ՝ որպես ազգ ու պետություն չենք հաջողելու»

Զոհված բժշկի հարազատները շարունակում են իրագործել նրա երազանքը

Կլինիկական դեղագիտությունը Հայաստանում քիչ տարածված, իսկ Արևմուտքում՝ կարևոր ինստիտուտ է մարդու բուժումը ճշգրիտ կազմակերպելու և կյանքը փրկելու գործում։ ԵՊԲՀ դասախոս Վահե Մելիքսեթյանի համար մասնագիտությունը նաև երազանք էր․ հասնել նրան, որ Հայաստանի առնվազն բոլոր խոշոր հիվանդանոցներում կլինիկական դեղագետ լինի, փրկել ավելի շատ մարդու կյանքն ու առողջությունը։ 2020-ի հոկտեմբերի 8-ին Ջրականում թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա գտնվող զինվորն օգնության կանչեց․ Վահեն շտապեց օգնելու, և ինքն էլ զոհվեց։ Բայց նրա երազանքը շարունակում են կյանքի կոչել ընկերներն ու հարազատները՝ իր անունը կրող հիմնադրամի միջոցով։

PanARMENIAN.Net - Վահեի եղբայր Սարգիսին հանդիպում ենք Նկարիչների միությունում՝ հիմնադրամի օգտին կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքի ընթացքում։ Դահլիճի ամենաերևացող հատվածում Գևորգ Ընծա Բաբախանյանի «Կարմիր տանկն» է։ Ի սկզբանե նկարի վրա ծաղիկ էր, որը երեխա է դառնում։ Սակայն պատերազմի ժամանակ կամ հետո (Սարգիսը կոնկրետ չի հիշում) հեղինակն ավելացրեց կտավի վրա կարմիր տանկը։

«Կարծիք կա, որ նկարիչները դժվարությամբ են բաժանվում իրենց աշխատանքից, ու շատ շատերը զարմանում են, որ արվեստագետները պատրաստակամություն են հայտնել անվճար մեր հիմնադրամին նվիրաբերել իրենց աշխատանքները», - նշում է նա։

Թեև արվեստի գործերի բարեգործական վաճառքներ էլի են եղել, այս մեկն ամենամեծն է իր մասշտաբով: Սարգիսը հույս ունի, որ դա էլ մշակույթ կդառնա, ու հատուկ ընդգծում է արվեստագետների պատրաստակամությունը՝ ցուցահանդեսին մասնակցության հարցում։

Մասնագիտությամբ տնտեսագետ Սարգիսը պատմում է բժիշկ եղբոր աշխատանքի մանրամասները։ Կլինիկական դեղագետը հենց հիվանդանոցում բժշկին օգնում է ճիշտ դեղաբուժման որոշման՝ դոզավորման, դեղի ընտրության և այլ հարցերում։ Արևմուտքում ինստիտուտի շնորհիվ մեծ գումարներ են խնայում, ինչպես նաև փրկում մարդկային կյանքեր, որոնք կարող են խեղվել սխալ դեղաբուժման պատճառով։ Սակայն Հայաստանում կլինիկական դեղագետները բախվում են նրան, որ աշխատանք չկա, և կամ արտագաղթում են, կամ աշխատում ոչ իրենց մասնագիտությամբ։ Սարգիսը նպատակ է դրել աշխատատեղեր ստեղծել ու դրանց անհրաժեշտ քանակով ապահովել որակյալ մասնագետներին։ Կարճաժամկետ ապագայում ակնկալվում է ներդնել մասնագիտությունը խոշոր հիվանդանոցներում, որտեղ բարդ օպերացիաներ են անում, իսկ երկարաժամկետ նպատակն է ինստիտուտը հասցնել ընդհուպ մինչև պոլիկլինիկաներ։

«Մեր ուզելը, իհարկե, քիչ է, ակնկալում ենք պետության գործակցությունը։ Մեծապես կախված է պետությունից ու բուժհաստատություններից, որ կարողանան ճիշտ գնահատել այն, ինչը տարիներ շարունակ Արևմուտքում ներդրվել ու պտուղներն է տվել տարիների ընթացքում», - ասում է նա։

Վերադառնալով ցուցահանդեսին, հարցնում ենք՝ որ նկարն էին ամենաշատը հավանել Սարգիսի ու Վահեի հարազատները։

«Մամային ամենաշատը դուր եկավ այս նկարը», - պատմում է նա՝ ուղեկցելով դեպի Վահե Բաղումյանի «Ծաղկեփունջը»։

Պտտվելով դահլիճով, զրուցում ենք, թե որտեղից գոնե մեկ տարի անց հասարակությունը կարող է ուժ գտնել կյանքի, աշխատանքի, արարման շարունակության համար. «Եթե ես ուժ գտել եմ՝ մյուսներն ուղղակի պարտավոր են։ Պատերազմի ժամանակ բովանդակալից շփվում էի եղբորս հետ։ Մենք պատկերացում չունենք՝ ինչով է անցել զիվորն ու բժիշկը կռվի դաշտում, բայց անգամ այն ժամանակ նա էր ուժ տալիս, ոգևորում սմս-ներով, զանգերով։ Գրում էր, որ չպիտի կոտրվենք, դիրք պահելու հույս կա, հնարավորություն կա։ Ինչքան էլ դժվար ու ցավալի լինի, ես պարտավոր եմ եղբորս կիսատ գործերն ավարտել։ Տեսնում ենք՝ ինչ տաղանդավոր սերունդ ենք կորցրել, ու եթե այս սերնդի գործերը մնան անավարտ, մենք որպես ազգ, հասարակություն, պետություն չենք հաջողելու։ Պարտավոր ենք մեր գործն անել կատարյալ ու ուժ գտնել մեր եղբայրների գործերն ավարտելու։ Եթե բոլորս այդպես անենք, հաղթանակները հետևելու են»:

Դահլիճի աջ հատվածում Պետո Պողոսյանի «Այդ գարունը» աշխատանքն է՝ ցանկացած երևանցու հայտնի, նողկալի ձմեռվա ավարտին Աբովյանի վրա ամեն գարուն ծաղկող 2 ծառը պատկերող նկարը։ Կտավ, որը Սարգիսը, սեփական խոստավանությամբ՝ հաճույքով իր համար էլ կգներ։

Ցուցահանդես-վաճառքը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 22-ը: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ ՀՀ-ում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու համար։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
«ԿինոՊարկը» վերաբացվել է
Ինչ խնդիրներ ունեն հայկական հուշարձանները հետազոտողները
Մաքուր արվեստի ու դրա շուրջ ուրիշ հարցերի մասին
Աստվածային թեմաներից մինչև կենցաղային հարցեր
 Ուշադրության կենտրոնում
ԱԳՆ․ Արցախում վտանգված է մոտ 1500 մշակութային օբյեկտ, այդ թվում՝ 161 եկեղեցի, մոտ 600 խաչքար

ԱԳՆ․ Արցախում վտանգված է մոտ 1500 մշակութային օբյեկտ, այդ թվում՝ 161 եկեղեցի, մոտ 600 խաչքար Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը

 Բաժնի այլ նյութերը
Հարրի Փոթերը 40 տարեկան է Տղա մոխրոտի պատմությունը
«Վանքերից բացի նաև բերդեր ենք կառուցել» Հայաստանը՝ 150-ից ավելի ամրոցի երկիր
Մնալ գորգում փաթաթված, թե դուրս գալ «Մարիան»՝ իսկական ֆեմինիզմի ու իրական ավանդույթի մասին
---