Մասկի նոր թիրախը՝ Երկիր մոլորակում

Մասկի նոր թիրախը՝ Երկիր մոլորակում

Ինչպես ու ինչու է միլիարդատերը փորձում տիրանալ Twitter-ին

Հաճախ պատկերացնում ենք, թե ինչ կանեինք, ուր կգնայիք կամ ինչ կգնեինք, եթե աշխարհի ամենահարուստ մարդը լինեինք: Մինչ մենք երազանքների գրկում ենք, իրականում աշխարհի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել Twitter-ը:

PanARMENIAN.Net - Փորձագետները կարծում են, որ բիզնես տեսանկյունից այս գործարքն Իլոն Մասկի համար շահավետ չի լինի: Փորձենք հասկանալ, թե փողից ավելի թանկ ինչ շահ կարող է ունենալ Մասկը՝ Twitter-ը գնելու դեպքում:

Միլիարդատերերը սովորաբար կղզիներ են գնում, ամսագրեր կամ էլ սպորտային ակումբներ: Իլն Մասկը որոշել է մի ամբողջ սոցիական ցանց գնել: Դրա համար պատրաստ է վճարել մոտ 43 միլիարդ դոլար: Ընդամենը մի քանի օր առաջ նա դարձավ Twitter-ի ամենախոշոր բաժնետերը՝ նրան է պատկանում բաժնետոմսերի 9.2 տոկոսը: Այս գործարքից հետո Twitter-ի բաժնետոմսերը թանկացան մոտ 13 տոկոսով: Մասկն էլ նախ համաձայնեց տնօրենների խորհրդի անդամ դառնալ, հետո՝ հրաժարվեց:

37 միլիարդ դոլարի շուկայական կապիտալ ունեցող ընկերության համար Մասկը 43 միլիարդ է առաջարկում: Ասում է՝ սա լավագույն և վերջնական առաջարկն է, որը մերժելու դեպքում նոր առաջարկներ չի անելու: «Անկանխատեսելի»-ն Մասկի երկրորդ անունն է, հետևաբար մարդիկ չեն շտապում եզրակացություններ անել: Նոր առաջարկները ևս բացառված չեն: Twitter-ի տնօրենների խորհուրդը Մասկի առաջարկին պատասխանեց poison pill-ով: Սա մարտավարություն է, որն ընկերություններն օգտագործում են անցանկալի գնման հայտերից խուսափելու և պոտենցիալ գնորդի համար ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Եթե Twitter-ի որևէ բաժնետեր ձեռք բերի բաժնետոմսերի 15 տոկոս և ավելին առանց խորհրդի համաձայնության, ապա մյուս բաժնետերերին իրավունք կստանան ավելի շատ բաժնետոմսեր գնել՝ զեղչված գնով: Այլ կերպ ասած` Twitter-ի հոգաբարձուների խորհուրդն այս փուլում ասել է՝ «շնորհակալություն, մենք ձեզ կզանգահարենք»: Ի դեպ, եթե Մասկը համաձայներ դառնալ տնօրենների խորհրդի անդամ և միտքը չփոխեր, ապա իրավունք չեր ունենա ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսից ավելին:

Հիմա Մասկը Twitter-ի իր հարթակն օգտագործում է՝ միկրոբլոգի ներկա կարգավորումները քննարկելու և քննադատելու համար: Հայտարարում է, որ այն պետք է մասնավոր ընկերություն դարձնել և նվազեցնել բովանդակության կառավարումը: Մասկն ասում է, որ Twitter-ն ամբողջ աշխարհում ազատ խոսքի հարթակ դառնալու ներուժ ունի, բայց այս տեսքով ու կազմով ընկերությունն այդ ներուժը չի իրագործի:

Հակասություններն առաջ են գալիս հենց այս կետում: Միջազգային լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե որն է ազատ խոսքի՝ Մասկի սահմանումը: Այն, որ Մասկը չի գնում Թվիթերը գումար աշխատելու համար՝ պարզ է, բայց փորձագետներին անհանգստացնում է, թե ազատ խոսքի համար խաչակրաց արշավանքի ֆոնին ինչ հետևանքներ կարող է ունենալ սոցիալական հսկայական ցանցնի միանձնյա ղեկավարումը: Ավելի թերահավատները կարծում են, թե այս կերպ Մասկը փորձում է ավելորդ անգամ ուշադրությունը կենտրոնացնել իր վրա և ամենևին էլ չի պատրաստվում գնել Թվիթերը:

Չնայած հնչող վարկածներին, աշխարհը գրաված ու տիեզերքը գրավելու պլաններով Իլոն Մասկն ասում է, որ ինքը պատրաստվում է ստեղծել մի հարթակ, որը կվայելի մարդկանց մեծամասնության վստահությունը և մեծ ներդրում կլինի քաղաքակրթության ապագայի համար: Մասկը դեմ է Թվիթերի՝ էջերն արգելափակելու քաղաքականությանը: Պնդում է, որ իրական ժողովրդավարության հասնելու միակ միջոցն ազատ խոսքն է, իսկ հանրային դիսկուրսը 21-րդ դարում առաջին հերթին ձևավորվում է սոցիալական ցանցերում: Իրականում Twitter-ի սոցիալական և քաղաքական արժեքն ավելին է, քան դրա բաժնետոմսերի գինը: Թվիթերը գուցե շահավետ բիզնես և գումարներ չբերի, բայց վստահաբար ազդեցության անսահմանափակ լծակներ կարող է տալ: Քաղաքական գործիչներն ու 21-րդ դարի ատոմային նոր ռումբը՝ Influencer-ները, սոցիալական հարթակներն ու մասնավորապես Թվիթերն օգտագործում են սեփական դիսկուրսն առաջ տանելու և այդ ճանապարհին համախոհներ ձեռք բերելու համար: Հաճախ սա անում են ամենահակասական մեթոդներով: Այնքան հակասական, որ Թվիթերն արգելափակում է ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը և մեղադրում ապատեղեկատվություն տարածելու մեջ: Հիմա մտավախություն կա, որ գերհզոր այս գործիքը կհայտնվի մեկ մարդու ձեռքում և այդ դեպքում արդեն երկրորդական է, թե ով է այդ մարդը:

Հանրային կարծիքը ևս կիսված է: Մասկի երկրպագուները ոգևորված են հնարավոր գործարքի լուրից, որոշներն էլ առաջարկում են այդ 43 միլիարդ դոլարը ծախսել օրինակ Շրի Լանկայի արտաքին պարտքը փակելու համար: Իր 82 միլիոն հետևորդներին էլ խոստանում է, որ եթե Թվիթերի հետ այս գործարքը ձախողվի, ինքը նոր սոցիալական ցանց կստեղծի, որը կկարողանա մրցել մյուս մեգախաղացողների հետ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---